Բելառուսները Հայաստանում բնակվող այն ազգային փոքրամասնություններից են, որոնց թիվը մի քանի հարյուրի սահմաններում է: Եթե 1989թ. Հայաստանում գրանցվել է 1061 բելառուս, ապա վերջին` 2001թ. մարդահամարի տվյալներով, նրանց թիվը 257 է: Ներկայումս նրանց շարքերն ավելի են նոսրացել. Հայաստանի բելառուսական համայնքում այս պահին գրացված է 170 մարդ:
Բելառուսներից շատերը, բնականաբար, մեկնել են իրենց հայրենիք` Բելառուս, որտեղ կա նաեւ մեծ հայկական համայնք: 2007թ. ապրիլի դրությամբ, այնտեղ բնակվում է 10 հազարից ավելի հայ, այսինքն, անհամեմատ ավելի շատ, քան Հայաստանում բելառուսներն են: Հայաստանի բելառուսները հիմնականում քաղաքաբնակներ են, բնակվում են Երեւանում, Աբովյանում, Վանաձորում, Եղեգնաձորում, Գյումրիում, Կապանում, նաեւ Չարենցավանում: Հայաստանաբնակ բելառուսների միջավայրում զգալի է հավատացյալների տեսակարար կշիռը. նրանք հաճախում են Երեւանի Քանաքեռ թաղամասի ռուսական ուղղափառ եկեղեցի: Կարինա Շամրայը Բելառուսի քաղաքացի է, 12 տարի ապրել է Բելառուսում, բայց կնքվել է Հայ Առաքելական եկեղեցում: Նա ծնվել եւ ապրել է Հայաստանում: Եվ կարծում է, որ բելառուսներն, առանց մեծ տարբերակում դնելու, զուգահեռաբար այցելում են նաեւ հայկական եկեղեցի: Կարինա Շամրայի երակներում հոսում է 3 տարբեր ազգերի արյուն` ռուս, բելառուս եւ հայ, ինչը, նրա կարծիքով, միայն դրական է անդրադառնում հետագա սերունդների վրա: «Խառնածիններն ավելի գեղեցիկ են լինում եւ տաղանդավոր»,- կարծում է նա: Կարինան, ով համակարգում է տեղի բելառուս համայնքի մշակութային միջոցառումները, հիշում է, որ խորհրդային տարիներին բելառուսների միջէթնիկ ամուսնությունները հայերի հետ մեծ տարածում են ունեցել: Բելառուսները Հայաստանում բնակություն են հաստատել նաեւ արտագնա աշխատանքի հետեւանքով, մանավանդ՝ թեթեւ արդյունաբերության ճյուղի գործարաններում աշխատելու նպատակով եկածները: Արդեն երկար տարիներ Երեւանի Ա. Պուշկինի անվան դպրոցում գործում է բելառուսական կիրակնօրյա հատուկ դասարան, որտեղ կամավորական սկզբունքով ուսուցանվում է բելառուսերեն, բելառուս ժողովրդի պատմությունը, մշակույթը` երգերն ու պարերը, հատուկ ուշադրություն է դարձվում ազգային տոնակատարությունների, փառատոների նախապատրաստական աշխատանքներին: Ներկա դրությամբ, կիրակնօրյա դպրոց է հաճախում 7 աշակերտ: Ինչպես ցանկացած ազգային փոքրամասնություն, բելառուսները նույնպես, հավատարիմ են իրենց ակունքներին: Համայնքը, օրինակ, անցյալ տարի Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում` Բուժականում, մեծ շուքով նշել է իր ազգային տոնը` «Գուկանիե վեսնի», որը խորհրդանշում է գարնանամուտը: Ամանորին, հունվարի 7-14-ը, որը համընկնում է ձմեռային արձակուրդներին, համայնքի անդամներն անցկացնում են նաեւ «Կալյադկի» կոչվող տոնը, որի ժամանակ տարբեր հեքիաթների հերոսների տեսքով, երեխաները կերպարանափոխվում են այնպես, որ լիովին անճանաչելի դառնան, հետո այցելում են միմյանց, շնորհավորում, նվերներ տալիս: Այս տարի Մեծ Զատիկի նախօրեին, Հայաստանի սակավաթիվ բելառուսները տոնել են նաեւ «Մասլենիցա»-ն` Բարեկենդանը: Այդ օրերին համայնքի տարեց ազգաբնակչության կողմից թխվում են «բլիններ»: Բարեկենդանը նրանց մոտ վերածվում է ուրախ երգուպարով ուղեկցվող հանդիսության: «Անցյալ տարի Բելառուսում պետականորեն հայտարարված էր մայրերին նվիրված տարի, որի կապակցությամբ համեստ միջոցառում էր կազմակերպվել նաեւ այստեղ: Մենք այդ տարվա շրջանակներում երախտագիտության տուրք տվեցինք մեր մայրերին եւ տատիկներին»,- ասում է Կարինա Շամրայը: Իսկ 2007-ը Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյի կողմից հայտարարված է երեխաների տարի, որի շրջանակներում համայնքը նախատեսել է միջոցառումներ: «Ես շատ ցանկանում եմ, որ մեր սերունդները տեղեկացված լինեն նաեւ Հայաստանի մշակույթին: Երեխաների համար կազմակերպելու ենք արշավներ դեպի Հայաստանի տեսարժան վայրեր: Իրենց տպավորությունները երեխաները կարտահայտեն նկարների միջոցով: Ցուցահանդեսը կկոչվի «Հայաստանը՝ բելառուս երեխաների աչքերով»,- տեղեկացնում է համայնքի ներկայացուցիչը: Անցյալ տարի դեկտեմբերին Ծաղկաձորում անցկացված երիտասարդական փառատոնին իրենց մասնակցությունն են բերել նաեւ բելառուս համայնքի մինչեւ 25 տարեկան պատանիները, որոնք ներկայացրել են ինչպես իրենց ազգային հագուստը, այնպես էլ՝ ազգային խոհանոցը:
Առանց կարտոֆիլի սեղան չեն գցում
Կ. Շամրայն ասում է, որ բելառուսական խոհանոցն աշխարհին հայտնի է հիմնականում կարտոֆիլից պատրաստված բազմազան ճաշատեսակներով: Մեկ ամսվա մեջ յուրաքանչյուր բելառուս օգտագործում է միջինը 70 կգ կարտոֆիլ: Անկասկած, սա ռեկորդային թիվ է. բելառուսներն իրենց կարտոֆիլակերությամբ գերազանցում են նաեւ մեր ապարանցիներին: «Առանց կարտոֆիլի բելառուսները սեղան չեն գցում: Նրանք կարտոֆիլից 100 տեսակ կերակուր են պատրաստում»,- ասում է Կ. Շամրայը: Դրանցից լայն կիրառում ունեցողը կոչվում է «դրաննիկի». այն տարբեր միջուկներով լցոնված կարտոֆիլե բլիթ է: Բելառուսներն իրենց ազգային խոհանոցում մեծ տեղ են հատկացնում նաեւ կվասին: Այն ավանդական սլավոնական կվասից տարբերվում է նրանով, որ պատրաստվում է կեչու հյութի եւ չոր մրգերի` վայրի տանձի, խնձորի, չամիչի խառնուրդից: Տիկին Շամրայի հավաստմամբ, բելառուսական կվասն անչափ համեղ է եւ օգտագործվում է բուժական նպատակներով: «Բելառուս մեկնածները սիրում են նաեւ իրենց հետ Հայաստան բերել լոռամրգահատի օշարակ: Այս հատապտուղն աճում է Բելառուսի ճահիճներում, եւ մեծ կիրառում ունի տեղացիների կողմից, որն, ի դեպ, երիկամային հիվանդությունների ժամանակ անկրկնելի դարման է»,- ասում է Կարինան: Շատ հայտնի է նաեւ բելառուսական մաչանկան, որը պատրաստում են խոզի մսից եւ բանջարեղենից: Ամանորին բելառուսները պարտադիր թխում են մի գաթա, որը կոչվում է «խվորոստ», իսկ Զատիկին պարտադիր պատրաստվում են ամենատարբեր չափսերի եւ խորիզներով խաչով նշագրված կուլիչներ: Չամիչով կուլիչները նախատեսված են երեխաների համար: Ի տարբերություն հայերի, բելառուսները Զատիկին պատրաստում են նաեւ քամած կաթնաշոռով թխվածք. քաղցրահամ խմորին տրվում է բուրգի տեսք, ինչը խորհրդանշում է Գողգոթա լեռը, որտեղ խաչ է բարձրացվել Հիսուս Քրիստոսը:
Հարսանեկան ասեղնագործած սրբիչն՝ իբրեւ սուրբ մասունք
«Բելառուսները շատ բարի եւ մեծահոգի ազգ են»,- նկատում է համայնքի ներկայացուցիչը: Հայաստանում բնակվող բելառուսներն անմիջական կապերի մեջ են իրենց հայրենիքի հետ. մշտական այցելությունները սովորական երեւույթ են: «Բելավիա» ավիաընկերության սահմանած արտոնությունների շնորհիվ համայնքի անդամներն իրավունք ունեն 50% զեղչով տարին մեկ անգամ մեկնել հայրենիք, իսկ մինչեւ 25 տարեկանների համար գործում է մշտական 25% զեղչային համակարգ: Բելառուսական պետությունը նաեւ բարձրագույն ուսումնառությունը շարունակելու մեծ հնարավորություն է տալիս սփյուռքի իր հայրենակիցներին:
Բելառուսները Հայաստանում միմյանց հետ հաղորդակցվում են ռուսերենով, որն, ի դեպ, Բելառուսում երկրորդ պետական լեզվի կարգավիճակ ունի: Խառնամուսնական ընտանիքների մեծ մասում հիմնական խոսակցական լեզուն հայերենն է: Կարելի է ասել, որ չափահաս բելառուսական բնակչության միջավայրում լայն տարածում ունի հայ-ռուսական երկլեզվությունը: Գաղտնիք չէ, որ բելառուսական ազգային զգեստները՝ տարազը, աչքի է ընկնում վառ գույներով ասեղնագործված նախշերով, որոնք հիմա շատ մոդայիկ են: Կարինա Շամրայն ասում է, որ բելառուս աղջիկներն ու կանայք իրենց տանը պարտադիր ունենում են ասեղնագործված սրբիչներ, սփռոցներ, թաշկինակներ, անձեռոցիկներ, որոնք շատ հաճախ հիշատակ են մնում տան ավագների կողմից` մորից, տատիկից: Բելառուսական կենցաղում գոյություն ունի, այսպես կոչվող, հարսանեկան ասեղնագործած սրբիչ, որը պետք է ամուսնացող աղջկա մոտ իբրեւ ամենասուրբ թալիսման պահպանվի ողջ կյանքի ընթացքում:
Հայաստանի բելառուսական համայնքն այնպիսի ծրագրեր է նախաձեռնում, որի արդյունքում հետագա սերունդները գործնականում կարողանան հաղորդակցվել բելառուսական լեզվին, մշակույթին, ավանդույթներին, մշակույթին, ճարտարապետությանը: «Երիտասարդները մեծ հաճույքով են համաձայնում կրել ազգային հանդերձանք, կատարել ազգային երգեր ու պարեր»,- ասում է համայնքի մշակութային գծով պատասխանատու Կարինա Շամրայը: