My Name is Armenia

25/04/2007 «Նոր ձեւաչափ» խորհրդատվական կենտրոն

Այս խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն իր թեմատիկ եւ բովանդակային բազմազանությամբ աչքի չի ընկնում: Ինչպես եւ կռահելի էր, քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը սեւեռվել է հիմնականում երկրի տնտեսական եւ սոցիալական խնդիրների, ինչպես նաեւ՝՝ արդարության եւ մեր թերժողովրդավար համակարգի այլ հասարակական-քաղաքական խնդիրների վրա:

Թվերի, խոստումների եւ բոցաշունչ ելույթների այս հորձանուտում գրեթե լուսանցք են մղվել մեր երկրի առջեւ ծառացած արտաքին դիվանագիտական հիմնախնդիրներին առնչվող քննարկումները: Ղարաբաղյան հիմնահարց, Հայաստան-միջազգային հանրություն փոխհարաբերություններ, տարածաշրջանային գործընթացներ: Այս ամենը եւ մի շարք այլ հարցեր կենսական կարեւորություն ունեն մեր պետության ապագայի համար, սակայն թե ԶԼՄ-ները, թե քաղաքական ուժերը որեւէ լուրջ անդրադարձ արտաքին քաղաքական հիմնախնդիրներին այդպես էլ դեռ չեն կատարում: Անգամ շատերի նախընտրական ծրագրերում այս հարցերը լղոզված են եւ շրջանցված (երեւի թե ՀՀԿ եւ ՀՅԴ բացառությամբ):

 Մյուս կողմից, աշխարհի հզորների ուշադրությունը 2007 թվականի ընտրությունների հանդեպ հետզհետե մեծանում է: Ռուսաստանը, ԵՄ-ն եւ ԱՄՆ անթարթ հայացքով ոչ միայն հետեւում են մեզ, այլ նաեւ օրենքի շրջանակներում, իսկ երբեմն՝ նաեւ օրենքից դուրս փորձում են միջամտել եւ մոդելավորել մեր քաղաքական գործընթացները: ՕԵԿ-ի ղեկավարի հետ պատահած վերջին աղմկահարույց սկանդալը դեռ երկար ջուր կքաշի: Որոշ արտաքին ազդակներ ուղղակի մեր ինքնիշխան պետության ներքին գործերի միջամտություն են հիշեցնում: Կուսակցությունների մի մասը ներսում բացահայտ անուժ ու անօգնական լինելու հանգամանքը փորձում են փոխհատուցել դրսում քաղաքական զուգընկերներ փնտրելով:

Ի մի բերելով վերոհիշյալը, փորձենք ինքներս կողմնորոշվել մեր կուսակցությունների միջազգային ճաշակում:

Իհարկե, ներկայացված դասակարգումը խիստ պայմանական է եւ հասարակությանը հայտնի կողմնորոշումների վրա հիմնված, սակայն, ինչպես երեւում է աղյուսակից, ակնհայտ են հետեւությունները.

1. Հայաստանի քաղաքական վերնախավը խիստ բեւեռացված է աշխարհաքաղաքական նախընտրությունների հարցում: Ուստի երկրի զարգացման վեկտորը կարող է խիստ փոփոխվել՝ կախված իշխանության եկած կուսակցության «գեոպոլիտիկ ճաշակից»:

2. Ցավալի սակավաթիվ են այն կուսակցությունները, որոնց իմիջը տեղավորվում է հենց Հայաստանի շրջանակում: Կուսակցություններից շատ-շատերը այլ արտաքին շահեր սպասարկող են դիտվում:

3. Քիչ չեն ուժերը, որոնց արտաքին կողմնորոշումը այդպես էլ անհայտ է մնում:

Իսկ մեզ մնում է հուսալ, որ հայ ժողովրդի եւ հայոց պետության ճակատագրերը կհայտնվեն Հայաստանի հոգսերով, շահերով ու խնդիրներով առաջնորդվող մարդկանց ձեռքերում: