Հանրային սեփականությունը բոլորինն է եւ ոչ մեկինը

27/04/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

1998 թվականին Հայաստան է ներկրվել Լոնդոնում տպագրված վաուչերների երկրորդ թողարկումը, որն այդպես էլ չի բաժանվել բնակչությանը: Տպագրված վաուչերները սկզբից պահեստավորվել են «Հայփոստի» նկուղներում, իսկ հիմա ենթադրվում է, որ դրանք հանձնվել են Կենտրոնական բանկին:

Վաուչերներն անգամ անվանական արժեք չեն ստացել: Հայտնի է, որ մեկ վաուչերի տպագրական ծախսը կազմել է 10 դրամ: Ֆինանսական շուկայում այս մասին քչերն են տեղյակ եւ դեռ հույսով սպասում են վաուչերների երկրորդ թողարկմանը: Ինչո՞ւ է կասեցվել վաուչերների բաժանումը, մինչ այս հարցի պատասխանին անցնելը, թերեւս ընթերցողներին հիշեցնենք գործի նախապատմությունը:

1994թ.-ին Հայաստանում ընդունվել է «Սեփականաշնորհման մասին» օրենքը: Հանրային սեփականություն համարվող գույքից պետությունը պետք է բաժին հաներ բնակչությանը։ Հետխորհրդային երկրներին առաջարկվեց բնակչության բաժինը վերադարձնել վաուչերների մեխանիզմով: 1994-ին որոշվեց պետական ունեցվածքի 30 տոկոսը վաուչերների տեսքով բաժանել ժողովրդին: Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը, ով այդ տարիներին ակտիվ մասնակցել է այս գործընթացներին, նշում է, որ սեփականաշնորհումն իրականացրել են 1/3-ի սկզբունքով: «Աշխարհի շատ երկրներում այսպես են վարվում նաեւ պարգեւատրումներ տալիս` այն չպետք է գերազանցի 1/3-ը: Սոցիալիստական ճամբարի 27 երկրներ, բացի Հունգարիայից, հանրային ունեցվածքի համակարգից շուկայականի անցման ճանապարհին կիրառեցին վաուչերներով սեփականաշնորհման տարբերակը: Այլ բան է, որ որոշ երկրներ շատ կարճ ժամանակամիջոցում անցան այն, իսկ որոշ երկրներ էլ, օրինակ՝ Չինաստանն այս գործընթացը բավականին դանդաղ անցավ: Այս երկրի գաղափարախոսությունն էր՝ եղածը չքանդել, այլ կառուցել եղածի վրա: Սրա շնորհիվ է, որ Չինաստանն, ունի բարձր տնտեսական աճ»,- ասում է Ա. Մարկոսյանը: Այս տեղեկատվությունը համարենք ճանաչողական եւ հավելենք, որ Հայաստանում վաուչերներ ստացան բոլորը: Տպագրվել էր մոտ 3.2մլն հատ վաուչեր, 10 հազար դրամ անվանական արժեքով: Ստացվում է, որ պետությունն իր 30 տոկոս ունեցվածքը նախնական գնահատել էր 32մլրդ դրամ: Միջին եւ խոշոր ձեռնարկությունների բաժնետոմսերից էլ 20 տոկոս անվարձահատույց տրվեց աշխատանքային կոլեկտիվներին: 1995-ին կառավարության մի որոշմամբ էլ՝ բռնադատվածները ստացան մեկական ավելի վաուչեր: Պետական մարմիններն այս տարբերակումը բացատրում են նրանով, որ բռնադատվածներին ինչ-որ իմաստով կարելի է նաեւ տուժածներ համարել: Բնական է, որ այդ տարիներին պետական գույքի ճշգրիտ հաշվարկներ հնարավոր չէր անել, եւ սեփականաշնորհման ժամանակ մասնավորեցվող ընկերության բաժնետոմսերի մեկնարկային գինը կարող էր անհամեմատ բարձր լինել` կախված գնորդների առաջարկից: Ուստի՝ հետագայում որոշվեց, որ շուկան է գնահատում ապրանքի գինը: 1995-ին սեփականաշնորհված 10 առաջին ձեռնարկությունների մեկնարկային գինն աճեց 3 անգամ, որով էլ պայմանավորված վաուչերների անվանական արժեքը սահմանվեց 20 հազար դրամ: Ենթադրվեց, որ առկա գույքն ավելին արժեր, քան գնահատվել էր: Նշենք նաեւ, որ վաուչերների բիզնեսը ժամանակին բավականին եկամտաբեր էր համարվում, եւ բնական է, որ բոլորը չէ, որ ձգտելու էին սեփականատեր դառնալ: Շուկայում թույլատրվում էր վաուչերների ազատ առքուվաճառք, եւ վաուչերները հայտնվեցին ունեւոր մի հատվածի ձեռքին: Այսպիսով, կարելի է կառավարության սեփականատերեր ստեղծելու ծրագիրը կայացած համարել: Կառավարությունը ձեռնարկությունների բաժնետոմսերի 20 տոկոս անվարձահատույցի հատկացումով լուծեց նաեւ մոտ 280 հազար սեփականատեր ունենալու հարցը: Նշենք, որ սոցիալիստական հասարակարգից կապիտալիստականին անցնելու նախապայմաններով էր վարկավորում միջազգային դոնոր կազմակերպությունը` Համաշխարհային բանկը: Նոր սեփականատերերի բազմապատկումը մեծացնում էր վարկային ծրագրերի հավանականությունը:

Հետաքրքիրն այն է, որ Հայաստանի այդ տարիների վարչապետ Հրանտ Բագրատյանի սեփականաշնորհման ծրագիրը եւ՛ համակիրները, եւ՛ հակակիրներն այսօր պարտադիր եւ անհրաժեշտ պայման են համարում: Աշոտ Մարկոսյանի գնահատմամբ, Հայաստանը շուկայական տնտեսության մոտ 40 տոկոսն անցել է վաուչերներով: Ձեռնպահ մնանք այն չարչրկված խնդրից, թե այդ տարիներին գործարանները սեփականաշնորհվեցին մի քանի վաուչերով, քանի որ առկա է հակընդդեմ հարցադրումը` իսկ եթե մնային, դրանից ի՞նչ կշահեր պետությունը: Երբեմն սեփականատիրոջ համար շատ ավելի ձեռնտու էր առանձին-առանձին վաճառել ձեռնարկության հաստոցները եւ եկամուտ ստանալ` քան վնասներ կրել՝ ձեռնարկության պահպանման ծախսերը հոգալով: Ըստ Պետական գույքի կառավարման վարչության տվյալների, 2006թ.-ի դրությամբ՝ պետական գույքի վաճառքի մասնաբաժնում 64մլրդ դրամը բաժին է ընկնում վաուչերներին, եւ 80մլրդ դրամի գործարք էլ կատարվել է դրամով: Պետգույքի մասնավորեցումից առաջացած միջոցները պետք է ծախսվեին ծրագրավորված` 60 տոկոս պետք է ներդրվեր տնտեսության մեջ, 10 տոկոս՝ ուղղվեր աղետի գոտու վերականգնմանը, 10 տոկոս բնապահպանական խնդիրներին եւ 20 տոկոս էլ՝ ավանդների վերադարձին: Սակայն այս ծրագիրը իրողություն չդարձավ, քանի որ պետական բյուջեի դեֆիցիտի ծածկման համար այլ միջոցներ չէին գտնվում: Վաուչերը որպես վճարման միջոց՝ շրջանառությունից հանվեց 1998 թվականից: Ինչպես արդեն նշեցինք, տպագրվեց վաուչերների երկրորդ խմբաքանակը, ինչը հաստատեց նաեւ մեր զրուցակից Աշոտ Մարկոսյանը: «1998-ին քաղաքական որոշում ընդունվեց, որ գնում ենք շուկայական տնտեսության, սակայն առանց վաուչերների: Այս ծրագիրը հաստատվել է ժողովրդի ընտրյալ ԱԺ-ի կողմից»,- մեկնաբանում է Ա. Մարկոսյանը: Պարզ ձեւակերպմամբ կարելի է ասել, որ որոշ անձանց փող էր պետք: Այդ ժամանակ երկրի նորընտիր նախագահն էր Ռոբերտ Քոչարյանը, եւ այս որոշումը կարելի է նրա ձեռքբերումների շարքից համարել: Այդ տարիներին էլ սկսեցին խոսել բյուջեի մուտքերի մեծացման ու երկնիշ տնտեսական աճի մասին, ինչն այսօր էլ տնտեսագետների համար հավերժ քննարկման նյութ է դարձել: «Ինչ կորցրեց ժողովուրդը» ընդհանրական մեր հարցին տնտեսագետ Մարկոսյանը պատասխանում է` «ժողովրդին հարցրեք»:

Միայն 1998 թվականից հետո սեփականաշնորհվեցին պետական շահութաբեր ձեռնարկությունները: Քիչ չէին սեփականաշնորհման իմաստը հասկացած այն լավատեսները, ովքեր այս անգամ իրենց վաուչերները կներդնեին պետականից մասնավոր գնացող այդ միավորներում: Այս շարքից հիշատակենք «Հայկական ավիաուղիները», «Կոնյակի գործարանը», «Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատը», Հայաստանի ողջ ընդերքը եւ այլն: Սակայն այստեղ էլ դժվարություններ կան, քանի որ շահութաբեր ձեռնարկությունները պետական ծրագրերով միանգամից չէ, որ դրվում են մասնավորեցման, եւ ֆիզիկապես անհնար է, որ ողջ ժողովուրդը կարողանա միանգամից ներդրում անել: Պետական այս ծրագրի նախահիմքերում աշխատած մեր զրուցակիցը նշում է, որ շահութաբերի համբավ ձեռք բերած «Կոնյակի» գործարանը, մինչ մասնավորեցնելը, 3 տարի անընդմեջ սեփական պարտքերը փակելու համար պետական բյուջեից ստացել է 5մլն դոլար, 7մլն դոլար էլ՝ «Հայկական ավիաուղիներն» է ստացել, մինչեւ մասնավորեցվելը: Սա նշանակում է, որ պետական կառավարումը էֆեկտիվ լինել չի կարող: Իսկ ահա մեկ այլ տնտեսագետի գնահատմամբ, ով աշխատանքային դիրքի պատճառով չցանկացավ իր անունը նշել, վաուչերը փող չի դառնում, որովհետեւ կապիտալի շուկա չկա: «Տեսնում են, որ արժեթղթերի շուկայի բնականոն պահանջով չեն փոխվում, ասենք, բանկի բաժնետերերը, ստիպված բանկի անունն են փոխում: Ասենք, «Արդշինբանկը» դարձնում են «Արդշինինվեստբանկ»: Կազմակերպությունը պետք է մնա` փոխվեն բաժնետերերը: Սա է կապիտալի շուկայի պահանջը»: