«Պարզապես քաղաքում ով մնացել է, բոլորը փողոցում են: Դե արեւոտ օր է, մարդիկ` բոլորը անգործ, դուրս են եկել գոնե արեւ տեսնեն»,- բացատրեցին: Մեքենաների առատությունն էլ էր անսովոր: «Դե ինչքան ավտո կա՝ տաքսու տակ են քշում»,- դա էլ այդպես մեկնաբանեցին: Վարորդները հիմնականում անգործ էին: «Շատերն էլ իրար ինադու են ավտոները հանում կանգնացնում»: Սակայն «ինադու» գործոնը աշտարակյան իրականության մեջ մեծ եկամուտներ չի ապահովում: «Լավագույն դեպքում, օրվա մեջ 4-5000 դրամ եմ աշխատում, որից 3000-ը նալոգ եմ տալիս»,- ասաց տաքսու վարորդներից մեկը: Սերգեյ Միքայելյանն էլ է տաքսու վարորդ աշխատում: Բարձրագույն կրթություն ունի, նույնիսկ հրապարակախոսական մի քանի հոդվածներ է տպագրել հայաստանյան մամուլում, ասում է՝ Վանո Սիրադեղյանը հավանել է իմ քննադատական-վերլուծական միտքը, բայց հիմա տաքսու վարորդ է ընդամենը, նյարդերից է բողոքում, ասում է՝ սիրտս շատ վատ է, մենակ էն պուճուր դեղին հաբերից եմ կարողանում առնել խմել, բժշկի վախենում է գնալ, որովհետեւ չի ուզում երեխաների բերանից կտրի-տանի բժիշկներին տա, առողջապահությունը մեզ նման հասարակ մարդկանց համար չի՝ ասում է, մտավորականության խեղճ վիճակից է բողոքում, ասում է՝ մտավոր ներուժը ցիրուցան է լինում, ու ճնշումը դրանից բարձրանում է:
Աշտարակի քաղաքապետն արձակուրդում է: Տեղակալ Ռուշան Մկրտչյանն ասում է՝ «Լավ կլինի, քաղաքի խնդիրների մասին քաղաքի առաջին դեմքը խոսի»: Որպես քաղաքացի էլ պրն Մկրտչյանը խուսափում էր իր մտորումները կիսել, որովհետեւ՝ «Ես էստեղ շահեր ունեմ, չէ՞, էս քաղաքապետարանի շահերի պաշտպանն եմ, չէ՞»: Ասում եմ՝ «Իսկ պրոբլեմներ չունե՞ք»: Պարզվեց՝ ունի, բայց գերադասում է, որ այդ մասին էլ քաղաքապետը խոսի: Պրն Մկրտչյանից հաջողվեց ճշտել ընդամենը, որ Աշտարակում երկու գործարան կա՝ «նախկին Կոնդենսատորների գործարանը, որտեղ նախկինում 800-1000 մարդ էր աշխատում, հիմա՝ սեփականաշնորհումից հետո պրոֆիլը փոխել է. լազերային տեխնիկայի համար ինչ-որ դետալներ են արտադրում, հիմա երեւի մի 100-200 աշխատող կունենան»: Մյուսը գինու գործարանն է, որ կրկին սեփականաշնորհվել է եւ բնականաբար նախկին ծավալներով չի աշխատում: Իսկ սեփականատերերի մասին տեղեկություն ոչ ոք չուներ: «Դե՛, մարդիկ են,- ասում է պրն Մկրտչյանը,- անուններով չգիտեմ, մի քանի բաժնետերեր են՝ ինչ իմանամ` կառավարությունն ում ա վաճառել, ասում են՝ բաժնետերերից մեկը Մոսկվայում է նստում, մյուսը՝ Անգլիայում…»:
Աշտարակը գյուղատնտեսական գոտի է համարվում: Այգիների մոտ 60 տոկոսն անկախության տարիներին ավերվել են: «Մնացածի օգուտն էլ,- ասում են,- դե՛, Թումանյանը մեզնից լավ ա ասել՝ մի կտոր չոր հաց՝ երկնքից կախած»: «30 տարի զոոտեխնիկ եմ աշխատել,- ասում է Մովսիսյան Ռաֆիկը,- բայց հիմա իմ այգին չեմ կարողանում մշակել՝ ոչ ձեռքերիս մեջ ա ուժ մնացել, ոչ էլ մշակմանն անհրաժեշտ հնարավորություններն ունեմ»: «Որտեղի՞ց ունենամ,- ասում է,- 6000 դրամ թոշակ եմ ստանում, դրանով ի՞նչ անեմ: Ձեռքերս արդեն դողում են, չեմ կարողանում անգամ սափրվել: Էդ 6000 դրամով հաց ուտե՞մ, ապրե՞մ, թե՞ սափրվեմ. մի անգամ սափրվելը 500 դրամ արժի. մարդ եմ, չէ՞, շաբաթը մի անգամ որ սափրվեմ, իմ թոշակից ի՞նչ կմնա…»:
«Ես մեր նախկին դեպուտատներին՝ սկսած տերտերից, տերտերին գիտե՞ս՝ Տեր-Հուսիկը, Տեր-Հուսիկից սկսած մինչեւ Վարդգես Պետրոսյան, ռայկոմից որ գալիս էին, շալվարները գլխներից հանում-խայտառակ էի անում, բայց հիմիկվանների մասին խոսելն էլ է ամոթ,- ասում է Ռ. Մովսիսյանը,- մենք սենց երկիր էինք ուզում. մենք ասում էինք՝ ՍՍՌՄ-ը քանդեք, բոլոր անկարգներին գնդակահարեք, երկիրը նորմալ ռելսերի վրա դրեք, բայց հիմա հա՛մ էդ նույն անկարգներն են պաշտոնատեր, հա՛մ իրանց տղերքը: Էլի՛ նույն անասուններն են մեզ ղեկավարում»:
«Պրոբլեմներն արտակարգ շատ են, ո՞ր մեկն ասենք՝ առաջ որ ջուրը «պաստայաննի» էր, հիմա 3 ժամ են տալիս, էդ ջուրն ի՞նչ եղավ, ո՞ւր գնաց: Ասում են՝ գազ ենք տալիս, բայց ո՞վ փող ունի, որ գազ վառի»:
«Մեր դեպուտատը մինչեւ էսօր մի հատ չի եկել-ասի՝ ա՛յ ժողովուրդ, դու դարդ ու ցավ ունե՞ս… Ո՜վ ա նրանից խաբար, նրա ընտրվելուց խաբար, ո՜նց ա նշանակվել,- ասում էր մեկ ուրիշը,- էս ջահելները որ էսօր անգործ թափած են փողոցներում, վաղը-մյուս օրը թոշակի են գնալու, ինչո՞վ են թոշակ ստանալու, եթե աշխատատեղ չկա: Հաշվե՞լ են` 17-30 տարեկան քանի աղջիկ ա տանը մնացել, քանի որ տղերքը աշխատանք ու փող չունեն, որ ընտանիք պահեն։ Չարի՞ք չի դա… Հարուստները գալիս Աշտարակի ձորում քեֆ են քաշում, հետո քեֆները լավանում ա, մտածում են՝ բա մի հատ տուն չունենա՞նք էս ձորին մոտիկ: Գնացեք Մուղնի թաղամասը նայեք՝ 30-ից ավել շքեղ տներ են նոր կառուցել, ոչ մեկը չգիտի` ովքեր են, որտեղացի են, էս սոված ժողովրդի աչքի առաջ վիլլաներ են սարքում»:
Աշտարակի մեծահարուստ Մուղսոնց Գեւոյին կոմունիստները հակա են հանել, աքսորել, տունը բռնագրավել: Նոր իշխանությունները եկել ու շենքը վերադարձրել են Գեւոյի ժառանգներին: Ավելի քան 100 տարվա վաղեմության գեղեցիկ կառույցից շուտով ոչինչ չի մնա. թոռները շենքը չեն կարողանում բաժանել իրար մեջ: Շենքը վերածվել է հանրային զուգարանի: «Բա սա քաղա՞ք է,- ասում էին,- բա քաղաքում մի հատ զուգարան չի՞ լինի, հլա ձեր չորս կողմը նայեք՝ ձյունը քանի դեռ չէր հալվել, ոչինչ չէր երեւում, հիմա ոնց որ աղբանոց լինի, քաղաքապետը մենակ իր տան դեմն է մաքրել տալիս»: Մուղսոնց Գեւոյի տան սենյակներից մեկն էլ ծերերն են գրավել. հավաքվում-նարդի են խաղում. «Քաղաքապետին խնդրեցինք, ասինք՝ հորդ թայ մարդ ենք, պարապ-սարապ՝ սաղ օրը գնալու տեղ չունենք, գոնե մի լամպուշկա, մի հատ էլ պլիտա միացրու, հավաքվենք-նարդի խաղանք՝ օրներս անցնի, ասաց՝ բա էդ փողը ո՞վ ա մուծելու»:
«Աղջի՛կ ջան, ո՛չ քո գլուխը ցավացրու, ո՛չ մերը,- ասում էին,- թե գրելու ես, հոդվածիդ վրա գրի` «Աշտարակում մարդիկ սովից ուռել են», ու վերջակետ դիր»:
Աշտարակ-Երեւան լեփ-լեցուն երթուղայինում ակամա պարզվեց լրագրող լինելս, ու ուղեւորների բողոքի հեղեղից վարորդը ստիպված «քոքեց» մագնիտոֆոնը: Մի խոսքով՝ ես տեսա եւս մի քաղաք, որտեղ մարդիկ չեն ապրում, չեն ուտում, չեն խմում, չեն աշխատում, չեն սիրում, չեն ամուսնանում, ոչինչ չեն անում, միայն ատում են: Անմնացորդ ատում են հանրապետության նախագահին ու իշխանություններին: Զզվում են իրենք իրենցից, որ խեղճ են ու ոչինչ չեն կարողանում փոխել: Այժմ տաքսու վարորդ, իրեն մտավորական բարձր ներուժի տեր համարող Սերգեյ Միքայելյանն ասում է. «Էս ժողովուրդը չի կարողանա հեղափոխություն անել, մենք մենակ կարող ենք սպասել` մինչեւ ալյուրի գինը եռակի թանկացնեն, որ հետո էլ մտածենք՝ որտեղի՞ց փող ճարենք, ալյուր առնենք…»: