Նախընտրական հարկեր

27/04/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ՀՀ Հարկային պետական ծառայությունը հրապարակել է 2007թ. առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Այս ցանկը միշտ հետաքրքիր է եղել եւ հատկապես՝ անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատության մեջ: Առաջին հայացքից ցանկում էական փոփոխություններ չեն նկատվում: Առաջին եռյակը գրեթե միշտ զբաղեցնում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «ԱրմենՏելը» եւ «ՀայՌուսգազարդը», թեպետ նրանք յուրաքանչյուր եռամսյակ փոխում են իրենց տեղերը:

Օրինակ, անցած տարի առաջինը «Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն» էր, այս տարի՝ «ՀայՌուսգազարդը»: Մյուս խոշոր ընկերություններն էլ կամ մի քանի սանդղակով առաջ են եկել, կամ ետ են ընկել: Սակայն եթե այդ ցանկն ընդունենք ոչ թե որպես պետական, այլ որպես քաղաքական փաստաթուղթ, կտեսնենք, որ եղած փոփոխություններն էլ բավականին հետաքրքիր են: Եվ այն կանխատեսումը, թե Ազգային ժողովի ընտրություններն ազդելու են վճարվող հարկերի չափերի վրա, կարծես թե իրականություն է դառնում: Որոշ խոշոր գործարարներ այս տարի անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կտրուկ կրճատել են վճարվող հարկերի չափը: Դրանք հատկապես այն գործարարներն են, ովքեր ինչ-որ կերպ կապ ունեն ԱԺ-ի հետ՝ կամ իրենք են պատգամավոր, կամ էլ իրենց որդին ու որեւէ այլ հարազատը: Իսկ ընդհանուր առմամբ՝ գործարարների մեծ մասը նաեւ որեւէ կուսակցության անդամ է: Պարզ է, որ այդ գործարարներն ընտրությունների համար պետք է ֆինանսներ տրամադրեն իրենց կուսակցությանը: Այդ միջոցներով կազմակերպվում է քարոզարշավ, բաժանվում են ընտրակաշառքներ: Հատկապես այս տարի, երբ ասում են, թե մեկ ընտրողի հաշվով ընտրակաշառքը տատանվում է 10.000-20.000 դրամի սահմաններում: Հավանաբար, այս ծախսերն են պատճառը, որ պատգամավոր կամ կուսակցական խոշոր հարկատուներն այս տարվա առաջին եռամսյակում պակասեցրել են իրենց հարկերի չափը: Կարող ենք նաեւ պնդել, որ այս ընտրությունների ստվերային ծախսերն արվում են պետական բյուջեի հաշվին, բյուջեից փող թաքցնելով, նույնն է թե՝ գողանալով: Ճիշտ է, ընդունված կարծիք կա, թե մեր տնտեսությունը կիսով չափ գործում է ստվերում, սակայն նախընտրական շրջանում խոշոր գործարարներն աշխատում են ավելի շատ թաքցնել:

Այսպես, թիվ 1 խոշոր հարկատու Վարդանյանների ընտանիքը գրեթե բոլոր բիզնեսներում կրճատել է հարկերի չափը: Եթե ծխախոտ արտադրող «Գրանդ տոբակո» ընկերությունը անցած տարվա առաջին եռամսյակում վճարել է մոտ 1 մլրդ 98 մլն դրամ, ապա այս տարի՝ 887 մլն դրամ: Այսինքն՝ 210 մլն դրամով պակաս: Մոտ 100 մլն դրամով պակաս է վճարել Վարդանյանների ընտանիքին պատկանող մյուս ընկերությունը՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը»: Իսկ «Մասիս Տոբակո» հայ-հունական ընկերությունը հարկերի չափը պակասեցրել է 4 անգամ. եթե անցած տարի վճարել էր մոտ 108 մլն դրամ, ապա այս տարի՝ 26 մլն դրամ: Հիշեցնենք, որ Հրանտ Վարդանյանի մեծ որդին՝ Միքայել Վարդանյանը մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրել Նոյեմբերյանի թիվ 40 ընտրատարածքում: Իսկ փոքր որդին ընդգրկված է Դաշնակցության համամասնական ցուցակում: Այնպես որ՝ առաջիկա ընտրություններին Վարդանյանների ընտանիքին շատ փող է պետք:

Նույն պատկերն է նաեւ Միխայիլ Բաղդասարովի մոտ: Նրան պատկանող «Միկա Արմենիա Թրեյդինգ» ընկերությունն անցած տարվա 655 մլն դրամի փոխարեն այս տարի վճարել է ընդամենը 283 մլն դրամ: Նրան պատկանող «Արմավիան» հարկերը պակասեցրել է կես մլն դրամի չափով: Այն դեպքում, երբ այդ ընկերությունը համարվում է ազգային փոխադրող եւ ունի բացառիկ մենաշնորհային իրավունքներ: Վիճակագրական ծառայություններն ամեն տարի հրապարակում են, թե Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակը տարեցտարի ավելանում է, մեր հայրենակիցներն ավելի շատ են մեկնում արտերկիր: Բացի այդ, «Արմավիայի» ուղեւորատոմսերի արժեքն արտերկրից Հայաստան չվերթեր կատարող ընկերությունների տոմսերի արժեքից ավելի բարձր է: Սակայն այսպիսի պայմաններում անգամ այդ ընկերության հասույթը, նաեւ վճարած հարկերը չեն ավելանում: Ուրեմն՝ կամ այդ ընկերությունը թաքցնում է հարկերը, կամ էլ՝ ուղեւորները դժգոհ են նրա ծառայության որակից ու թանկությունից եւ օգտվում են արտասահմանյան ավիաընկերությունների թռիչքներից: Սա արդեն խոսակցության այլ թեմա է:

61 մլն դրամով քիչ հարկ է վճարել Սուքիասյանների ընտանիքին պատկանող, ծխախոտ ներմուծող «Պարես Արմենիա» ընկերությունը: Սակայն դրան հակառակ՝ Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկը» եւ «Նարեկ» տոնավաճառն ավելացրել են հարկերի չափը՝ առաջինը 100 մլն դրամի չափով, երկրորդը՝ 22 մլն դրամի չափով: Այս ընտանիքին պատկանող «Բջնի» գործարանը վճարել է 44 մլն, «Զովքը»՝ 13 մլն: Սակայն այս ընկերություններն անցյալ տարվա 300 խոշոր հարկատուների ցանկում չկային, դրա համար էլ հնարավոր չէ տարբերությունը նշել:

Նույն վիճակն է նաեւ Ծառուկյանների ընտանիքին պատկանող ընկերությունների մոտ: Եթե այս տարի «Մուլտի գրուպ կոնցեռնը» վճարել է 10,5 մլն դրամ, ապա անցած տարի վճարել էր 71 մլն դրամ: Դրան հակառակ՝ «Մուլտի գազը» մոտ 39 մլն դրամով ավելացրել է իր հարկերի չափը: Հետաքրքիր առաջընթաց կա Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների պարագայում՝ Նրա «Սալեքս գրուփ», «Նատալի ֆարմ» եւ «Ֆլիտֆուդ» ընկերություններն այս տարի վճարել են 2,7 մլրդ դրամի հարկ՝ անցած տարվա նույն ժամանակաընթացքի 1,1 մլրդի փոխարեն: Թեպետ հասարակությունը հակված է այն մտքին, որ այս գործարար պատգամավորն էլ թաքցնում է հարկերի մի մասը:

Ավելի «փոքր» մասշտաբի գործարարների մոտ էլ ակնառու տեղաշարժեր կան: Օրինակ, Արսենյաններին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերությունը նույնպես այս տարի քչացրել է իր հարկերի չափը: Անցած տարի վճարել է 94 մլն դրամ, այս տարի՝ 64 մլն: Բավականին հետաքրքիր տվյալներ կան «Երեւանի շամպայն գինիների գործարանի դեպքում»: Ընկերությունը անցած տարի վճարել է 225 մլն դրամի հարկ, այս տարի՝ ընդամենը 84 մլն: Հիշեցնենք, որ այս գործարանը պատկանում է «Հայկական միջազգային ավիաուղիներ» ընկերության սեփականատեր Վերսանդ Հակոբյանին, ով այս տարի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել Շենգավիթ համայնքում: Ընտրությունների համար պարոն Հակոբյանին էլ շատ փող է պետք: Օրերս մամուլում հրապարակում եղավ, թե նա Արշակ Սադոյանին 50.000 դոլար է տվել, որպեսզի վերջինս հանի իր թեկնածությունը նույն ընտրատարածքից:

Երբ երկու տարի առաջ առաջին անգամ հրապարակվում էր խոշոր հարկատուների ցանկը, Հարկային ծառայության ղեկավարները համոզված էին եւ բոլորին էլ համոզում էին, թե երբ հայտնի դառնա, թե ով որքան հարկ է վճարում, վճարողները կամաչեն եւ կամաց-կամաց դուրս կգան ստվերից: Բայց, ինչպես տեսնում եք, այս ցանկը չծառայեց իր նպատակին: Թեպետ մեզ համար հետաքրքիր է իմանալ, թե ով ինչքան է վճարում եւ թաքցնում: