Արմավիրցի մի կին` երկար լսելով «Դաշինք» կուսակցության ներկայացուցիչներին ու նրա առաջնորդ Սամվել Բաբայանին, այնուամենայնիվ, այդպես էլ չկարողացավ կռահել, թե որ քաղաքական ուժն էր իր քարոզարշավը շաբաթ օրն անցկացնում Արմավիրի մարզում: Նա ձայնի իրավունք խնդրեց ու նրանց դիմեց որպես «Միասնություն» դաշինքի ներկայացուցիչների: Ուշագրավն այն էր, որ ոչ ոք, նույնիսկ Ս. Բաբայանը, չփորձեց կնոջը տեղեկացնել, որ «Միասնություն» դաշինքը վաղուց չկա, եւ որ իրենք էլ ոչ մի կապ չունեն «Միասնության» հետ: Ավելին, այդ կնոջ ելույթը (բնականաբար, առանց այն հատվածի, որտեղ նա իր կոչն ուղղում է «Միասնությանը»), արդեն երկու օր է, օգտագործվում է «Դաշինք» կուսակցության նախընտրական տեսահոլովակում:
«Արցախի արծիվն» ու «տուն-տեղ թողած գամփռը»
Ահա այսպիսի խոսքերով էին Սամվել Բաբայանին արմավիրցիների մոտ ներկայացնում Բաբայանի թիմակիցները: Նրանցից մեկը նույնիսկ Ս. Բաբայանին խոսք տալուց առաջ հայտարարեց, թե ինքն այլեւս Բաբայանին անվանելու է ապագա ԱԺ պատգամավոր: «Շատ ենք տանջվել, մեզ կողոպտել են աջից, մեզ կողոպտել են ձախից, ցանկացել են կողոպտել մեր ունեցածը, ցանկացել են մեզ վերացնել այս երկրի վրայից, բայց մեր ազգը հարատեւել է իր այսպիսի նվիրյալ զավակների շնորհիվ: 451 թվական, մի կուռ` 60.000 քաջերով, դուրս եկան բազմահազարանոց թշնամու դեմ…»,- սա դարձյալ մեջբերում է Ս. Բաբայանի թիմակիցներից մեկի ելույթից, որից այդպես էլ չհասկացան, թե ինչ կապ ունի Ս. Բաբայանը 451 թվականի` «մի կուռ` 60.000 քաջերով, դուրս եկան բազմահազարանոց թշնամու դեմ…» պայքարի հետ: Այդ հավաքի ժամանակ էլի անհասկանալի հայտարարություններ հնչեցին: Օրինակ, «մեզանից յուրաքանչյուրն, ով իրեն հայ եւ հայրենասեր է համարում, պետք է քվեարկի «Դաշինք» կուսակցության օգտին»: Այս հայտարարությունից ամենաշատը ցնցվեց հարթակում մուգ ակնոցներն աչքերին կանգնած Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը, ով եկել էր եզդիներին կոչ անելու քվեարկել «Դաշինքի» օգտին, որովհետեւ իր ավագ որդին «Դաշինքի» ցուցակում է: Ա. Թամոյանն իրավիճակը շտկելու համար իր համայնքին ու «Դաշինքին» պատմեց, թե ինչպիսի դարավոր բարեկամներ են եղել եզդիներն ու հայերը. «Հազարամյակների ընթացքում եզդիներն ու հայերը բարեկամ ժողովուրդ են եղել, կողք կողքի են եղել, բայց ԽՍՀՄ-ից հետո ի՞նչ է մեր վիճակը: Մենք պետք է մտածենք, ես շատ ժամանակ չեմ ընդունում գաղափարախոսությունը, որ մինչեւ հիմա բան չի արվել ժողովուրդների համար: Եզդիների վիճակը տեսնում եք, գյուղում ապրող ժողովուրդ եք: Ուսումնասիրել եմ «Դաշինքի» ծրագրային դրույթները, իրոք որ համապատասխանում է ժամանակակից դրույթներին` ժողովրդի վիճակը բարելավելու համար: Մանավանդ, մենք մեր աչքով տեսել ենք, որ Ս. Բաբայանը, լինելով ազգի հերոս, պատերազմում մեծ հաղթանակ տարավ այս մեծ մարդը, որին պետք է հարգել»: Այնուհետեւ աշխարհի եզդիների առաջնորդն իր համայնքին բացատրեց, թե ինչու է պետք ընտրել «Դաշինքին». «Մենք` եզդիներս, ԱԺ-ում չունենք մեր ներկայացուցիչը: ԱԺ-ում կա 131 պատգամավոր, ինչքանո՞վ է գեղեցիկ, որ այնտեղ եզդիներից մարդ չլինի: Իմ ավագ որդին «Դաշինքի» հետ է, պետք է ձայն տանք, որ ունենանք մեր ներկայացուցիչը: Երբ դուք մտնում եք մի պուրակ, եթե մի ծաղիկ է լինում` հետաքրքիր չի լինում, բայց եթե տարբեր ծաղիկներ են լինում, արդեն շատ հետաքրքիր է: Ես նկատի ունեմ ազգային փոքրամասնությանը»,- ասաց Ազիզ Թամոյանը:
Այնուհետեւ խոսեց, ավելի ճիշտ, արտասանեց «Դաշինքի» օրհներգի հեղինակ Պետրոս Զեյթունցին:
«Կռվի դաշտում մեր գամփռը տուն-տեղ թողած,
Թշնամու դեմ կռիվ գնաց,
Կռվեց-կռվեց ոգի դառած,
Տուն շտապեց հաղթանակած:
Տուն շտապեց, բայց տան շեմին,
Այս տան շեմին տեսավ մի շուն,
Քոսոտ մի շուն, գող-գող նայում,
Մեր գամփռին մոտ չէր թողնում:
Ահա այսպես մեկը` կռվում, երկիր փրկում,
Իսկ ոմանք էլ` լափում-լափում, վայրահաչում,
Թիկունքիդ էլ դանակ խրում»:
Իսկ հետո Զեյթունցին հայտարարեց, որ մեր երկրին համակարգային փոփոխություն է պետք, իսկ «համակարգային փոփոխությունն այստեղ է, Բաբայանն է անելու փոփոխություն»: Իսկ հետո նորից սկսեց արտասանել. «Այ քեզ համակարգ, փրփրագլուխ ինչ-որ համակարգ օրենք է գրում… »:
Հավաքի, այսպես ասած, կոորդինատորը հավաքվածներին տեղեկացրեց, որ Սամվել Բաբայանը եկել է Արմավիր ոչ թե ասելու, որ այսինչ փողոցը կասֆալտապատի, այլ եկել է ասելու, որ անելու է ամեն ինչ, «ինչ որ արեց մարտի դաշտում»: Թե ում դեմ` նա չմանրամասնեց, միայն կոչ արեց ոգեւորվել «մեր նախնիների թափած արյունով, թող մեզ ոգեւորի մեր այն կանաչահասակ զավակների թափած արյունը, որն արատավորվեց եւ պղծվեց անշնորհք մարդկանց ջանքերով»:
Սամվել Բաբայանի հետ Արմավիրում էին ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանն ու ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը: Իսկ կուսակցության փոխնախագահ Անդրանիկ Թեւանյանը նրանց շարքերում չէր: Հմայակ Հովհաննիսյանն իր ելույթում վերափոխելով Րաֆֆի Հովհաննիսյանի կարգախոսը` «Տե՞ր եք» նախաբանով, դիմելով ժողովրդին՝ ասաց. «Տե՞ր եք մեր բազում զոհերի թափված արյան իմաստավորման մեր ազգային ուխտին: Եթե տեր եք, ուրեմն` պետք է ընտրեք «Դաշինքը»: Իսկ հավաքվածների շարքերից որեւէ պատասխան չհնչեց:
Համակարգային փոփոխությունը
Սամվել Բաբայանը` զգալով, որ ժողովուրդը պասիվ է, կարճ ելույթից հետո փորձեց հարցուպատասխանի միջոցով ոգեւորել հավաքվածներին: «Առանց «Դաշինք» կուսակցության ծրագրային դրույթների ոչնչի չենք հասնելու, լինելու ենք այն նույն կարգավիճակում, ինչում կանք: Եթե ես մեր տանը նստեի, երեւի ինձ չէիք հարգի: Ես պարտավոր էի դուրս գալ ու ներկայացնել այն, ինչ ներկայացնում եմ,- իր ելույթում ասաց «Դաշինքի» նախագահը,- Երբ մենք ընտրում ենք պատգամավոր, եւ այդ պատգամավորը կամ 5000 դրամ է տվել, կամ ինչ-որ մեկին լավություն է արել, կամ մեկի ջրատարն է կառուցել, այ էդ պատճառով այ էս վիճակում ենք լինում: Աղքատության մեջ` սպասելով, թե որտեղից է մի ամերիկացի գալու 2 մլն-ի ներդրում անի, մեր երիտասարդն էլ այնտեղ վարձու աշխատի: Իսկ պատգամավորին մենք ընտրում ենք որպես մի լավ տղա, կամ մի լավ հարեւանի եղբայր, խնդրել է, բա ի՞նչ պիտի անենք` պիտի ընտրենք: Եթե մենք այդ ճանապարհով ենք գնում, եթե մենք մեր խոսքը վաճառում ենք, ուրեմն` դրանից հետո բողոքելու ոչինչ չունենք, պետք է լուռ ու մունջ տանել այդ հինգ տարին: Խնդիրն այն է, որ այսօր պատգամավորն է որոշում կառավարությունը, ով է լինելու վարչապետը, մարզպետը: Երբ այդ պատգամավորն արդեն այնտեղ որպես կոճակ սեղմող է նստած, այլ ոչ թե որոշող, մենք այլեւս իրավունք չունենք բողոքելու: Մարդիկ պետք է հասկանան` արդյոք սա այն մա՞րդն է, որը մեր սկզբունքների հիման վրա պետք է որոշումներ կատարի: Մի մարդ փոխելով չի, համակարգը պետք է փոխել: Տեսնում եմ, որ պասիվ եք, չէի ուզենա ծավալվել, հարցուպատասխանի միջոցով քննարկենք հարցերը»: Ս. Բաբայանը ձեռքին մի քանի թուղթ ուներ. հարցերն էին, որոնցից մեկը վերաբերում էր բանակին: Ի՞նչ է անելու ինքը բանակում կարգապահություն հաստատելու համար: Ս. Բաբայանն ասաց, որ իրենց ծրագրում գրված է, որ պետք է ունենանք ուժեղ, կարգապահ, պրոֆեսիոնալ բանակ: «Երիտասարդը պետք է 6 ամիս տիրապետի զենքին, ինչքանով կտիրապետի, հետո պետք է իր ճանապարհն ընտրի: Բայց Հայաստանը պետք է ունենա հզոր բանակ, որը զսպելու է թշնամուն»,- ասաց Ս. Բաբայանը: Երկրորդ հարցաթուղթը գյուղացու օգնության մասին էր: «Եթե միանվագ օգնության մասին է խոսքը, դրա համար կան կուսակցություններ, որոնք այդ հարցերը լուծում են` դրանով ստանալով ձեր ձայները, հետագա 5 տարին նորից ձեզ թալանում են, կարող եք իրենց դիմել: Պետք է նվազագույն թոշակը լինի 100 դոլար»,- ասաց նա: Իսկ ինչ վերաբերում է երիտասարդների զբաղվածության, զվարճանքի վայրեր չունենալու խնդիրներին, ապա Ս. Բաբայանի համոզմամբ, այդ ամենը պետք է կարգավորեն մարզպետներն ու գյուղապետերը: «Մարզպետները, համայնքապետերը պետք է երիտասարդների որոշ հարցեր կարգավորեն` օրենքներով: Այսօրվա մեր գյուղապետերը, քաղաքապետերը օրենքով չեն առաջնորդվում: Նրանց կարգադրում են, ի՞նչ անեն: Նրանք խեղճ, լեզուները վաճառած մարդիկ են: Նրանք ուղղակի հանցագործ են, նրանք պետք է մի օր պատասխան տան: Այդ մարդիկ պետք է գիտակցեն, որ անհնար է այլեւս այդպես շարունակել, պետք է կանգ առնել, սա է խնդիրը»,- եզրափակեց Ս. Բաբայանը` հավելելով, թե «կաստում-գալուստիկով» մարդ տեսնելիս չպետք է մտածել, թե մեր հարցերը նա պիտի լուծի: