Առանց Հրանտ Դինքի

25/04/2007

«Եթե նախկինում մեր ասելիքը թուրք իշխանավորներին ու պետական այրերին մենք միայն ծրարներով ու նամակներով էինք հասցնում, ապա պետք է խոսել ոչ միայն նրանց հետ, այլեւ թուրք ժողովրդի հետ: Իսկ խոսել մենք կարող էինք մամուլի միջոցով եւ իրենց լեզվով»,- իր հարցազրույցներից մեկում ասել էր «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը: Նա վստահ էր, որ մի օր դրսի ճնշումն ու պարտադրանքը կարող է հանգեցնել նրան, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, բայց դա, Հ. Դինքի կարծիքով, «թուրքերի մտածողության մեջ շատ բան չի փոխի»: Հ. Դինքը գտնում էր, որ Հայոց ցեղասպանությունն ընդունելով՝ Թուրքիան չի դառնա ժողովրդավար: Այնինչ, նրա կարծիքով, երկիրը պետք է դառնա ժողովրդավարական, եւ թուրքական ժողովրդավարության պահանջը պետք է լինի հայերի ցեղասպանությունն ու նրանց իրավունքները ճանաչելը. «1915-ը ոչ ժողովրդավար Թուրքիայի կողմից ճանաչելը քիչ բան կտա հայերին»,- համոզված էր Հրանտ Դինքը, ով հունվարի 19-ին սպանվեց ցեղասպանության մասին ամեն օր Թուրքիայում բարձրաձայնելու համար: Այսօր լրանում է Հայոց եղեռնի 92-րդ տարելիցը, եւ, ցավոք, Ծիծեռնակաբերդ այցելելիս ամեն մեկս մեկական ծաղիկ էլ նրա անունով ու նրա համար պետք է դնենք: