Նաիրիտ. հին ու նոր խնդիրներ

25/04/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

«Նաիրիտ» գործարանի մասին մեր մի հրապարակումից հետո պարզվեց, որ գործարանի ճակատագրով շատերն են մտահոգված:

«168 Ժամ» թերթը դեռեւս ապրիլի 12-ին հարցեր է ուղղել «Նաիրիտ» գործարանի սեփականատեր «Rhinoville Property Limited» ընկերությանը, սակայն, թեպետեւ սպառվել է մեր նամակին պատասխանելու օրենքով սահմանված 5 օր ժամկետը, այնուամենայնիվ, դեռեւս որեւէ պատասխան չենք ստացել: Մենք հետամուտ ենք լինելու մեզ հետաքրքրող հարցերի մասին հենց սեփականատերերից տեղեկատվություն ստանալուն, քանի որ ըստ շրջանառվող լուրերի՝ «Rhinoville Property Limited» ձեւական ստեղծված ընկերության հետեւում կանգնած են տեղական բարձրաստիճան պաշտոնյաներ (որոնց անուններն առայժմ չենք նշում): Այս անգամ խմբագրություն էր այցելել «Նաիրիտ տրաստի» գլխավոր տնօրենի խորհրդական Ջիլբերտ Մուրադյանը: Վերջինս ներկայացավ նաեւ որպես «Նաիրիտ» գիտական կենտրոնի կաուչուկի տեխնոլոգիայի լաբորատորիայի նախկին վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու, գործարանի բաժնետեր: Խնդրի էությունը հետեւյալն է, ինչպես գրում է Ջ. Մուրադյանն իր նամակում. «1994թ. ընդունված «Պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման եւ այդ ձեռնարկություններն ընկերությունների վերակազմավորելու» կարգի համաձայն՝ «Նաիրիտ» գիտաարտադրական ՓԲԸ բաժնեմասի 20 տոկոսն անհատույց փոխանցվել է ձեռնարկության 4070 աշխատակիցներին: Այնուհետեւ, 2000թ. կառավարության համապատասխան մի որոշման համաձայն էլ՝ «Նաիրիտը» բաժանվել է 3 ընկերությունների` «Նաիրիտ» ԲԲԸ, «Նաիրիտ -1» ՓԲԸ եւ «Նաիրիտ- 2» ՓԲԸ: 2002թ. կառավարության մեկ այլ որոշմամբ լուծարվում է «Նաիրիտ» ԲԲԸ-ն: «Նաիրիտ գործարանի» մասնավորեցման նպատակով ընկերության վերաբաժանումից հետո մեզ անհայտ ինչ-որ հնարքով, մեր բաժնեմասերը տեղափոխվել են «Նաիրիտի» լուծարվող մաս: Նման փոփոխությունների արդյունքում, փաստորեն, ՀՀ կառավարությունը զրկել է «Նաիրիտ» ընկերությունում աշխատած 4070 բաժնետերերին իրենց՝՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքներից: «Նաիրիտ» ընկերության հարցերով ՀՀ նախագահին հասցեագրած իմ 10.05.06թ. դիմումի պատասխանը ստացել եմ Կենտրոնական բանկի (ԿԲ) իրավաբանական վարչությունից, որտեղ ճշմարտացիորեն նկատել են, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նկատմամբ ընկերության աշխատակիցներն արհեստականորեն զրկվել են իրենց պատկանող 20 տոկոս բաժնեմասի սեփականատիրական իրավունքից այն պարզ պատճառով, որ ՀՀ կառավարության 2000թ. դեկտեմբերի 26-ի թիվ 875 որոշմամբ՝ «Նաիրիտ գիտաարտադրական» ՓԲԸ-ն վերակազմավորվել է 3 ընկերությունների՝ առանց հաշվի առնելու 20 տոկոս բաժնեմասի հարցը»: Ջ. Մուրադյանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, որը, սակայն, իր պատասխան-նամակում խորհուրդ է տվել ՀՀ կառավարության որոշումները վիճարկել դատարանում` օրենքով ընդունված կարգով: