11 տարեկան Մարիամը շատ է տառապում մոր համար, որովհետեւ հայրը` Արմենը, 10 տարի առաջ լքել է իրենց ու իբրեւ թե աշխատելու համար՝ մեկնել է Մոսկվա: Ինչպես շատ հայ տղամարդիկ, այնպես էլ՝ նա, մեկնել է արտագնա աշխատանքի եւ, այնտեղ կապվելով իրենից բավականին տարեց մի կնոջ հետ` նոր կյանք է սկսել: Մոսկվայում նոր կյանք սկսած երկու երեխաների հայրը, սակայն, երեխաներին թողել է իր անցյալում եւ նրանց ճակատագրով այլեւս չի հետաքրքրվում: Մարիամը մորը մխիթարելու համար ասում է` «Մա՛մ ջան, ես քեզ կպաշտպանեմ, համարի, որ ես տղա եմ, քո գլխին կանգնած եմ»: 33-ամյա Կարինեն որպես կին վիրավորված ու թերարժեք է իրեն զգում եւ ինքն իրեն հորդորելու համար ասում է. «Ճիշտ ա, ես սենց փարթամ եմ, բայց իրա առած կինը հաստատ ինձնից լավը չի: Է՜հ, բախտավոր իմ գլխին, որ երեխեքիս գլխին հայր լիներ: Էն դժվար տարիներից էդ մեյդան ընկավ: Սաղ տղամարդիկ երեխեքին ու կնանիքին թողնում-գնում են մոսկվաներում ապրելու: Մենք` երկուսս էլ մարտունեցի ենք, գեղացի տղա էր, գնաց, աչքերը բացվեց: Հայ տղամարդու համար միշտ էլ դրսինն ավելի համով ա»: Կարինեն երկու անչափահաս երեխաների հետ ապրում է Էրեբունի համայնքի Վարդաշենի հանրակացարանում: Թեեւ դրսում գարուն է, բայց այս ընտանիքի անդամները թե՛ տանը, թե՛ դրսում դեռ ձմեռային երկարաճիտ, պատառոտված կոշիկներով են ման գալիս: Սոցիալապես ծանր վիճակում են: Պատահում է, երբ աղջիկները քաղցած են մնում ու քնում են հատակին, որովհետեւ ընդամենը 1 մահճակալ ունեն: Զարմացած եմ` «Հատակի՞ն, ինչո՞ւ հատակին»: Կարինեն իմ հարցից խիստ զարմացած՝ ինքն է հարցնում. «Ինչի հատակի՞ն, բա որ կռավաթ չկա, որտե՞ղ քնենք»: Կարինեն առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն վախենում է դիմել բժշկի: Ոտքերն աննկարագրելի այտուցված են, «տրոմբ» ունի: Հարցնում եմ` «Ո՞նց եք ապրում, աշխատանք ունե՞ք»: Պատասխանում է` «Բախտավոր իմ գլխին, որ նորմալ աշխատանք ունենայի: Հիմա իմ նման «կալաբոկ» դարձած կինն ո՞ւմ ա պետք, ուր դիմում եմ` նիհար, բոյով, բարետես են ուզում: Էլի փառք Աստծո, որ մի հիվանդ տատիկ կա, իրան խնամում եմ, օրը 1000 դրամ են տալիս»: Ասում է, որ 1000 դրամ օրական եկամուտով հանդերձ՝ դպրոցում ահագին պարտք է կուտակվել: «Գրքերի պարտքերը չենք տվել, էնքան շատ են հավաքում, որ չեմ հասցնում: Մարտի 8-ի նվերի համար էլ եմ պարտք: 2000 դրամ էին հավաքում, ասեցի` քարը տրաքի՝ 1000 դրամ կտամ, էն էլ երեխեքիս սոված եմ պահելու, որ տամ: Դասատուն աղջկաս կանգնել-ասել էր` ես քո տեղը 1000 դրամ կդնեմ, դու պարտքդ կտաս: Ա՛յ տենց իրանց նվերի համար իմ տեղը դնում են, որ հետո փակեմ: Հիմա երեխուն ասում ա՝ ե՞րբ ես պարտքդ տալու»: Մարիամն ու Սառան դպրոցում շատ են ճնշվում վատ հագնվելու համար: Կարինեն պատմում է, որ անցած քննությունների համար 8-րդ դասարանցի Սառայից 5000 դրամ են պահանջել, որովհետեւ դասարանում յուրաքանչյուրից այդքան գումար են հավաքագրել: «Դաժե կարամ վկա բերեմ: Ամբողջ օրը լաց էր լինում, ոչ կարում էի փողը տայի, ոչ էլ կոշիկ ուներ, որ դպրոց գնար: Ընկա սրանից-նրանից պարտք արեցի, կոպեկ-կոպեկ դրեցի իրար վրա ու տվեցի: Պարտքերով էդ փողը տվեցի ու կոշիկ չկարողացա առնեմ: Քննության օրը կոշիկ չուներ, որ գնար դպրոց: Մեր հարեւան Հերմիկին խնդրեցի, ասեցի՝ մի 2 ժամով տուր, թող գնա քննության՝ գա: Երեխեն հագավ-գնաց, ու մի քիչ հետո տեսնեմ՝ նեղված, լացելով եկավ»,- պատմում է Կարինեն, ով զայրանալով աղջկա վրա, որ քննությունն առանց հանձնելու, լաց լինելով տուն է եկել` սկսել է նրան անխնա ծեծել: «Հարցնում եմ` ինչի՞ ես լացում, չի ասում: Ջղայնությունից նենց եմ ծեծել, սատկացրել, որ քննությունը չի հանձնել: Էս եքա ջանդակս առած հո չեմ ծեծում, սաղ կապտել էր երեխուս ջանը: Հետո հարեւանս ասեց` Կարինե դու ի՞նչ ձեւի ծնող ես, մի հատ երեխուն հարցրու, թե ի՞նչ ա եղել: Հետո պատմեց, թե դասարանցիները կանգնել, ասել են` հլը սրան նայեք, օրը մեկի կոշիկները հագնում-գալիս ա դասի»: Սառայի հետ գնացել է դպրոց ու բոլորին ամոթանք տվել` «Ասում եմ` ես ընկել պարտք եմ արել, 5000 դրամով կոշիկ առնելու փոխարեն ձեզ եմ տվել, կարայի չէ՞ էդ փողով կոշիկ առնեի: Ասեցի` էդ ծաղրողների մամաները կարում են կոշիկ առնեն, իսկ ես չեմ կարում, ծիծաղելի՞ ա»: Այս միջադեպից հետո Կարինեն սարսափելի ապրումների մեջ է ընկել եւ փորձել է ամեն կերպ աղջկանից մեղքերը քավել:
Կարինեն փաստաթղթերով դեռ Արմենի զագսավորված կինն է, հետեւաբար, չի կարող համարվել միայնակ մայր, դրա համար էլ «Փարոսի» նպաստառուների ցուցակում չի կարող ընդգրկվել: «Հոգնել եմ ամեն ինչից, գոնե չի գալիս, որ փաստաթղթերով բաժանվենք: Երեխեքն ինչքան մեծանում են, էնքան դժվարանում ա: Էս մեր չքավորությունը շատ ա ազդում իրանց հոգեբանության վրա»: Չնայած սոցիալական իր դժվարություններին՝ այս կինը բավականին հումորով ու բարեհամբույր է: Հարցնում եմ` «Մասնագիտություն չունե՞ք»: Պատասխանում է` «Մասնագիտությո՞ւն. Գյուղում չգիտե՞ս ոնց ա: Պապայի տերը թաղեմ, թողե՞ց, որ սովորեի, 8-րդ դասարանը չավարտած՝ դպրոցից հանեց ու մարդու տվեց: Իմ մանկությունը շատ դժվար ա անցել, հերս ու մերս իրար չէին հասկանում, երեխեքով մենք շատ ենք տառապել իրանց անհաշտության համար: Հետո էլ սենց իմ անբախտությունը, ոնց որ ո՛չ ես, ո՛չ էլ իմ երեխեքը լավ մանկություն չեն ունեցել»: Կարինեն վստահեցնում է, որ ինքն այնքան ուժեղ է, որ հաղթահարելով իր մենակությունը՝ հարմարվել է. «Իմ անբախտության հետ հարմարվել եմ, բայց էս չքավորությունն ինձ սպանում ա: Օր ա լինում, որ երեխեքիս ուտելիքը հնարավոր չի լինում ապահովել, ընկնում նիսիայով եմ մի բան մոգոնում»:
33-ամյա այս կինը ՀՀ իշխանություններին կոչ է անում սոցիալապես անապահով մարդկանց նկատել. «Մենակ հարուստներին թող չնայեն, թող մի քիչ աղքատներով հետաքրքրվեն: Փառք Աստծո, նամուսով, աշխատող մարդ եմ, բայց իշխանությունն ի՞նչ… ով ասում ա ՝ էշ` մենք փալան: Չնայած գիտեմ, որ իմ կոչին ոչ ոք ուշադրություն չի դարձնի: Եթե իմանամ կոչս տեղ կհասնի` ամեն օր կոչ անելով ման կգամ: Էն խեղճ մարդն իրան պաժառ տվեց, ո՞ւմ պետքն էր: Որ իմանամ՝ ինձ պաժառ տալով երեխեքիս տիրություն կանեն, կգնամ` պաժառ կտամ, ի՞նչ պիտի լինի խեղճ երեխեքիս ապագան…»,- ասում է Կարինեն, ում աղջիկները լուռ նստած թախծոտ հայացքով լսում են, թե հանուն իրենց ինչերի է պատրաստ մայրը: