Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Արամ Խաչատրյանի տուն-թանգարան է այցելել ավելի քան 900 մարդ՝ 2006-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 100-ով ավելի: Թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի հավաստմամբ, թանգարանը նախորդ տարի համալրվել է շուրջ 100 իրով, որոնց մի մասը, որպես նվիրատվություն, ստացվել է մեծ կոմպոզիտորի որդուց` Կարեն Խաչատրյանից: Տնօրենի խոսքերով` համալրման աշխատանքները շարունակվում են. այս տարի թանգարանը ստացել է եւս 50 իր: Ա. Գրիգորյանի տեղեկացմամբ, հունիսի 6-ին` Ա. Խաչատրյանի ծննդյան օրը, թանգարանի ներքին այգում կտեղադրվի հուշաքար: Իսկ մայիսի վերջին չորրորդ անգամ Երեւանում կանցկացվի Ա. Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթը, որտեղ թանգարանը սահմանել է հատուկ մրցանակ` «20-րդ դարի ստեղծագործության լավագույն կատարում» անվանակարգում: