Դրսից տղա կանչելու ավանդույթը

27/04/2007 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Եթե նկատել եք, ամեն անգամ ընտրություններից առաջ Հայաստանում «ազգի դավաճաններ» են բացահայտվում։ Այս անգամ այդ դերը բաժին հասավ Արթուր Բաղդասարյանին։ Վերջինս բրիտանացի բարձրաստիճան դիվանագետի հետ «մասնավոր զրույցի» ընթացքում անընդհատ փորձում էր համոզել, որ լավ կլինի, եթե Արեւմուտքը շատ կոշտ հայտարարություններ անի առաջիկա ընտրությունների վերաբերյալ եւ ճնշումներ գործադրի Հայաստանի իշխանությունների վրա։ Ընդհանուր տպավորությունն, իհարկե, նողկալի էր, բայց նկատենք, որ երեւույթը նոր չէ, պարզապես դերակատարներն են փոխվում։

Հիշո՞ւմ եք 1996թ. ընտրությունները։ Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչպես Արշալույս գյուղում տեղի ունեցած «խնջույքի» սղագրությունը հայտնվեց մամուլում։ Հասարակությունն այն ժամանակ ուշադրություն դարձրեց միայն հարցի էկզոտիկ կողմին (Քլինթոնի մոր մասով), մինչդեռ էականը բոլորովին այլ բան էր։ Եթե չեմ սխալվում՝ Վանո Սիրադեղյանն էր ասում, որ միայն ընտրություններից հետո են իրենք պարզել, որ Արեւմուտքն ընդդիմությանը մի 10-12 միլիոն դոլար է տվել, ու այդ գումարի դիմաց ընդդիմությունը Հայաստանը ներքաշել է ցնցումների մեջ, եւ այլն։ Իսկ ընդդիմության կազմը հիշո՞ւմ եք. ՀՅԴ, ԱԺՄ, Դեմկուս եւ այլն։ Հենց այդ ուժերն էին 96-ին «դրսից տղա բերում», ինչի արդյունքում իրենք առանձնապես ոչնչի չհասան (ՀՅԴ-ից բացի), իսկ Հայաստանի միջազգային դիրքերը թուլացան։ Հիմա ԱԺՄ-ն քաղաքական գործընթացներին չի մասնակցում, Դեմկուսը հայացքը հառել է դեպի հյուսիս, իսկ ՀՅԴ-ն ներքաղաքական կայունության ամենաեռանդուն կողմնակիցն է։

Բայց վերադառնանք «Մարկո-Պոլո» սրճարանում «պատահաբար» գաղտնալսված եւ նույնքան «պատահաբար» մամուլում հրապարակված զրույցին։

Իշխանությունների դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է։ Նրանց ասածը մոտավորապես հետեւյալն է. «Այո, մենք կեղծել ենք ընտրությունները եւ շարունակելու ենք կեղծել։ Բայց դուք դրսից մեր վրա տղա մի բերեք, դա դավաճանություն է։ Տղա եք՝ ձեր ուժերով դիմադրեք, իսկ եթե չեք կարողանում, ուրեմն ձեզ հասնում ա։ Չի կարելի մեր կեղտոտ սպիտակեղենն աշխարհին ի ցույց դնել»։ Այս դիրքորոշումն, ի դեպ, նույնպես նորություն չէ։ Իշխանությունները միշտ էլ շանտաժի են ենթարկել ժողովրդին՝ սպառնալով, թե «եթե ընդդիմությունը շատ ակտիվանա ու խարխլի ներքաղաքական կայունությունը, դա բացասաբար կանդրադառնա ղարաբաղյան խնդրի վրա, հետեւաբար՝ իշխանությունների դեմ բողոքի ցանկացած ակցիա թիկունքից հարված է Ղարաբաղին»։ Նկատենք, որ այս պարզունակ շանտաժը հաճախ բավականին լավ էֆեկտ է ունենում, եւ «կառուցողական ընդդիմությունը» սիրով ընդունում է խաղի կանոնները։

Հիմա անդրադառնանք Արթուր Բաղդասարյանին։ Բանն այն է, որ ամբողջ այս պատմության մեջ երկու կոնցեպտուալ սխալ կա։ Առաջին՝ Արեւմուտքը թքած ունի Հայաստանի ժողովրդավարացման վրա, նրան այդ հարցն առանձնապես չի հետաքրքրում։ Նրանք երբեմն այդ մասին հայտարարում են բաց տեքստով. շեշտում են, որ իրենց ոչ այնքան ժողովրդավարության մակարդակն է հետաքրքրում, որքան ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Այսինքն, Արթուր Բաղդասարյանը սխալ հասցեով է դիմում. ընտրակեղծիքների մասին նրա գանգատներն Արեւմուտքին չեն հետաքրքրում։ Իսկ երկրորդ «թյուրիմացությունն» այն է, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակը Արթուր Բաղդասարյանին նույնպես չի հետաքրքրում։ Իմաստ չունի հիշեցնելը, թե 2004-ին հատկապես որ հիմնարկի տարածքից ոստիկանները հարձակվեցին ժողովրդի վրա։ Դրա փոխարեն կհիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների խայտառակ հանրաքվեից հետո ՕԵԿ-ն առանձնապես չբողոքեց, իսկ Հեղինե Բիշարյանն ընդհանրապես հայտարարում է, թե ինքը բաց է քվեարկելու։ Այսինքն՝ ՕԵԿ-ի «փորացավը» ժողովրդավարական ընտրությունները չեն։ Պարզապես այս անգամ նրանք փորձում են Ազգային ժողով մտնել ոչ թե իշխանությունների «դաբրոյով», այլ Արեւմուտքի ճնշումների շնորհիվ։

Լավ չեն անում իհարկե, բայց վստահ ենք, որ այստեղ «ազգի դավաճանության» կամ «պետական գաղտնիքի հրապարակման» մասին խոսք լինել չի կարող։ Ի՞նչ գաղտնիքի մասին է խոսքը։ Ո՞վ չգիտի, որ իշխանությունները կեղծում են ընտրությունները։ Փողոցում մոտեցեք 12 տարեկանից բարձր ցանկացած երեխայի, եւ նա ձեզ մանրամասն կպատմի, թե որ կուսակցությունն ինչ ընտրակաշառք է բաժանում, թե ինչ արժե հեռուստաեթերը, թե ովքեր են իրենց ծնողների անձնագրերը հավաքում, եւ այլն։ Այնպես որ՝ Արթուր Բաղդասարյանին կարելի է մեղադրել ընդամենը սխալ մարտավարություն ընտրելու համար։ Նա «արեւմտյան տիպի ժողովրդավարական լիդերի» հայտ է ներկայացրել՝ առանց հասկանալու, որ Արեւմուտքին դա չի հետաքրքրում։ Արդյունքում՝ անհարմար վիճակի մեջ է հայտնվել։

Ընդ որում, ամբողջ այս պատմությունն առանձնապես սեւ PR չէ ՕԵԿ-ի դեմ։ Ավելի շուտ՝ սեւ PR է Հայաստանի նկատմամբ Արեւմուտքի քաղաքականության դեմ։ Իսկ սա արդեն շատ ավելի լուրջ է։