Հայաստանի Պատմության պետական թանգարանի ցուցափեղկերից մեկում ցուցադրված է փոքրիկ ուլունքաշար համրիչ, որն այնտեղ «հանգրվանել» է դեռեւս 1965 թվականից:
Թանգարանի ավագ գիտաշխատող, պատմաբան-հնագետ Կարինե Ավագյանի պրպտումների եւ պեղումների արդյունքում 1984թ. ի վեր թանգարանային ցուցանմուշը դարձել է ցեղասպանության անժխտելի վավերագիրք: Կ. Ավագյանը դեռեւս 2002թ. տպագրել է համրիչի վերծանիչ պատմությունը` «Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք եւ վկայք խաչի» գիրքը: Գրքի հրապարակումից անցել է 5 տարի, սակայն մինչ օրս չեն դադարում արձագանքները. արձագանքում են ցեղասպանություն ապրածների անմիջական ժառանգներն ու սփյուռքահայ մամուլը: Կ. Ավագյանի գրքի մասին 2005թ. հոդված է տպագրվել նաեւ գերմանական «ADK» ամսագրում. «Շատ հուզիչ պատմություն է, որը 87 տարեկան վերապրողի խոսքն է»,- նկատում է Կ. Ավագյանը: 2006թ. Իտալիայի Ս. Ղազար ճեմարանում տպագրվող հայագիտական-բանասիրական-գրական պարբերականում` «Բազմավէպում» տպագրվել է նաեւ նրա հոդվածը` «Թանգարանային մեկ ցուցանմուշ` մեկ փաստավավերագիրք եւ… նորահայտ էջեր…», որն ամփոփում է համրիչի երկու հատերին արձանագրված անձանց անմիջական հետնորդների տեղեկատվությունը, որը հեղինակը ստացել է միայն այս տարվա փետրվար ամսին:
Համրիչի 99 հատերին փորագրված են 1915թ. ապրիլի 11/24-ին Պոլսում ձերբակալված եւ Չանղըրը աքսորված հայ մտավորականների ազգանունները, երբեմն նաեւ անունները: Դրանց թվում են Կոմիտասը, Ռուբեն Սեւակը, Դանիել Վարուժանը եւ ուրիշներ: «Համրիչի 4-րդ հատին փորագրված է՝ Ճէվահիրճի. նա Պոլսում հանրահայտ բժիշկ է եղել: Նրա թոռան` Միսաք Ճէվահիրճյանի, մոտից ես վերցրել եմ Չանղըրըի պրակը եւ համայնապատկերը: Չանղըրըն ոչ սովետական հանրագիտարանում, ոչ էլ 1996թ. Հայկական հարցի հանրագիտարանում նույնիսկ երկու տողով առանձնացված չէ որպես աքսորված մտավորականության առաջին օրվա վայր»,- նկատում է Կարինե Ավագյանը: «Ապրիլի 24-ի խորհուրդը նրանում է, որ հենց այդ օրն են բացվել սեւ ցուցակները եւ բացահայտորեն սկսվել մտավորականության ձերբակալությունները,- շարունակում է Կ. Ավագյանը,- Մի մասին քշեցին Այաշ, մյուսին` Չանղըրը: Համրիչն իրենից ներկայացնում է Չանղըրըի աքսորականների անվանացանկը: 99 հատերի վրա 103 աքսորականի վկայագիր կա, օրինակ, 55-րդ հատին փորագրված է՝ Լեւոն-2, իսկ 86-ին` Օհնիկյան-4` հայրը եւ 3 որդիները: Իմ պրպտումների ժամանակ գտնվել է Լեւոն անունով 2 մարդ: Եթե առաջին վկայագրողը` անմիջական աքսորականը, 69 անուն էր թողել, ապա 71-րդ անվանակիրը, որ Դեր-Զորից չի վերադարձել, բայց ինչ-ինչ ճանապարհներով այն հասցրել է Պոլիս` իր ընտանիքին որպես մասունք, 103 աքսորական է արձանագրել: Իմ աշխատանքների արդյունքում այսօրվա դրությամբ նրանց թիվն արդեն 114-115 է: Չանղըրը աքսորվածների մեջ եղել են նաեւ առեւտրականներ, որովհետեւ ուզեցել են նաեւ հայերին տնտեսապես ոչնչացնել: Բոլոր երեւելի անձանց ցանկը նախապես մշակված է եղել Ներքին գործերի նախարարության` Թալեաթի ձեռքով»,- մանրամասնում է Կ. Ավագյանը, որը սկզբնաղբյուր ընդունել է 99-րդ հատի անվանակիր Գրիգորիս Պալաքյանի «Հայ Գողգոթան» գիրքը, որտեղ աքսորականների անվանացանկն ընդամենը 69 անուն ունի, եւ ինքը` Գրիգորիս ծայրագույն վարդապետ Պալաքյանը ցավով խոստովանել է, որ մնացյալ ազգանուններն ինքը չի մտաբերել:
Կ. Ավագյանն աքսորականների գտնված բոլոր ժառանգների հետ հաստատել է նամակագրական կապեր: «Ինձ ասում են` քարանձավային մեթոդներով ես աշխատում, բայց նամակագրության մեջ շատ ջերմ բան կա»,- ասում է հնագետը: Համրիչի մասին ժամանակին խեղաթյուրված տեղեկատվություն է եղել այն իմաստով, որ 71-րդ անվանակրի դուստրը, երբ 1965թ. մասունքը հանձնել է թանգարանին, մինչեւ 1984թ. ոչ ոք ձեռք չի տվել համրիչին: 19-րդ դարի եւ 20-րդ դարի սկզբին այն ցուցադրված է եղել զարդարվեստի ցուցափեղկում, այն էլ՝ առանց էթիկետի: Ամեն ինչ սկսվել է Եղեռնին նվիրված պատի թերթի համար աշխատանքից, որը Կ. Ավագյանն արել է ամենայն պատասխանատվությամբ: «Պոլսում համրիչներ բոլորի գրպանում կային. պոլսահայերն ունեին այդ մշակույթը, ինձ թվում է՝ աքսորականի գրպանում արդեն եղել է համրիչը, նա հետո փորագրել է անունները»,- համոզված է Կ. Ավագյանը: «Մինչեւ վերջին մոհիկանը (ժառանգների իմաստով) ուզում եմ գտնել: Մեծ նվիրումով եմ անում ու գիտեմ, որ ինձանից հետո այս գործը շարունակող չի լինելու»: Կ. Ավագյանին հաջողվել է գտնել 15-րդ եւ 60-րդ անվանակիրների հետնորդներին, հայթայթել նաեւ հազվագյուտ լուսանկարներ, օրինակ, 27-րդ անվանակրի լուսանկարը, 4-րդ հատի անվանակրի որդու լուսանկարները, 71-րդ անվանակրի դստերը, 15-րդ անվանակրի` Վահան Ալթունյանի հետնորդներին: «Ժառանգներին հայտնաբերելով, դու ավելի ստույգ տեղեկատվություն ես հավաքում անմիջական աքսորակիրների համար, եւ երկրորդ, երրորդ սերնդի ողբերգությանն ես հասու դարձնում ընթերցողին: Դա տառապագին ճանապարհ է, ես ամեն մեկի հետ հասնում եմ Դեր-Զոր, իմ նյարդերը հազիվ են դիմադրում: Երբեմն այդ ամենը թոթափելու համար, նոր կյանք սկսելու ցանկություն եմ ունենում: Բայց նաեւ գիտակցում եմ, որ պիտի շարունակեմ պրպտումներս. գտնել այն 90-95 տարեկաններին, որ հատուկենտ դեռ ողջ են մնացել: Նրանցից մեկին գտնելն էլ՝ պատմական արդարության վերականգնմանը մի նպաստ է: Սա վավերագիրք է: Հետնորդներից մեկի խոսքով ասած` մեկ թանգարանային նմուշ, մեկ վավերագիրք»,- ասում է Կարինե Ավագյանը: