Ավելի լավ է գնալ գործի, քան խոսքի ետեւից

25/04/2007 «Նոր ձեւաչափ» խորհրդատվական կենտրոն

– Նախորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցել եք մեծամասնական ընտրակարգով: Ինչո՞ւ այս անգամ որոշեցիք առաջադրվել համամասնական ընտրակարգով եւ ընդգրկվել Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում:

– Հինգ անգամ ընտրվել եմ մեծամասնական ընտրակարգով: Մեկ անգամ ընտրվել եմ Դիլիջանի, չորս անգամ՝ Գավառի ընտրատարածքից: Ցավոք, կան մարդիկ, ովքեր կարծում են, թե ես շարունակ նույն ընտրատարածքից եմ ընտրվում: Եթե առաջ ես ունեի 5000 ընտրող, այնուհետեւ՝ 44.000, ապա այսօր` շուրջ 56.000: Այդ թիվն այնքան է մեծացել, որ զուտ ծննդավայր հասկացությունից դուրս է եկել եւ այժմ իր մեջ ներառում է ողջ տարածաշրջանը: Կարծում եմ՝ արդեն ապացուցել եմ, որ ես մեծամասնական ընտրակարգով կարող եմ հաղթել կուսակցությունների, անհատների, ճանաչված դեմքերի եւ գալ խորհրդարան: Այդ խնդիրն ինձ համար լուծված է: Այսօր ԱԺ-ի դերն ու տեղն այնքան է մեծացել, որ այն պետական իշխանության կառավարման համակարգում այլ դերակատարություն ունի: ԱԺ-ում աշխատանքն ավելի թիմային է դառնում, եւ անհատը խորհրդարանում մեծ դերակատարություն չի կարող ունենալ: Ես երկար էի մտածում՝ ստեղծե՞լ արդյոք սեփական ծրագիրը եւ փորձել այն իրագործել: Իրականում այդ ծրագիրը տարածաշրջանի ծրագիր էր լինելու, եւ լուրջ հաջողությունների հասնել գրեթե անհնար կլիներ: Բացի այդ, ես միջազգային ասպարեզում բավականին ակտիվ աշխատանք եմ կատարում: Երբ միջազգային կառույցներում ինձ հարցնում են, թե որ կուսակցության անդամ եմ, եւ պատասխանը լինում է այն, որ ես անկուսակցական եմ, նրանք պարզապես չեն հասկանում, թե ինչպես կարող է ակտիվ քաղաքականության մեջ գործող ամենաերկարակյաց պատգամավորը չունենալ կուսակցական դիրքորոշում: Ես շուրջ 15 տարի է, ինչ համագործակցում եմ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ: Եվ եթե ես այսօր 100-ից ավելի օրենքների հեղինակ եմ, ապա այն պարզ պատճառով, որ ինձ միշտ սատարել է խորհրդարանական մեծամասնությունը, հատկապես՝ Հանրապետական կուսակցությունը: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, եւ Հանրապետական կուսակցության ղեկավարության հետ քննարկումների արդյունքում որոշեցի, որ ավելի ճիշտ կլինի՝ միանամ թիմային աշխատանքին: Այս անգամ էլ կարող էի առանց այլեւայլության ընտրվել մեծամասնական ընտրակարգով: Սա եւս ակնհայտ է:

– Ասացիք, թե միայնակ գրեթե անհնար է իրականացնել տարածաշրջանային ծրագիր: Ո՞րն է պատճառը:

– Խորհրդարանում բոլոր հարցերը լուծվում են մեծամասնության համաձայնությամբ: Եթե դու մի մարդ ես, ինչպե՞ս կարող ես մեծամասնության վրա ազդել: Եթե դու թիմ ունես, գործընկերներ, ապա կարող ես հարց բարձրացնել եւ անցկացնել: Նշեմ նաեւ, որ ես, հանրապետության մասշտաբով աշխատելուց զատ, կմնամ իմ Գավառի տարածաշրջանի պատգամավորը:

– Ինչո՞ւ որոշեցիք միանալ հենց Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

– Հանրապետական կուսակցության ցուցակի առաջավոր դիրքերում հայտնվեցի մի պարզ պատճառով, նախ՝ դասական կուսակցություններից հետո Հանրապետականն ամենաերկարակյացն է, եւ երկրորդ՝ այդ կուսակցության ներկայացուցիչների հետ երկար եմ աշխատել: Ես գտնում եմ, որ ՀՀԿ-ն պարկեշտ միավոր է եւ իսկապես չի կարողանում ներկայացնել այն հսկայածավալ աշխատանքը, որ կատարել է: ՀՀԿ-ն երբեք չի հրաժարվում այն թերություններից եւ սխալներից, որոնք թույլ է տվել: Աշխատող մարդն է սխալվում, չաշխատողը չի կարող սխալվել: Ներկայիս հասարակությունը, սակայն, լավ գիտե, որ ավելի լավ է գնալ գործի, քան խոսքի ետեւից:

– Ընդգրկվել եք Հանրապետականի ցուցակում, սակայն կուսակցության անդամ չեք դարձել: Ինչո՞ւ որոշեցիք անկուսակցական մնալ:

– Յուրաքանչյուր քայլ կատարելուց առաջ ես փորձում եմ հասկանալ, թե ինչ կարծիք այն կառաջացնի հասարակության մոտ: Իմ նման ակտիվ մարդը պետք է կուսակցական լինի, անկուսակցական լինելը բավականին դժվար է: Ես հաճախ եմ կատակով նշում, որ դարը մեկ կուսակցություն եմ ընտրում: 20-րդ դարում եղել եմ մեկ կուսակցության անդամ, 21-րդում պետք է ընտրեմ այնպիսի կուսակցություն, որ այլեւս երբեք չփոխեմ կուսակցականությունս: Մեկ տարի է, ինչ սկսվել է նախընտրական քարոզչությունը, եւ այս ընթացքում հենց փորձեի որեւէ կուսակցության մեջ մտնել, այդ քայլս շահարկումների առիթ կդառնար: Ավելի հանգիստ ժամանակաշրջանում ես կորոշեմ իմ կուսակցականության հարցը:

– Համամասնական ընտրակարգով առաջադրվելու Ձեր քայլն արդյոք ենթադրո՞ւմ է, որ կողմ եք 100 տոկոսով համամասնական ընտրությունների անցկացմանը:

– Ես գտնում եմ, որ մեր երկրում համամասնական ընտրակարգը պետք է 100 տոկոսանոց դառնա: Մենք դրանով կօգնենք, որպեսզի կուսակցությունները վերջնականապես կայանան եւ թիմեր դառնան, եւ, որ ամենակարեւորն է՝ փորձենք մեծամասնականով առաջադրվածների լարված պայքարը տեղափոխել գաղափարների դաշտ: Ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ կուսակցությունը կայացել է, սակայն չի պայքարում 100 տոկոս մանդատի համար: Եթե կուսակցությունները տեղերում չունեն վստահված անձինք, ովքեր պետք է հսկողություն իրականացնեն ընտրությունների ազատ անցկացման նպատակով, եւ այսօրվանից փորձում են ապատեղեկացնել հասարակությանը, ես դա չեմ ընդունում: Նշանակում է՝ այդ կուսակցությունը կայացած չէ: Եթե դու 2000 թիմակից չունես, ուրեմն չպետք է մասնակցես քաղաքական այս մեծ գործընթացին: Շարքային քաղաքացու համար ի՞նչ է նշանակում՝ 20-ից ավելի կուսակցություններ, որոնք մասնակցում են ընտրություններին: Գուցե սա դրական հանգամանք է ժողովրդավարության առումով, սակայն դժվար է լինելու քաղաքացու կողմնորոշման խնդիրը: 15-16 կուսակցություն ընտրություններից հետո խորհրդարան չեն գալու, եւ պարզ է, որ իրենց չկայացվածությունը պետք է փորձեն այլ հարթություն տեղափոխել, ինչը երկրի համար դրական չէ: Ես ուրախ եմ, որ կան երկարաժամկետ դիտորդներ, որոնք ճիշտ մոնիտորինգ անցկացնելու դեպքում կպարզեն, թե որ կուսակցությունների ետեւից է գնում ժողովուրդը: Եթե կուսակցությունը գնում է գյուղ, եւ նրա ետեւից մարդ չի գնում, հանդիպումը տեղի չի ունենում, ուրեմն նա անելիք չունի:

– Ընդդիմադիր ուժերն էլ, սակայն, նշում են, որ իշխանական կուսակցություններն օգտագործում են իրենց լծակները հանդիպումներին մարդկանց մեծ թիվ ապահովելու համար:

– Եթե կուսակցությունն իշխանական է, ուրեմն պետք է օգտագործի իր հնարավորությունները: Ո՞վ ասաց, թե իշխանությունն ափսեի վրա են մատուցում: Հավասար դաշտ է ստեղծված: Եվ եթե մեկն աշխատում է իշխանական համակարգում, պետք է պաշտպանի հենց իշխանությանը: Եթե դեմ է իշխանությանը, ուրեմն թող դուրս գա այդ համակարգից: Որեւէ մեկին ծեծելով հանդիպումների չեն բերում: Հայտարարություն է տրվում, եւ, ով ցանկանում է՝ գալիս է: Եթե մարդիկ գիտեն, որ այս կուսակցությունը գործ է արել, ուրեմն պետք է գնան նրա ետեւից, անկախ թերություններից: Եթե երկրում աղքատությունը 29 տոկոս է կազմում, ուրեմն բավականին անելիքներ կան: Բայց եթե համեմատում ես անցած ուղին, ապա պարզ է դառնում, որ կառավարությունը կարողացավ հատել բյուջեի 1 մլրդ-ի սահմանը, նվազագույն աշխատավարձը բարձրացրեց 20 անգամ, կենսաթոշակները` 3: Եվ, որ ամենակարեւորն է՝ այժմ էլ է աճող գործընթաց առաջարկում: Ներկա կառավարությունը ստեղծում է պայմաններ ներդրումների, վարկեր բերելու եւ տնտեսության զարգացման համար: