Մայսկին կժամանի Հայաստան

27/04/2007

«21-ի հեռանկարներ» 8-րդ երաժշտական միջազգային փառատոնի հրավերով առաջին անգամ Հայաստան կժամանի եւ ապրիլի 29-ին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին: Նա Լոնդոնի, Բեռլինի, Վիեննայի եւ այլ հռչակավոր նվագախմբերի սիրելի մենակատարն է, ով աշխատել է անվանի դիրիժորներ Բառնստայնի, Զուբին Մեթայի, Ռոստրոպովիչի, Գերգիեւի եւ այլոց հետ: Մ. Մայսկին Չայկովսկու եւ մի շարք այլ հեղինակավոր միջազգային մրցույթների, ինչպես նաեւ՝ «Դոյչե Գրամոֆոն» ընկերության մրցույթների դափնեկիր է:

Ինչպես երեկ հրավիրած ասուլիսում ասաց փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը, աշխարհի առաջին թավջութակահար Մ. Մայսկիի այցը ՀՀ գնահատվում է որպես մեծ նվաճում: Նման հանրաճանաչ երաժշտի հայկական բեմը 2-3 անգամ է հյուրընկալել: Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանի խոսքերով` սա մեծ իրադարձություն է ոչ միայն ՀՀ մշակութային, այլեւ քաղաքական կյանքում: Նման մեծ երաժշտի հանդես գալը հայկական բեմում բարձրացնում է երկրի պատիվը: Լեգենդար ջութակահարին կընդունեն Հայաստանի Առաջին տիկինը, ՀՀ վարչապետի կինը, ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարը: