Հայաստանի հեռուստաեթերում իրականացվում է «Հանրապետություն» կուսակցության լրատվական շրջափակման քաղաքականություն: Երեկ նման տեսակետ է հայտնել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նա բերել է օրերս Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կուսակցության անցկացրած հանրահավաքի լուսաբանման օրինակը, նշելով, որ հանրահավաքի մասին տեղյակ էին բոլոր հեռուստաընկերությունները, սակայն այն չի լուսաբանվել: «Մենք սա գնահատում ենք կուսակցության նկատմամբ իրականացվող լրատվական շրջափակման քաղաքականություն եւ խորապես համոզված ենք, որ այս քաղաքականության թիկունքին կանգնած է Հայաստանի իշխանությունը, ավելի ստույգ՝ նախագահի աշխատակազմը»,- ասել է Ս. Սուրենյանցը: Նա հիշեցրել է, որ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդի առաջ հեռուստաեթերը փակ է եղել անցած գրեթե երկու տարիների ընթացքում եւ իրենց բոլոր դիմումներին հեռուստաընկերություններն արձագանքել են, թե վախենում են իշխանության ճնշումներից: Ըստ Ս. Սուրենյանցի, հանրայինի հեռուստաեթերի իրենց մոնիտորինգը ցույց է տվել, որ լրատվական թողարկումներում տեղ ունեն միայն իշխանական չորս կուսակցությունները եւ 2-3 «կառուցողական» ընդդիմադիրներ: Ընդդիմությանը բաժանելով իրական եւ կառուցողական կատեգորիաների, Ս. Սուրենյանցը երեկ ասել է, թե ում է համարում իրական ընդդիմություն: Նա տվել է «Հանրապետություն», ՀՀՇ, «Նոր Ժամանակներ» կուսակցությունների եւ «Իմպիչմենտ» դաշինքի անունները: «Իսկ Ժառանգությո՞ւնը»: Այս հարցին Ս. Սուրենյանցը պատասխանել է. «Մենք գործընկերներ ենք»: