ԱԺ ընտրություններին մասնակցող 24 կուսակցություններից ու 1 դաշինքից նախընտրական ծախսերի համար անհրաժեշտ հիմնադրամ ունի ընդամենը 20-ը: Նախընտրական հիմնադրամ ընդհանրապես չի բացել Հայաստանի Մարքսիստական կուսակցությունը: Ազգային համաձայնություն, Հայաստանի առաջադիմական, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան եւ Քրիստոնեա-ժողովրդական «Վերածնունդ» կուսակցությունները թեեւ ստեղծել են նախընտրական հիմնադրամներ, սակայն դրանցում չկա ոչ դրամական մուտք, ոչ էլ ծախս: Ըստ «Ա1+»-ի, ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացված տվյալների համաձայն՝ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին դրամական ամենամեծ ծավալով գնում է ՀՀԿ-ն՝ նախընտրական հիմնադրամում ունենալով 54 միլիոն 600 հազար դրամ: Նախընտրական շրջանի համար հատկացված մեծ գումարներով այնուհետեւ աչքի են ընկնում ՀՅԴ-ն՝ 45 միլիոն 150 հազար դրամով, «Բարգավաճ Հայաստանը»՝ 32 միլիոն 650 հազարով, «Ազգային Միաբանությունը»՝ 21 միլիոն 850 հազար դրամով: Առաջին հնգյակը եզրափակում է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը, որի նախընտրական հիմնադրամ մուտքագրվել է 20 միլիոն 750 հազար դրամ: ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության պետ Արա Հարությունյանի տվյալներով՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում կուսակցությունների կողմից ընդհանուր առմամբ արդեն ծախսվել է 207 միլիոն դրամ: ՀԺԿ-ն արդեն հիմնադրամում չունի ոչ մի լումա. նախընտրական հիմնադրամի 1 միլիոն 750 հազար դրամն էլ ծախսվել է: ԿԸՀ ներկայացված հաշվետվության համաձայն, ՀԺԿ-ն ողջ գումարը ծախսել է գովազդի վրա: ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության պետ Արա Հարությունյանը չի ժխտել այն փաստը, որ որոշ դեպքերում ծախսերի հաշվետվությունը կուսակցությունների կողմից ճիշտ չի ներկայացվում: Ըստ նրա, ծախսերն անվերահսկելի են համերգների, հրավառությունների կազմակերպման, վառելիքի ձեռքբերման, սննդի եւ այլ տնտեսական ծախսեր իրականացնելիս: ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը, սակայն, իրավասու չէ համապատասխան արձագանքի արժանացնել իրականությանը չհամապատասխանող կուսակցության կողմից ԿԸՀ ներկայացված ծախսային հաշվետվությունը: Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին, ապա նրանց նախընտրական հիմնադրամներից «ամենահարուստները» հետեւյալն են. 5 միլիոն 500 դրամով առաջին տեղում է թիվ 3 ընտրատարածքում առաջադրված Աշոտ Տոնոյանը, թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Խաչատուր Սուքիասյանը նախընտրական արշավի համար ունի ուղիղ 5 միլիոն դրամ, 4 միլիոն 950 հազար դրամով նրանց հաջորդում է թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Ռուբեն Հայրապետյանը, 4 միլիոն 870 հազար դրամ իր նախընտրական հիմնադրամում ունի թիվ 38 ընտրատարածքում առաջադրված Վահե Հակոբյանը: 3 միլիոն դրամից ավելի իրենց հիմնադրամներում ունեն Հարություն Փամբուկյանը, Հայրապետ Հայրապետյանը, ովքեր միմյանց դեմ մրցելու են թիվ 6 ընտրատարածքում, եւ թիվ 37 ընտրատարածքում առաջադրված Ալեքսանդր Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի եղբայրը: