Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը» դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ «Պետության կարիքների համար վերցվող օտարման գոտիներում բնակվող բնակիչներից համապատասխան փաստաթղթեր պահանջելու» հայցադիմումով: Խոսքն Ամիրյան 4/16 եւ 4/18 շենքերի մասին է: Ընդ որում, Ամիրյան 4/16 շենքի սեփականատերը «Արժանապատվություն» կուսակցության նախագահ Լյուդմիլա Հարությունյանն է: Հայցադիմումը ներկայացվել է ինչպես Լյուդմիլա Հարությունյանի, այնպես էլ` 8 այլ բնակիչների դեմ: Բնակիչների համար ԾԻԳ-ի ներկայացրած հայցադիմումն անհասկանալի է: Նրանք պնդում են, որ ԾԻԳ-ի ներկայացրած հայցն անհիմն է այն պարզ պատճառով, որ այն հակասում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի մի շարք հոդվածների, եւ մեկ առ մեկ նշում բոլոր այն օրենքները, որոնք խախտել է ԾԻԳ-ն իր հայցադիմումով: «Ըստ ներկայացված հայցադիմումի հողամասը վերցվում է պետության կարիքների համար, այսինքն այդ մասին մեզ պետք է տեղեկացներ ՀՀ Կառավարությունը եւ առնվազն մեկ տարի առաջ»: Մինչդեռ բնակիչներն այդ մասին տեղեկացել են ընդամենը օրեր առաջ, դատարանի ծանուցագրից: Բացի այդ՝ «Ըստ ՀՀ Քաղօրենսգրքի 218 հոդվածի 1-ին կետի հողամասը պետության կարիքների համար վերցնելու դեպքում դրա գինը հատուցում է պետությունը, այսինքն տվյալ դեպքում իրավահարաբերության կողմ կարող է լինել միայն պետությունը, ուստի ԾԻԳ-ը պատշաճ հայցվոր չէ, եւ չի էլ կարող լինել նաեւ այն պատճառով, որ ներկայացնում է ոչ թե պետության, այլ մասնավոր կառուցապատողի շահերը»: Մասնավոր կառուցապատողը Վարդենիսի նախկին ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանն է, որի էլիտար կառույցի տխուր հետեւանքներին անդրադարձել ենք մեր թերթի նախորդ համարում: Փաստորեն, «պետության կարիքների համար»` նշանակում է` Մելիք Գասպարյանի կարիքների համար։ 2004 թվականի օգոստոսի 19-ին Մելիք Գասպարյանն ու ԾԻԳ-ը պայմանագիր են կնքել առ այն, որ «Հանձնակատարը (ԾԻԳ-ը) պարտավորվում է Հանձնարարողի (Մելիք Գասպարյան) անունից եւ նրա հաշվին կատարել Երեւանի Գլխավոր պողոտային հարակից իրացման աշխատանքների կազմակերպումը եւ կատարումը»:
Ըստ Քաղաքացիական օրենսգրքի 283 հոդվածի, որեւէ տարածքի օգտագործումն այլ նպատակներով անհնար է, քանի դեռ տվյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքները դադարեցված չեն: Իսկ նշյալ հասցեների սեփականատերերի իրավունքները դադարեցված չեն։ Եվ այնուամենայնիվ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը վճռել է բավարարել ԾԻԳ-ի պահանջը: Ամիրյան 4/16 հասցեի սեփականատեր Լյուդմիլա Հարությունյանն ասում է. «Դատական այս պրոցեսը ես համարում եմ բնակիչներին վախեցնելու գործընթաց, որովհետեւ, կարող էին, չէ՞, գալ, մեզ հետ մարդավարի խոսել, ասել, որ պետությունն այստեղ ծրագրեր ունի իրականացնելու, իսկ մենք խանգարում ենք: Սակայն իրենք միանգամից մեզ դատի են տվել: Կառավարությունը եթե նման որոշում է ընդունել, պարտավոր էր մեզ հետ համաձայնության գալ, մինչդեռ գործը դրել են ԾԻԳ-Մելիք Գասպարյան հարթությունում: Ես Մելիք Գասպարյանին չեմ ճանաչում, ԾԻԳ տեսած չկամ, ես չգիտեմ՝ ինչ է ԾԻԳ-ը: Դատարանը մեզ հարց է տալիս՝ ո՞վ եք դուք, բայց ԾԻԳ-ին մի հատ չի հարցնում, թե ինքն ով է: Ես ոչ թե դեմ եմ ԾԻԳ-ին պահանջված փաստաթղթերը ներկայացնելուն, այլ չեմ հասկանում՝ ինչ իրավունքով է նա դրանք ինձանից պահանջում, այն էլ՝ դատարանի միջոցով: Հետո էլ դատարանն առաջարկում է հաշտվել ԾԻԳ-ի հետ, ասում եմ՝ ես ոչ մի բանից տեղյակ չեմ, ինչո՞ւ պիտի ինչ-որ մեկի հետ հաշտվեմ»:
Լ. Հարությունյանի սեփականությունն, ի դեպ, 19-րդ դարի կառույց է՝ «Ճանաչված որպես պատմա-ճարտարապետական հուշարձան, որի վրա տարածվում է պատմության ու կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման մասին ՀՍՍՀ 1977թ. դեկտեմբերի 21-ի 1609-09 օրենքով սահմանված կարգը»: «Կոմունիստներն անգամ այդ շենքին ձեռք չեն տվել,- ասում էր Լ. Հարությունյանը,- իսկ հիմա ի՞նչ են արել՝ փաստորեն պատմական կոթողը տվել են Մելիք Գասպարյանին, ինչ ուզում է` անի, իսկ մեր իրավունքներն էլ փոխանակ հարգեն, ասում են՝ գնացեք գլուխներդ դրեք Մելիքի թրի տակ…»:
Ի դեպ, բնակիչների վկայությամբ, Մելիք Գասպարյանն այնքան է քայքայել իրենց ներվերը, որ պայթեցրել են նրա մեքենան: Բնակիչները նաեւ հավաստում են, որ Մելիքը «փող էլ չունի, որ էս տարածքում կառուցապատման աշխատանք անի, էն կիսակառույցը որ սարքել ա, գրավ ա դրել Խաչիկ Սուքիասյանի բանկում, էդ փողերով ա ուզում մեզ առնի, դե արի ու լուրջ վերաբերվի էդ մարդուն: Հիմա դատը որ պրծնի, գնանք տուն,- ասում էին բնակիչները,- անպայման կգա, եթե հիմա արդեն շենքի մոտ չի սպասում, որ իմանա՝ ինչ ենք որոշել, չե՞նք մտափոխվել»: Իսկ իրենց տները Մելիքին զիջելու մտադրություն իրենք չունեն, ու պատրաստ են գնալ մինչեւ Ստրասբուրգի դատարան: