Այսօր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրամանագրով կնշանակվի պաշտպանության նախարար: Ըստ ամենայնի, այդ պաշտոնում կհաստատվի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, այժմ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միքայել Հարությունյանը: Հայտնի է, որ պաշտպանության նախարարի պաշտոնի վրա աչք ունի նաեւ ՀՅԴ-ն՝ ի դեմս պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանի: «Ա1+»-ին ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն ասել է, թե ՀՅԴ-ի համար Աղաբեկյանի նշանակումը բոլորովին այլ իմաստ ունի, քան զուտ դաշնակցականի նշանակումն այդ պաշտոնում: Նա ասել է, թե իրենք չեն ցանկանում տիրանալ պաշտպանության նախարարի պորտֆելին, դա էական չէ, ուղղակի «ո՞վ, եթե ոչ Ա. Աղաբեկյանն է քաջատեղյակ ՀՀ ԶՈՒ-ում այսօր տիրող իրավիճակին»: Ըստ նրա, իրենք չեն ցանկանում այդ պաշտոնը, որ հետո մտածեն, թե ում նշանակեն: Այդպես ստացվել է. Ա. Աղաբեկյանը, որն, ըստ ընկեր Կիրոյի, միակ հարմար թեկնածուն է այդ պաշտոնում, ՀՅԴ-ական է: Իսկ հարցին՝ եթե, այնուամենայնիվ, Աղաբեկյանը չնշանակվի նախարար, Սերժ Սարգսյանից «ՀՅԴ-ն կնեղանա՞», Կ. Մանոյանը պատասխանել է. «Թերեւս այս կարճ ժամանակահատվածի՝ մի 15-20 օրվա համար չի նեղանա, բայց ընտրություններից հետո կմտածի»: