Չեչենները կորցրել են հույսը, այն պատճառով, որ Ռուսաստանը խոչընդոտում է Եվրոպական դատարանում մարդկանց իրավունքների ոլորտում բարեփոխումներ կատարելու գործընթացին:
Չեչնիան, մարդու իրավունքների տեսանկյունից ելնելով, շարունակում է Եվրոպայում «ամենամութ» կետը մնալ: Դա հստակ հասկացրեց Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգը, ով անցյալ ամսվա սկզբին էր այցելել այս անհանգիստ հանրապետություն: Այդ ժամանակ, Չեչնիայի նորընտիր նախագահի` Ռամզան Կադիրովի հետ հանդիպման շրջանակներում, նա հայտնեց իրեն հասած բողոքների մասին, որ Չեչնիայում դեռեւս մարդիկ բռնության են ենթարկվում:
Մարտի 13-ին Եվրախորհրդի բռնությունների դեմ հանձնաժողովը մի հայտարարություն արեց, ուր ասվում է, որ Չեչնիայում, անվտանգության աշխատակիցների կողմից, տեղի են ունենում քաղաքացիների շարունակական «բռնությունների կիրառման փորձեր եւ անթույլատրելի վերաբերմունք», ինչպես նաեւ՝ «անօրինական բանտարկումներ»: Եվրոպայի խորհուրդը, որի անդամ է հանդիսանում նաեւ Ռուսաստանը, չեչեններին թույլ է տալիս հուսալ, որ մի օր արդարությունը կվերականգնվի: Նրանք կարող են դիմել Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե գտնում են, որ ռուսական դատական համակարգը չի կարող պատասխանել իրենց բողոքներին: Վերջին մի քանի տարիների ընթացքում Եվրոպական դատարանը բազմաթիվ չեչենների բողոքներ է զննել, այնուամենայնիվ, նրանց թիվը շատ չէ, եթե հաշվի առնենք խնդրի մասշտաբները: Սակայն, հուսալ, որ Ստրասբուրգում ավելի շատ «չեչենների» հարցեր կքննարկվեն, դեռ չի կարելի: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը մերժում է հաստատել եվրոպական համաժողովի արձանագրությունը, որը կարող է արագացնել Եվրոպական դատարանում գործերը վերանայելու գործընթացը: Չեչնիայի Փաստաբանների պալատի նախագահ Յակուբ Աբդուլքադիրովի խոսքերով, Եվրոպական դատարանը «Չեչնիայում մարդու իրավունքների ոտնահարման սրության» պատճառով Չեչնիայից ստացված բողոքներն առաջնային է քննարկում: Սակայն, ամեն տարի Դատարանը Ռուսաստանից ոչ ավելի, քան 100 բողոք է ընդունում: «Ամեն ինչ կրիայի քայլերով է առաջ ընթանում», – ասում է Աբդուլքադիրովը:
Չեչնիայի փաստաբանները եւ իշխանությունը կոչ են անում Ռուսաստանի կառավարությանը՝ համոզել Պետդումային ընդունել թիվ 14 արձանագրությունը, որն արդեն անցյալ տարի դեկտեմբերին էր մերժվել: Նախագծի ընդունումը Եվրոպական դատարանին թույլ կտար ավելի շուտ որոշել՝ հայցն ընդունել քննարկման կամ ոչ, ինչպես նաեւ՝ մերժել այն, եթե հայցորդի նկատմամբ վնասը չնչին ճանաչվի:
Նախագծի համաձայն, այս կամ այն հայցի վերաբերյալ որոշումներ կայացնելու է միայն մեկ դատավոր, այլ ոչ 3, ինչպես մինչ օրս է ընդունված: Սակայն ինչ վերաբերում է հիմնավորված գործերին, ապա նրանց քննարկմամբ եւ որոշումների ընդունմամբ զբաղվելու է 3 դատավոր (այսօրվա 7-ի փոխարեն):
Եվրախորհրդի 46 անդամներից միայն Ռուսաստանն է, որ չի հաստատել նախագիծը, ինչի պատճառով բարեփոխումները մնում են օդում կախված: Չնայած Ռուսաստանը հայտարարել էր, որ օժանդակում է փաստաթուղթը, եւ անցյալ տարի Ստրասբուրգում ստորագրել էր այն, դրա բարեփոխելու օգտին քվեարկեցին Պետդումայի 450 պատգամավորներից միայն 27-ը: Կոչ անելով գործընկերներին քվեարկել փաստաթղթի դեմ` Դումայի փոխխոսնակ Սերգեյ Բաբուրինը մեղադրեց Եվրոպայի խորհրդին՝ հակառուսական քայլեր կատարելու համար: «Նախագիծը դեմ է արդարադատության սկզբունքներին, իսկ մեր դրամական մեծ ներդրումը օգտագործվում է Եվրոպայի խորհրդի կողմից մեր երկրի վրա հարձակվելու համար»,- հայտարարեց նա:
Նախագահ Վլադիմիր Պուտինն ինքը բավականին կասկածելի է արտահայտվում Պետդումայի կայացրած որոշման մասին, այնուամենայնիվ, բացահայտ քննադատում է Եվրոպական դատարանին: Այսպիսով, այս տարի հունվարին իրավապաշտպանների հետ զրույցի ժամանակ նա հայտարարեց. «մեր երկիրը դատական որոշումների քաղաքականացման հարցի առաջ է կանգնած»:
Իրավապաշտպանական կենտրոն «Դեմոսի» տնօրեն Տատյանա Լոկշինան կարծում է, որ նախագահի աշխատակազմը «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը հստակ հրահանգներ չի տվել այն մասին, որ նախագիծը պետք է հաստատել:
«Պետդումայի մերժումը Կրեմլին եվրոպական գործընկերների հետ ծայրահեղ անհարմար վիճակի մեջ է դրել, միջազգային հանրությունը ցնցված է»,- ասում է Լոկշինան:
«Նախագիծը չվավերացնելը նշանակում է, որ դատի արդյունավետությունը, այսինքն` հայցերի որակյալ լուծումը սեղմ ժամկետներում հարցական կմնա: Եվ այստեղ Ռուսաստանը հակառակ է գործում ոչ միայն իր քաղաքացիների, այլեւ ռումինների, ֆրանսիացիների, սլովենացիների դեմ, ովքեր իրենց հայցը նայելուն են սպասում»,- ասում է իրավաբան-իրավապաշտպան Կիրիլ Կորոտեեւը:
Նման տեսանկյուն արտահայտեց նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը. «Արդարադատության հետաձգումը նշանակում է՝ արդարադատության չընդունում: Ես շատ հիասթափված եմ, որ, այս ամենից հետո, ինչպես կարող էր Պետական դուման նախագծի հաստատմանը դեմ քննարկել… Եվրոպական դատարանում մարդկանց իրավունքների հարցով կարեւոր եւ պարտադիր փոփոխություններ են հետաձգվում»,- ասում է նա:
Հարկ է նշել, որ 2006 թվականին Եվրոպական դատարան ստացված 80 հազար բողոքների մեծ մասը Ռուսաստանի Դաշնությունից էր` մեծապես Չեչնիայից:
Ամեն անգամ հայցը չշահելու դեպքում՝ Ռուսաստանը պարտավոր է հատուցել բողոքը ներկայացնողին: Ըստ պաշտոնական տեղեկությունների, երկրի անցյալ տարվա բյուջեում 110 միլիոն ռուբլի էր նախատեսված վերը նշվածի համար, ինչը 11 անգամով ավելի է՝ քան, օրինակ, 2003 թվականին:
Մինչ օրս Եվրոպական դատարանը բավարարել է Չեչնիայի քաղաքացիների կողմից ներկայացված եւ քննարկված հայցերից գրեթե բոլորը: Վերջին գործը երկու եղբայրներ Ադամ եւ Արբի Չիտաեւներինն էր, ովքեր բողոքում էին, որ 2000 թվականին Աչխոյ-Մարտան քաղաքում տեղական ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել եւ բռնության էին ենթարկել նրանց: «Կես տարի նրանց անօրինական պահել էին ՕՔԲ-ում (Օպերատիվ քննչական բյուրո): Ծնողները չգիտեին, թե որտեղ են նրանք գտնվում», – ասում է չեչեն իրավաբան Ջաբրայիլ Աբուբակարովը: Նրա խոսքերով, որպեսզի բռնության հետքեր չմնան, նրանց ջրով լի պլաստմասսայե շշերով էին ծեծում: «Այս տարի, հունվարի 18-ին, արդեն իսկ նրանց ազատումից հետո, Չիտաեւների գործը վերանայվեց Եվրոպական դատարանում: Արդյունքում Ռուսաստանը նրանց որպես հատուցում 35 հազար եվրո վճարեց»,- ասում է նա:
Շատ չեչեններ եւ ռուս իրավապաշտպաններ վախենում են, որ նախագիծը հաստատելու Պետդումայի մերժումը Չեչնիայում զայրույթի առաջացման պատճառ կդառնա: «Արդեն իսկ հիմա, Եվրոպական դատարանում գործերի մեծ հերթ է կուտակվել: Ներկայիս համակարգով դատարանը կարող է նայել ոչ ավելի, քան 20 հազար գործ, այն դեպքում, երբ ամեն օր ստանում է ավելի քան 40 հազար: Ամեն տարի հերթի մեջ դրված գործերը 20 հազարով ավելանում են»,- ասաց Կորոտեեւը:
Նրա խոսքերով, ներկայիս Ռուսաստանից դատարանում քննարկման դրված ավելի քան 20 հազար գործերից 98%-ը մանրամասն քննարկման կարիք չունեն: Պարզեցնելով նմանօրինակ դեպքերի հետաձգումը` թույլ կտար իսկապես հիմնավորված բողոքներն արագացնել: «Անցյալ տարի Ռուսաստանի դեմ 100 որոշում է ընդունվել: Որոշ հայցվորներ այդ որոշմանը 7 տարի սպասել էին»,- ասում է Կորոտեեւը: Չեչեն իրավաբան Աբդուլքադիրովը նախագիծը հաստատելու ռուսական խորհրդարանի մերժումն անվանում է «իրավական ժխտողականության» հաղթանակ:
«Ռուսաստանում այլասերված պաշտոնյաները շատ են, ովքեր դեմոկրատական հաստատություններին թույլ չեն տալիս զարգանալ»,- ավելացրեց նա:
Նյութը պատրաստել են
Ասյա ՈՒՄԱՐՈՎԱՆ, Լաուրա ԱԼԴԱՄՈՎԱՆ
«Չեչենսկոյ օբշեստվո» թերթի թղթակիցներ, Գրոզնի