«Մենք սիրում եւ հարգում ենք սիրիահայերին»

27/04/2007 Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Օրերս «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում տեղի փորձագետների, ինչպես նաեւ՝ գիտական ու վերլուծական այլ կենտրոնների մասնագետների հետ կազմակերպված քննարկումների ժամանակ իր զեկույցում ասել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության խորհրդական Վաիլ Դերքին:

Ինչպես հայտնի է, Սիրիան այն երկիրն է, որ օգնության ձեռք մեկնեց եւ ապաստան տվեց 1915-ի կոտորածներից մազապուրծ եղած հայերին: Չնայած զեկույցը նվիրված էր մերձավորարեւելյան զարգացումներում Սիրիայի ունեցած դերին, բայց սիրիացի դիվանագետը խոսեց նաեւ սիրիահայ համայնքի մասին: Նա նշեց, որ հայերը Սիրիայի տարածքում բնակություն են հաստատել հնագույն ժամանակներից, իսկ Սիրիայի անկախացումից ի վեր նրանք մեծ դերակատարում են ունեցել երկրի տնտեսական, սոցիալական, զինվորական եւ մշակութային կյանքում: Սիրիահայերը վայելում են թե՛ իշխանությունների եւ թե՛ ժողովրդի համակրանքը։ Սիրիայում հայերն ապրում են հիմնականում Հալեպում եւ Դամասկոսում, չնայած կան նաեւ զուտ հայկական գյուղեր կամ գյուղաքաղաքներ, որոնցից են Արամոն եւ Քեսաբը: Բանախոսը նշեց, որ իր համար սիրիահայերը ոչ թե համայնք են, այլ՝ Սիրիայի լիիրավ քաղաքացիներ:

Պատմական համառոտ ակնարկ անելով Սիրիայում Օսմանյան տիրապետության, ֆրանսիական մանդատի եւ անկախության շրջանի մասին, Վաիլ Դերքին նշել է, որ Սիրիան մշակութային հզոր ժառանգություն ու պատմություն ունեցող երկիր է, որն ունի թե՛ արաբական եւ թե՛ իսլամական ինքնություն: Սիրիայի արտաքին քաղաքականության ամենակարեւոր կողմերից մեկն այն է եղել, որ Սիրիան սառը պատերազմի տարիներին չի միացել որեւէ դաշինքի եւ եղել է «Չմիացող երկրների» շարժման անդամ: Սիրիայի նորագույն շրջանի պատմության մեջ նոր փուլ սկսվեց Հաֆեզ Ալ-Ասադի (1970-2000) իշխանության գալուց հետո: Հենց այս շրջանում է, որ Սիրիան կարեւոր դերակատարություն ստանձնեց՝ որպես մերձավորարեւելյան հակամարտության գործուն դերակատար:

Սիրիան միշտ կողմ է եղել մերձավորարեւելյան հակամարտության համակողմանի եւ համապարփակ խաղաղությանը: Այդ իսկ պատճառով Սիրիան դեմ էր Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին քաղաքական այն քայլերին, որոնց արդյունքում Եգիպտոսը 1979-ին Քեմփ-Դեւիդում Իսրայելի հետ կնքեց անջատ հաշտության պայմանագիր: Դրան հետեւեց Օսլոյի գործընթացը (1990-ականների սկզբներից) Իսրայելի եւ Պաղեստինի ազգային-ազատագրության կազմակերպության միջեւ եւ ապա՝ Հորդանանի կողմից 1994-ին Իսրայելի հետ անջատ հաշտության պայմանագրի կնքումը։ Այս ամենի արդյունքում, կարելի է ասել, որ Սիրիան դարձավ Իսրայելին հակազդող հիմնական երկիրը, որն այսօր պատրաստ է բանակցությունների նստել Իսրայելի հետ եւ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Միեւնույն ժամանակ, Սիրիան հետամուտ է արաբական խաղաղության նախաձեռնությանը, որի վերաբերյալ բանաձեւն առաջին անգամ ընդունվել է 2002թ. Բեյրութում Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովում, իսկ վերջերս էլ վերահաստատվել 2007թ. մարտին Ռիադում տեղի ունեցած արաբական գագաթաժողովում: Դրա հիմքում ընկած է «Հող՝ խաղաղության դիմաց» դրույթը:

Ինչ վերաբերում է լիբանանյան խնդրին, ապա Սիրիան կողմ է այս երկրում կայունության հաստատմանը: 1975-ին, երբ Լիբանանում սկսվեց քաղաքացիական պատերազմ, Սիրիան արաբական այն երկրներից էր, որն այլընտրանք չունենալով՝ 1976-ին իր զորքերը մտցրեց Լիբանան՝ այդ երկրի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով: Այս երկու երկրների հարաբերություններում լարվածություն ի հայտ եկավ Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Ալ-Հարիրիի սպանությունից հետո: Վերջինիս սպանությունը կազմակերպելու՝ Սիրիային ուղղված մեղադրանքներն, ըստ Վաիլ Դերքիի, անհիմն են, քանի որ Սիրիան երբեք չէր կարող շահագրգռված լինել այդ քայլում: Արդյունքում՝ Սիրիան իր զորքերը դուրս բերեց Լիբանանից, ինչը նա աստիճանաբար ծրագրում էր անել նախքան Հարիրիի դեպքերը: Ամեն դեպքում, ըստ Վաիլ Դերքիի, Սիրիան ցանկանում է անել այն, ինչ ցանկանում են Լիբանանի քաղաքացիները:

Նա անդրադարձավ նաեւ իրաքյան խնդրին՝ նշելով, որ Սադամ Հուսեյնի իշխանության տարիներին Սիրիայի եւ Իրաքի հարաբերությունները բավական վատ են եղել: Նրա հավաստմամբ, Սիրիան դեմ էր Իրանի հարցում Իրաքի քաղաքականությանն Իրանաիրաքյան պատերազմի ժամանակ. 1990թ., երբ Իրաքը գրավեց Քուվեյթը, Սիրիան Իրաքի դեմ ձեռնարկված ռազմական գործողություններում միացավ միջազգային կոալիցիայի ուժերին: Սակայն Սիրիան դեմ է այն ամենին, ինչ տեղի է ունենում այդ երկրում այսօր: Իրաքյան ճգնաժամից տուժում է նաեւ Սիրիան, որտեղ ապաստան են գտել 1 միլիոն 200.000 իրաքցի փախստականներ: Վաիլ Դերքիի խոսքերով՝ Սիրիան դեմ է Իրաքի ներքին գործերին միջամտելուն եւ գտնում է, որ ամերիկյան ուժերը պետք է դուրս բերվեն երկրից: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ սխալ կլինի կարծել, թե ԱՄՆ-ը Սիրիայի համար թշնամի երկիր է: Սիրիան հույս ունի, որ ԱՄՆ-ը դրական դերակատարություն կունենա մերձավորարեւելյան խաղաղության գործընթացում։

Իսկ ինչ վերաբերում է Իրանի միջուկային ծրագրին, ապա, ըստ Վաիլ Դերքիի, Իրանն իրավունք ունի խաղաղ նպատակներով զարգացնել ատոմային էներգիա: Միեւնույն ժամանակ, Սիրիան Միջին Արեւելքի մի շարք այլ երկրների նման կողմ է, որպեսզի մերձավորարեւելյան տարածաշրջանը դառնա զանգվածային ոչնչացման զենքերից զերծ գոտի:

Զեկույցի վերջում Վաիլ Դերքին նշեց, որ լավատես է հայ-սիրիական հարաբերությունների հետագա զարգացման եւ ամենատարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության էլ ավելի ամրապնդման հարցում: Նա կարեւորեց համագործակցությունը հատկապես կրթական, գիտական եւ փորձագիտական ոլորտներում։