Ձյան հետեւանքները հետո կերեւան

27/04/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Վերջին օրերի ցուրտը եւ ամբողջ հանրապետությունով մեկ տեղացած առատ ձյունը նույնիսկ կատակելու առիթ է դարձել, թե՝ տեսեք` այս տարի ձմեռն ինչքան շուտ եկավ: Օդերեւութաբաններն ու գյուղացիները հիշում են, որ վերջին անգամ գարնան երկրորդ կեսին սառնամանիք է գրանցվել 1980թ. ապրիլի 16-ին: Իսկ այս տարի ամբողջ ապրիլը նշանավորվեց սառը եղանակով եւ անընդհատ անձրեւային տեղումներով, որը վերջին օրերին փոխվեց ձյան:

Ապրիլին մի քանի օր տաք եղանակ է եղել, եւ այդ ընթացքում գյուղացիները հասցրել են բացել խաղողի վազերը: Գյուղացիները համոզված են, որ վերջին օրերի ցուրտը «կպել» է հատկապես վաղահաս ու սեղանի «սորտի» խաղողի վազերին: Այգեպանները համոզված են, որ ցուրտը վնասել է նաեւ հարթավայրերի ծիրանենիներին, որոնք արդեն հասցրել էին ծաղկել: Մինչդեռ Գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաները համոզում են, թե դեռեւս ոչ մի լուրջ վնաս չի եղել: Ճիշտ է, կարտոֆիլի նոր դուրս եկած ծիլերը մրսել եւ սեւացել են, բայց դեռ այնքան չեն հասունացել, որ բերքը վնաս կրի: Տաք եղանակի դեպքում կարտոֆիլի ցանքատարածությունները շուտ կվերականգնվեն: Գյուղնախարարության Բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը հավատացնում է, որ չեն տուժել նաեւ աշնանացանի ցանքատարածությունները: Նրա ասելով՝ չեն տուժել նաեւ դեղձենիների եւ մյուս տեսակի այգիները: Մինչդեռ Գյուղնախարարության պատասխանատուների կարծիքներից ու հավաստիացումներից անկախ, Արարատյան դաշտի գյուղացիները համոզված են, որ ապրիլյան խստաշունչ եղանակն իր սեւ գործն արդեն արել է: Եվ եթե նույնիսկ այսուհետ բարենպաստ ջերմաստիճան լինի, ապա իրենց այգիներն ու ցանքատարածություններն առաջին հարվածը ստացել են, ինչը հետո անպայման ազդելու է բերքատվության վրա: Գ.Պետրոսյանն ասում է, թե այս օրերին որոշ չափով տուժել են հիմնականում կաղամբի սածիլները: Իսկ վերջնական պատկերը պարզ կլինի մի քանի օրից հետո միայն:

«Ես կիրակի օրը շրջել եմ ողջ Արարատյան դաշտով եւ ոչ մի լուրջ խնդիր չեմ տեսել,- ասում է պարոն Պետրոսյանը: -Ծիրանենիները դեռ չեն փոշոտվել, իսկ դեղձենիներն էլ նոր-նոր են պայթում: Ինչ վերաբերում է բարձրադիր վայրերին, ապա այնտեղ դեռ բուսականության կենսական պրոցեսները շատ չեն ակտիվացել եւ ցրտահարության մասին խոսք լինել չի կարող: Բայց այս ձյան ու սառը եղանակի հետեւանքը կարող ենք լիարժեք գնահատել մի քանի օրից հետո: Դեռ շուտ է գնահատականներ տալ»:

Իսկ ընդհանուր առմամբ` գյուղատնտեսական տարին այս տարի ետ է ընկել ավելի քան երկու շաբաթով: Օդերեւութաբաններն էլ ահազանգում են, թե` գարնան ջերմությանը մայիսից շուտ չսպասեք, այսինքն՝ տեղումներն ու սառը ջերմությունը դեռ մեկ շաբաթ էլ կպահպանվեն: Դա արդեն խուճապ է առաջացրել գյուղացիների շրջանում: Եթե նույնիսկ այսօրվանից սկսած տեղումներ չլինեն, ապա մեկ շաբաթ հետո նոր հողը մշակվելու վիճակին կգա: Դա կուշացնի ու հետո ժամանակի առումով կխտացնի բոլոր աշխատանքները: Սա՝ Արարատյան դաշտում: Իսկ բարձրադիր վայրերում գյուղատնտեսական տարին ավելի ուշ կսկսվի: Այս մտքից խուճապահար են նաեւ անասնապահ գյուղացիները, որովհետեւ վերջանում է անասնակերը: Նրանք կեր են կուտակել կոնկրետ ժամանակաշրջանի համար եւ հաշվարկել են, որ անասունը պետք է արոտի դուրս գար ապրիլի կեսերից: Սակայն հիմա հույս չունեն, թե դա հնարավոր կլինի գոնե մայիսի սկզբին, իսկ անասնակերը շատերի մոտ արդեն վերջացել է: Դա` այն դեպքում, որ անցած տարի երաշտ էր, ու անասնակեր գտնելու խնդիրը կար դեռեւս օգոստոս ամսից:

Երեքշաբթի օրը 35-40 սմ ձյուն է եկել Գեղարքունիքի մարզում, 20-25 սմ Կոտայքում, մի այդքան էլ նստել է Լոռիում: Օդերեւութաբանները չեն բացառում, որ մի «թեթեւ» էլ սառնամանիք լինի: Վտանգ կա, որ հարթավայրային հատվածներում սառն ամպերը ներքեւ իջնեն եւ երկար մնան: Այս դեպքում ցրտահարությունն արդեն անխուսափելի կլինի: Գյուղացիները նաեւ կատակում են, թե այս ցուրտ եղանակը քաղաքական գործիչների պատվերն է, ու նրանց սրտով է: «Եթե եղանակը լավ լիներ, ու գյուղացին դաշտում աշխատելիս լիներ, ապա նրանց քարոզարշավներին մարդ չէր հավաքվի,- ասում է աշտարակցի Աշոտը: -Տունը պարապ նստած նեղսրտում ենք, դրա համար էլ դուրս ենք գալիս գյուղամեջ ու ականջ դնում նրանց»: