Արամ Գասպարի Սարգսյանի գլխավորած ՀԴԿ-ն ուզում է ԱԺ մտնել, որպեսզի կարողանա իրականացնել դեմոկրատական սոցիալիզմի հայկական մոդելը: Բայց հաշվի առնելով, որ «այսօրվա խորհրդարանում դեռ այդպիսի հնարավորություններ չկան», ՀԴԿ-ում գտնում են, որ ընտրությանը մասնակցելը մի փուլ է, որն անհրաժեշտ է գործող իշխանություններին իշխանությունից հեռացնելու համար:
Այս մասին երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՅԴ-ի ղեկավարը: Իսկ «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե իրենք խորհրդարանական ընտրություններն «այս պահին» չեն դիտարկում որպես խորհրդարանում հայտնվելու միջոց: «Մեզ համար խորհրդարանական ընտրություններն ավելի շատ քաղաքական որոշակի օրակարգ հրապարակ բերելու միջոց է: Մեր քաղաքական նպատակը հետեւյալն է, որ այս խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀ բարձրագույն իշխանությունը, այսինքն՝ ՀՀ քաղաքացին, վերստին ստանձնի բարձրագույն իշխանության իր կարգավիճակը»,- հայտարարեց Ն. Փաշինյանը: Արամ Գ. Սարգսյանն էլ գտնում է, որ ԱԺ-ում խմբակցություն ձեւավորած կուսակցությունները, հաշվի առնելով նաեւ ԱԺ-ի նոր լիազորությունները, նախագահի ընտրությանն անհամեմատ լուրջ հավակնություն ունենալու որոշակի հնարավորություն են ստանալու: Միաժամանակ նա պնդում է, որ այսօր մեր երկրում քաղաքական մթնոլորտը ոչ մի կերպ չի նպաստում ազատ, արդար ընտրությունների անցկացմանը: «Դրա համար մենք այս խորհրդարանական ընտրություններն ընդամենը դիտարկում ենք որպես փուլ, բայց այդ փուլը կարող է լինել իշխանությունը հեռացնելու փուլ եւ կարող է ընդհանրապես տապալել այդ գործը: Եթե այս ընտրություններում մենք հաստատեցինք, որ եղել են կեղծիքներ, եւ ժողովրդին իսկապես կարողացանք նորից դուրս բերել, ոտքի կանգնեցնել եւ պահանջել, որպեսզի այս իշխանությունները գնան, եւ վճռական լինենք մինչեւ վերջ, ուրեմն՝ սա իրոք կլինի շատ լուրջ քայլ: Եթե նորից կլինի 10, 20 կամ 30 հոգանոց ընդդիմադիր խումբ, որը չի կարող ազդել իրավիճակի վրա եւ լուրջ փոփոխությունների հավակնորդ լինել, ուրեմն՝ անիմաստ կլինի այդ ամբողջ իրողությունը նորից կրկնելը»,- նշեց ՀԴԿ ղեկավարը: Ն. Փաշինյանն այս հարցով ավելի կտրուկ արտահայտվեց: Նրա պնդմամբ՝ այսօր «շատ է արծարծվում այն խնդիրը, որ եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծվեն եւ այլն…»: Ըստ Փաշինյանի, նման ձեւակերպումները հասկանալի են, բայց ամբողջական չեն, որովհետեւ խորհրդարանական ընտրությունը վաղուց արդեն կեղծված է: «Ցավոք, Հայաստանում ընտրությունը հասկանում են քվեարկության պրոցեսը, երբ մարդը քվեաթերթիկը գցում է քվեատուփի մեջ: Բայց ընտրությունները վաղուց կեղծվել են: Ընտրություններն արդեն կեղծված են, որովհետեւ ժողովրդին ամիսներ շարունակ հանրային եւ մյուս հեռուստաընկերությունները դոդացրել են եւ սերժանտացրել: Եվ հիմա ուզում են խոսել ընտրությունների ազատության մասին: Ընտրություններն արդեն կեղծված են, եւ ժողովուրդը պետք է դուրս գա հրապարակ եւ այդ փաստն արձանագրի: Ընտրություններն արդեն կեղծված են, որովհետեւ հավասար պայմաններ ապահովված չեն,- հայտարարեց Ն. Փաշինյանն ու նկատեց,- Ընտրակաշառք՝ կարտոֆիլ է բաժանվել, տուկի թել է բաժանվել եւ այլն: Այսօր արդեն Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումներ են գնում»: «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցչի խոսքերով՝ պետք է հանրապետության բոլոր մարզերում, քաղաքներում տեղի ունենան հանրահավաքներ, եւ մի օր՝ պայմանավորված օրը, այդ բոլոր հանրահավաքները պետք է շարժվեն դեպի Երեւան, եւ ժողովուրդը վերստին պետք է գա եւ տիրանա իր ազատությանը եւ իշխանությանը: «Մարդիկ պարզ տեղեկացվածության խնդիր ունեն: Հիմա ՀՀ քանի՞ քաղաքացի գիտի, որ, ասենք, ՀԴԿ-ն առաջարկում է, որ Հայաստանում ձեւավորվի, ասենք, հայկական սոցիալիզմի մոդել: Այդ ինֆորմացիան քանի՞ հոգու է հասել: Քանի՞ հեռուստաընկերություն է աշխատել դրա համար: Ես դեմ եմ այդ գաղափարներին, բայց թող մարդիկ տեղյակ լինեն այդ գաղափարներին, տեղյակ լինեն մեր գաղափարներին եւ ընտրեն, թե ո՞րն է ավելի ճիշտ եւ տրամաբանական»,- նշեց Ն. Փաշինյանն ու նկատեց, որ այս ամենի փոխարեն՝ մարդիկ գիտեն, որ կան ինչ-որ մարդիկ, ովքեր կարտոֆիլ են բաժանում, «այնքան բարի են, որ մարդկանց կարտոֆիլ ու տուկի թել են բաժանում, տանում են գինեկոլոգի մոտ… »: Արամ Գ. Սարգսյանն էլ նկատեց, թե հիմա այդ նույն կուսակցությունները, որոնք զբաղված են կաշառք տալով, այսօր հեռուստատեսության էկրաններից սրբերի նման հայտարարում են, թե՝ հանկարծ կաշառք չվերցնեք: «Ա՛յ ընկեր, այդ ումի՞ց պետք է նրանք կաշառք վերցնեն, եթե ձեզանից չվերցնեն»,- հարցնում է Դեմկուսի ղեկավարը: Սակայն ստեղծված վիճակի համար, Ն. Փաշինյանի խոսքերով՝ մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է, որովհետեւ «իշխանության ամենաթողությունը հասարակության թողտվության հետեւանք է»: Լրագրողներից մեկը նկատեց, որ ՀԴԿ ղեկավարը հայտարարում է, թե ուզում են հեռացնել իշխանությանը, եւ միաժամանակ ասում են, թե ընտրություններն արդեն կեղծված են: Ըստ հարցի հեղինակի, մի երկու ամիս առաջ էլ նույն Արամ Գ. Սարգսյանն ասել է, թե «դե հո մարդ չե՞նք ծեծելու, այսինքն՝ հո զոռով չե՞նք վերցնելու» (իշխանությունը): Բայց նշվեց, որ չեն տալիս իշխանությունը, դուք պետք է վերցնեք, ինչպե՞ս եք վերցնելու: Ի պատասխան այս հարցի, ՀԴԿ ղեկավարը նշեց. «Ես եթե ասած լինեմ, պիտի ասեի, թե՝ հո հրացան չե՞նք վերցնելու գնանք իրենց կրակենք: Ծեծելն ուրիշ բան է»: Իսկ իշխանությունը վերցնելու՝ ձեւերի մասով էլ Ա. Սարգսյանը նշեց, թե եթե իրենք խորհրդարանական լուրջ ֆրակցիա ունենան եւ ընդդիմության հետ միասին այս իշխանություններից ազատվելու նպատակ դնեն, ապա դա կանեն: