Այս ամբողջ շաբաթվա ընթացքում հետխորհրդային տարածքի տարբեր մասերում կանցնեն 1915թ. Օսմանյան Կայսրությունում հայերի ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ: Դրանցից ամենատպավորիչները, Հայաստանից բացի, սպասվում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում:
Մոսկվայի հայ երիտասարդական կազմակերպությունները մի շաբաթ առաջ հայտարարել էին, որ ապրիլի 24-ին նախատեսում են անցկացնել բողոքի մի շարք ակցիաներ: Հայտարարության մեջ ասված է. «92 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կառավարությունը հրեշավոր ոճիր է իրագործել` հայ ժողովրդի Ցեղասպանությունն իր պատմական հայրենիքում: 1915-1923թթ. գազանաբար սպանվել են ավելի քան 1,5 մլն խաղաղ հայ բնակիչներ, նաեւ մեծ թվով հույներ, արաբներ, ասորիներ, քրդեր եւ տեղաբնակ այլ ազգերգ: 1914թ.` հայերի ցեղասպանությունից մի տարի առաջ, Օսմանյան Կայսրության տարածքում եւ Արեւմտյան Հայաստանում ավելի քան 2500 եկեղեցիներ կային, իսկ Ցեղասպանությունից հետո մնացել էին 900-ից քիչ ավելի, որոնցից մոտ 500-ը հետագայում ջնջվել են երկրի երեսից, 250-ից ավելի եկեղեցիներ ավերակ են դարձել եւ մոտ 200-ը վերակառուցման կարիք ունեն»:
Մոսկվայում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում ապրիլի 24-ի նախօրեին տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի հիշատակի հոգեհանգստի արարողություն, ցուցադրվեցին «Դեպի Արարատ», «Արմին Վագներ. ցեղասպանության լուսանկարիչը», «Ուխտագնացություն դեպի Արեւմտյան Հայաստան» կարճամետրաժ փաստագրական ֆիլմերը: Իսկ արդեն ապրիլի 24-ին տեղի ունեցավ հիշատակի պատարագ: Նույն օրը Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցավ հիշատակի հանրահավաք:
Թբիլիսիում Վրաստանի հետ համագործակցության հայկական կենտրոնը (ՎՀՀԿ) Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ ջահերով բողոքի խաղաղ ակցիա էր կազմակերպել` «Հիշատակի եւ պայքարի բոց»: Իր հայտարարության մեջ ՎՀՀԿ-ն ուշադրություն է բեւեռում այն բանի վրա, որ լույս 24-ի գիշերը Կոստանդնուպոլսում ձերբակալվել, ապա եւ սպանվել են հայ մտավորականության ներկայացուցիչները` ավելի քան 800 գրողներ, նկարիչներ, փաստաբաններ եւ հոգեւորականության ներկայացուցիչներ: Մի գիշերվա ընթացքում Թուրքիայի հայ բնակչությունը զրկվեց իր մտավորականներից ու հոգեւորականներից: Դրան հետեւեցին հայերի զանգվածային տարհանումները Օսմանյան Կայսրության բոլոր շրջաններից եւ նախապես ծրագրված ցեղասպանության իրականացումը:
Վրաստանի հայկական եկեղեցիներում եւս հոգեհանգստի պատարագներ տեղի ունեցան:
Ղրիմի կառավարությունն այդ տխուր միջոցառումների համար «տրամադրել է» ամբողջ 3 օր` ապրիլի 21-24-ը: Ուկրաինական թերակղզում այս օրերին անցկացվեցին կլոր սեղան, սգո երթ եւ պատարագ: «Յուրաքանչյուր հայ համայնք, ինչպես եւ հայոց պետությունը, բոլոր ուժերն եւ հնարավորությունները պետք է օգտագործի` հասնելու համար այն բանին, որ միջազգային հանրությունը, եւ նախ եւ առաջ Թուրքիան, ճանաչի ցեղասպանության փաստը»,- լրագրողներին ասաց Ղրիմի հայ երիտասարդների կոմիտեի (ՂՀԵԿ) հասարակայնության հետ կապերի գծով փոխնախագահ Կարինա Խաչանյանը: Նրա խոսքերով` Ղրիմի Գերագույն խորհուրդն ապրիլի 24-ն ընդունել է որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Ղրիմի նախաձեռնությունն իր «շարունակությունը» գտավ ԱՄՆ-ում, որտեղ Օհայո նահանգի նահանգապետ Թեդ Ատրիկլենդը հատուկ հայտարարությամբ ճանաչել է 1915թ. Օսմանյան Կայսրությունում հայերի ցեղասպանությունը: Այսպիսով, Օհայոն ԱՄՆ-ի 40-րդ նահանգն է, որը ճանաչել է ցեղասպանությունը: Նահանգապետի հայտարարության մեջ ասված է. «Օհայոյի բնակիչնե՛ր, կոչ եմ անում ձեզ հարգելու Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը»: Օհայոյից մի շաբաթ առաջ էր անցել Հյուսիսային Դակոտա նահանգը. Չիկագոյի քաղաքային խորհուրդը հռչակագիր է ընդունել, որը ստորագրել է քաղաքապետ Ռիչարդ Դեյլին: Այս նահանգում եւս ապրիլի 24-ը հայտարարված է Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Սակայն հարցի նման տարածումը Թուրքիայի վրա չի ազդում: Անկարան առաջվա նման պնդում է, որ ցեղասպանություն չի եղել, եւ ոչ մի նշան չկա, թե առաջիկայում որեւէ բան կփոխվի այս առումով: Ավելին, Թուրքիան փորձում է ազդել այլ երկրների կառավարությունների վրա` նրանց սեփական կողմը հակելու նպատակով: Դա երբեմն հաջողվում է: Օրինակ` ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմն աննպատակահարմար է գտնում Ցեղասպանության հարցը քննարկելը, ինչի մասին բազմիցս տեղյակ է պահել Սենատին եւ Կոնգրեսին` ուղղակիորեն նշելով այդպիսի դիրքորոշման պատճառը. Թուրքիան լուրջ գործընկեր է, եւ նրա հետ հարաբերությունները փչացնել չի կարելի, քանի որ դա կանդրադառնա Աֆղանստանում եւ Իրաքում իրականացվող կամպանիաների վրա. այնտեղ գտնվող զինվորական կոնտինգենտի մատակարարումն ապահովվում է հենց Թուրքիայի տարածքով: Ամեն դեպքում, ամերիկյան օրենսդիրները Ցեղասպանության հարցին յուրովի մոտեցում ցուցաբերեցին`առանձնապես ուշադրություն չդարձնելով աշխատակազմի խորհուրդներին: Պետք է խոստովանել, որ թուրք հասարակության մի մասի տրամադրությունները Ցեղասպանության ճանաչման հարցում որոշ չափով փոխվել են: