Երեք տարեկան Կարինեի քնաթաթախ աչքերն անմիջապես փայլ են ստանում, երբ սենյակ է մտնում հայրը` Խաչիկը: Փոքրիկը ցատկելով նստում է հոր գրկին ու ամուր գրկում նրա պարանոցը:
«Շատ է սիրում ինձ: Երեխաներս ամենաթանկ բանն են իմ կյանքում,- ասում է Խաչիկն ու կաշկանդվելով, որ խոսելիս շփոթվում ու խառնվում է իրար, ինքն իրեն արդարացնում է,- Ես մի քիչ վատառողջ եմ, դրա համար էլ խոսելուց սենց լարվում եմ»: Խաչիկն առաջին կարգի հաշմանդամություն ունի. տառապում է հոգեկան հիվանդությամբ: Վարդաշենի Արհեստագործական ուսումնարանին պատկանող հանրակացարանի բնակիչները 26-ամյա այս երիտասարդին շատ պատկառանքով են վերաբերվում եւ վստահեցնում են, որ նա շատ կարդացած, գրագետ մարդ է: Խաչիկի հարեւանները սրտի ցավով են պատմում, թե ինչպես է նա ժամանակ առ ժամանակ դառնում նյարդային, ագրեսիվ ու հոգեկան անհավասարակշռությունն այլեւս չկարողանալով հաղթահարել` ստիպված է լինում տեղափոխվել հոգեբուժարան: Ասում է` «Շատ էի սիրում կարդալ, երազում էի սովորել, լավ մասնագետ դառնալ, բայց էս հիվանդությունից հետո դեղորայք եմ խմում ու չեմ կարողանում գիրք վերցնել ձեռքս, չի ստացվում կարդալ: Ինչ հիվանդացել եմ` ոչ մի գիրք չեմ կարդացել»,- ափսոսանքով անկեղծանում է նա: Կինը` Արեւիկը, ամուսնու խոսքերից հուզվելով՝ գլուխը խոնարհում ու աչքերը լցնում է: Հարցնում եմ` «Ի՞նչ եղավ»: Արեւիկը չի կարողանում խոսել, հեռանում է սենյակից՝ ամուսնուց թաքուն մի քիչ սիրտը թեթեւացնելու: Խաչիկն ասում է` «Դե՛, աղջիկ է, շատ է նեղվում մեր էս վիճակից: Ո՞ր մի աղջիկը կուզենար սենց պրոբլեմների մեջ ապրել»: Արեւիկն ու Խաչիկը 2 երեխա են մեծացնում եւ հաճախ փակուղու առաջ են կանգնում, քանի որ տանն աշխատող չկա: «Ես շատ եմ ուզում նորմալ մարդկանց նման աշխատել, ընտանիք պահել, բայց…»,- բայց չի կարող, որովհետեւ անցյալ տարի շինարարության վրա աշխատելիս այս երիտասարդն ինֆարկտ է ստացել: «Բանվորություն անելուց, դե՛, ծանր աշխատանք էր, ինֆարկտը խփեց, ոչինչ չեմ հիշում, տարել են վերակենդանացման բաժին, հոգեկան հիվանդությունը քիչ էր, մի հատ էլ էդ դժբախտությունն եղավ: Հիմա ինձ չի կարելի ծանր աշխատանք»,- պատմում է Խաչիկը, ով մութ ու ցուրտ տարիների ժամանակաշրջանում վախերի պատճառով սկսել է ձայներ լսել, ու աչքին տեսիլքներ են երեւացել: Ասում է, որ դրան հաջորդել է պապիկի մահը, հուղարկավորության արարողության ժամանակ վախն ավելի է խորացել, եւ ինքը մեկուսացել է մարդկանցից: Խաչիկն ասում է, որ թեեւ ինքը բժշկական փաստաթղթերով համարվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի, այդուհանդերձ, ինքնակամ գնացել է ծառայելու: «Ուզում էի բոլոր տղաների պես հայրենիքիս համար լավ բան անել: Իմ կամքով եմ գնացել, չնայած ազատված էի»,- պատմում է նա, ով Դիլիջանի զորամասում գրագիր է եղել: Ծառայության ընթացքում մի օր հրամանատարը ներս է մտել, սակայն Խաչիկը ոտքի չի կանգնել եւ «պատիվ» չի առել. «Ինքը նոր հրամանատար էր, քաղաքացիական հագուստով էր, որ ներս մտավ` ես չգիտեի, որ հրամանատար է, դրա համար էլ պատիվ չառա: Շատ խմած էր, շատ ուժեղ հարվածով խփեց գլխիս, ու ոնց որ խախտվեի: Դրանից հետո ինձ տեղափոխեցին հոսպիտալ, 3 օր Կիրովականում պառկեցի, բայց ոչ մեկին, իմ հարազատներին չէի ճանաչում»,- վերհիշելով իր հետ կատարվածը` նյարդային շարժումներով պատմում է Խաչիկը, ով խնդրում է թեման փոխել, քանի որ հիշողություններն իրեն ահավոր ցավեցնում են:
Խաչիկն ուզում է մի քիչ լավ բաներից խոսել, սակայն երկար մտածելուց հետո կրկին սկսում է պատմել ներկայիս իր դժվարություններից: Տխրում է, որ իր կյանքում չկա մի լավ բան, որի մասին կարող է պատմել, ու որի մասին խոսելիս Արեւիկը թաքուն լաց չի լինի: Խաչիկն 1-ին կարգի հաշմանդամության համար ստանում է 19.000 դրամ թոշակ, իսկ «Փարոսից» ստանում են 15.000 դրամ նպաստ: Երիտասարդ այս ընտանիքը գոյատեւում է 34.000 դրամով, իսկ հանրակացարանի սենյակի պայմաններն ահավոր են: 2 փոքրիկ երեխաները մշտապես հագնում են հարազատների տված հին հագուստները, իսկ Արեւիկն ամբողջ ձմեռը հաղթահարել է ամառային կոշիկներով: 34.000 դրամ եկամտով այս ընտանիքի փոքրիկը` Կարինեն, տառապում է սակավարյունությամբ: 3 տարեկան այս երեխային, արդեն տեւական ժամանակ է, տանում են բժշկի: Արեւիկն ասում է` «Բժիշկն ասում է, որ երեխայի արյունը պակաս է: Ասել է, որ պիտի մսեղեն շատ ուտի»: Փոքրիկ Կարինեն շատ հյուծված է, իսկ մեծը` Մարինեն, ամուր գրկել է մորն ու անշարժ լսում է ծնողների խոսակցությունը:
Արեւիկն ու Խաչիկը նորաստեղծ ընտանիք են, սակայն նրանց հայացքների հոգնածությունը բնորոշ է ծեր ու հոգնած մարդկանց: Չնայած Խաչիկի առողջական խնդիրներին` Արեւիկը սիրել է նրան, ամուսնացել ու ընտանիք է կազմել:
Արեւիկը գրեթե ոչինչ չի խոսում, բայց ոչ թե չի խոսում, որովհետեւ ասելիք չկա, այլ, պարզապես շատ հպարտ կին է: Արեւիկի մեջ հայ կնոջ կերպարը շատ ընդգծված է, նա խոնարհ ու լուռ է, սակայն աչքերն ու ջղաձգված պարանոցն ամեն ինչ ասում են: