«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի մի հանդիպման մասին օրերս հրապարակում եղավ «Գոլոս Արմենիի» թերթում:
Լրատվամիջոցն իր հրապարակման մեջ պատմում էր Ա. Բաղդասարյանի եւ բրիտանական դեսպանատան բարձրաստիճան մի պաշտոնյայի հանդիպման մասին (որը տեղի էր ունեցել Երեւանի «Մարկո պոլո» սրճարանում): Թերթը նշել էր, որ զրույցի ձայնագրությունն իրենց խմբագրությունում է, սակայն առայժմ չեն հրապարակում բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյայի անունը: Այլ հարց է, թե ինչպես եւ որ մարմինները կարող են նման ձայնագրություն իրենց թույլ տալ, սակայն նրանց զրույցը բավական ուշագրավ է: Ըստ լրատվամիջոցի սղագրության, ՕԵԿ առաջնորդ Ա. Բաղդասարյանը բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյային փորձում էր համոզել, որպեսզի միջազգային հանրությունն իր կոշտ հայտարարություններով միջամտի ՀՀ ԱԺ նախընտրական գործընթացներին եւ խիստ բացասական գնահատականներ տա: Իսկ միջազգային հանրության գնահատականները, հասկանալի է, թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ Հայաստանի համար: Բայց Ա. Բաղդասարյանի միակ խնդիրը ինքն է եւ դարձյալ ինքը: ՕԵԿ գրասենյակից այս հրապարակման կապակցությամբ երեկ հայտարարել են, որ «Ա. Բաղդասարյանը բազմաթիվ հանդիպումներ է ունենում, որտեղ, բնականաբար, քննարկվում են առաջիկա ընտրություններին առնչվող խնդիրներ: Ավելին, իր հրապարակային ելույթներում Ա. Բաղդասարյանը բազմիցս խոսել է դրանք միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու անհրաժեշտության մասին եւ հայտարարել, որ միջազգային հանրությունը եւս անտարբեր չէ այս երեւույթների նկատմամբ, քանի որ Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություններ»: ՕԵԿ գրասենյակը թերթի նշած ձայնագրությունը համարում է «լավ պատրաստված սեւ քարոզչություն»: Իսկ «Գոլոս Արմենիի»-ի այն եզրահանգման առնչությամբ, թե Արթուր Բաղդասարյանը եւ նրա զրուցակիցը հետաքրքրված են, որպեսզի առաջիկա ընտրությունները հեղինակազրկեն Հայաստանը, ՕԵԿ-ը պատասխանել է. «Երկրի վարկանիշը գցում են ընտրությունները կեղծողները, ոչ թե հրապարակային դաշտում այս մասին խոսող ուժերն ու գործիչները: Իսկ թե ում է ձեռնտու քարոզարշավի թեժ պահին սեւ քարոզչություն իրականացնելը՝ սա նույնպես պարզ է եւ ակնհայտ»: Իհարկե «սեւ քարոզչություն կամ սեւ PR» երեւույթ, ինչպես հաստատում են PR մասնագետները, գոյություն չունի: Շատ հաճախ հայ քաղաքական գործիչները իրական փաստերի ի հայտ գալն անվանում են սեւ քարոզչություն կամ տեխնոլոգիաներ: Այնինչ քաղաքացին, ընտրողը պարտավոր է թեկնածուի, քաղաքական գործչի մասին իմանալ ամեն ինչ: Եթե հիշում եք, ամիսներ առաջ «168 Ժամը» հրապարակեց «Թուրքական հետքը Հայաստանի քաղաքական դաշտում» հոդվածները, որոնց համաձայն՝ ՕԵԿ նախագահը հայ-թուրքական հարաբերությունների մասին արտասահմանյան հայտնի լրատվամիջոցում ասել էր, թե «Հայաստանի վերնախավի մեծ մասն ընկղմված է անցյալում: Սակայն տխուր հիշողությունների վրա շատ ժամանակ ծախսելը խոչընդոտում է մեր հարաբերությունները հարեւանների, գլխավորապես Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Սա չի կարող նպաստավոր լինել խաղաղության, կայունության եւ երկարաժամկետ բարեկեցության համար: Հաշվի առնելով այն հսկայական օգուտը, որ Հայաստանի տնտեսությունը կարող է քաղել ադրբեջանական էներգակիրների մատակարարումներից եւ թուրքական ներդրումներից, այդ երկու երկրների հետ մեր կապերի նորմալացումը, որոնց հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, վճռական կլինի մեր եւ ողջ տարածաշրջանի համար»: Ա. Բաղդասարյանը, փաստորեն, ամեն ինչի կգնա, միայն թե դրսի ուժերն «իր վրա ստավկա անեն»: Օրեր առաջ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը «168 Ժամի» հետ զրույցում ասել էր, թե ՕԵԿ նախագահ Ա. Բաղդասարյանը ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին հաճոյանալու համար կարող է ցանկացած քայլի գնալ. «Ռուսաստանին հաճոյանալու համար չի կարելի ԱԺ բերել մի նախագիծ (ինչպես արեց Ա. Բաղդասարյանը.-Տ.Խ.), որով ռուսաց լեզուն, ըստ էության, ստանում է երկրորդ լեզվի կարգավիճակ: Իսկ երբ պետք է հաճոյանալ Արեւմուտքին, անորոշ ձեւակերպումներով հասկացնել, թե եթե ինքը գա իշխանության, պատրաստ է զիջել Ղարաբաղը»: Իսկ «Պահպանողական» կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանն օրերս «Իմպիչմենտի» հրավիրած միտինգի ժամանակ ճիշտ նկատեց, որ երբ Ա. Բաղդասարյանը ԱԺ նախագահ էր, 2004թ. ապրիլի լույս 13-ի գիշերը կարմիր բերետավորները «ծվարեցին նրա ղեկավարած հիմնարկի տարածքում» եւ այնտեղից հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա: Ա. Բաղդասարյանն այդ ժամանակ ոչինչ չձեռնարկեց, լուռ հետեւեց: Այդ է պատճառը, որ այսօր ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն վստահում ՕԵԿ ղեկավարի պատեհապաշտ գործունեությանը: Իսկ հիմա, երբ Ռ. Քոչարյանի իմպիչմենտի հարց է բարձրացվում, Ա. Բաղդասարյանը դեմ է արտահայտվում. «Ի՞նչ է, Ֆրանսիան ձեռքը վերցրեց, հիմա «պապա՞» է ման գալիս ու այդ «պապան» Ռ. Քոչարյա՞նն է»,- հարցնում էր Մ. Հայրապետյանը: Առաջին անգամը չէ, որ Ա. Բաղդասարյանը հանուն իշխանության հասնելու՝ Հայաստանի համար կարեւորագույն խնդիրները ստորադասում է իր անձին: Այնպես որ, ամեն ինչ սպասելի է: