ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարել է, որ այժմ մեր ջանքերը պետք է ուղղված լինեն ոչ թե 1915 թվականի հայերի ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այլ՝ ցեղասպանության հարցում Թուրքիայի պատասխանատվությունը շեշտելուն:
«Ցեղասպանությունը մի հանցագործություն է, որի ճանաչումն անհետեւանք չի մնա»,- ասել է Կ. Մանոյանը: Վերջինս համոզմունք է հայտնել, թե քանի դեռ Թուրքիան չի ճանաչում իր մեղքը, ուրանում է ցեղասպանությունը, մենք «վտանգավոր հարեւան ունենք եւ մենք մեր անվտանգությունն ապահոված զգալու պատճառ չունենք»: Նրա կարծիքով՝ ցեղասպանության ճանաչման հաջորդ քայլը լինելու է փոխհատուցման հարցը: Ըստ Կիրո Մանոյանի, փոխհատուցում կարող է լինել «պատմական հայկական տարածքների միավորումը Հայաստանի Հանրապետության հետ»: Նա նաեւ նշել է, թե տարածքների կոնկրետ անունները եւ սահմանները կճշտվեն բանակցությունների ընթացքում: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանի ճակատագրով շատ մտահոգված դաշնակցական պարոն Մանոյանը նույնիսկ ՀՀ քաղաքացի էլ չէ (նա Կանադայի քաղաքացի է) եւ հետեւաբար իրավունք էլ չունի մեր անունից ինչ-ինչ հայտարարություններ անել՝ թեկուզեւ մենք շատ կուզեինք, որ իրականանար ծովից ծով Հայաստանի երազանքը: Սակայն արժե հիշեցնել, որ այսօր ազատագրված Արցախում ավելի քիչ մարդ է ապրում, քան ընդամենը մի քանի տարի առաջ, այսինքն՝ այն տարիներին, երբ այդ նույն ՀՅԴ-ն ՀՀ իշխանության մաս է կազմում, բավականին ազդեցիկ է Լեռնային Ղարաբաղում, այ հենց այդ տարիներին, դաշնակցականների կողմից տեղի-անտեղի հիշատակվող պատմական հայրենիքի մի մասը՝ Արցախն ու շրջակա տարածքները, ամայանում են: Բայց դա ՀՅԴ-ականներին չի խոչընդոտում, որ նորանոր տարածքների մասին խոսեն: Երեւի անիմաստ է հիշեցնել, որ այսօր մենք նույնիսկ մեր փաստացի ունեցածը, մեր ազատագրածը՝ Արցախը, չենք կարողանում միջազգայնորեն ամրագրել, ուր մնաց թե… : Հասկանալի է, որ նման հայտարարությունները ոմանց դուր գալու համար են արվում, բայց եթե իրոք այդքան շատ ենք սիրում Հայաստանը, եթե իրոք այդքան շատ մտահոգված ենք պատմական հայրենիքի ճակատագրով, սրանից-նրանից ինչ-որ բան պահանջելուց առաջ նախ հզորացնենք եղածը, կասեցնենք այսօրվա Հայաստանի հայաթափումը, գնանք եւ ապրենք Արցախում ու շրջակա տարածքներում, վերջապես գոնե լինենք ՀՀ քաղաքացի, նոր խոսենք մեր նմանօրինակ երազներից, այլ ոչ թե Հայաստանի ու հայերի անունից անպատասխանատու հայտարարություններ անենք: Կարճ ասած՝ խոսելու տեղ ունենանք, նոր խոսենք: Սակայն քանի որ այդ «խոսելու տեղն» ունենալու համար պետք է աշխատել, շատ աշխատել, իսկ դա այնքան էլ հաճելի ու հեշտ գործ չէ, դրա համար էլ ոմանք նախընտրում են խոսել՝ առանց «խոսելու տեղ» ունենալու: Դա հեշտ է, հաճելի, անօգուտ, բայց վտանգավոր: Ի վերջո, փաստ է, որ տեղի-անտեղի պատմական հայրենիքը հիշող ՀՅԴ-ն իր ավանդն ունի այդ պատմական հայրենիքի մեծացման գործում: Դարձյալ տեղին է հիշել ոչ անհայտ գրողի հետեւյալ տողերը. «Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ: Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով… »: