17 տարի է անցել Սումգայիթի ոճրագործությունից: Ադրբեջանական քաղաքում տեղի ունեցած դեպքերի արդյունքում զոհվեցին տասնյակ հայեր, վիրավորվեցին հարյուրավորները: Այդ դեպքերից հետո հայերը ստիպված էին հեռանալ Սումգայիթից` թողնելով տուն ու տեղ, ունեցվածք… Կորցնելով հարազատներին ու բարեկամներին` նրանք ցրվեցին աշխարհով մեկ, եկան Հայաստան ու Արցախ:
Փետրվարի 28-ին Ստեփանակերտի հուշահամալիր էին այցելել ԼՂՀ իշխանավորներ` նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ։
«Սումգայիթն ապացուցեց, որ հայը չի կարող ապրել Ադրբեջանում: Դա սկիզբն էր, որից հետո եղան Բաքուն, Կիրովաբադը, Մարաղան: Կյանքն ապացուցեց, որ Ղարաբաղը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո համոզվեցինք, որ մենք պետք է կառուցենք պետություն եւ պաշտպանենք մեր Հայրենիքը: Սումգայիթյան դեպքերից հետո Ադրբեջանի կողմից առաջարկվող ղարաբաղյան խնդրի կարգավորման տարբերակները ոչ իրատեսական եւ աբսուրդային են»,- այս կարծիքն արտահայտեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Վերջերս միջազգային ատյաններում Ադրբեջանը փորձում է 1992թ. տեղի ունեցած Խոջալուի դեպքերը ներկայացնել որպես «ցեղասպանություն»։ Թուրքիայի պառլամենտը դեպքերը որակել է որպես ցեղասպանություն: Այս ամենի առնչությամբ Արկադի Ղուկասյանը նշեց. «Ցավում եմ, որ մի պետություն, որտեղ տեղի է ունեցել Սումգայիթի ոճրագործությունը, այսօր խոսում է Խոջալուի մասին: Փաստերը, որոնք ապացուցում են, որ Խոջալուի դեպքերը Ադրբեջանի իշխանությունների գործն է, ծանոթ են բոլորին: Աշխարհը գիտի, որ մենք խաղաղ բնակչությանը միջանցք ենք տրամադրել: Եվ այն, ինչ կատարվել է Աղդամի մոտ, Ադրբեջանի ներքաղաքական պայքարի արդյունք էր: Փաստորեն, ադրբեջանական Ժողովրդական ճակատը փորձում էր վարկաբեկել իշխանություններին, հեռացնել այն ժամանակվա նախագահ Մութալիբովին` օգտագործելով Խոջալուի փաստը:
Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի պառլամենտի որոշմանը, կարծում եմ, այն Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն է: Հասկանալի է, որ դա պրոպագանդա է: Թուրքիան փորձում է խուսափել 1915թ. ցեղասպանության պատասխանատվությունից»:
Նախագահը նաեւ հավելեց, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից բարձրացված վայնասունը չի նպաստում փոխվստահության մթնոլորտի ստեղծմանը, առանց որի հնարավոր չէ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը:
Հայ փախստականները շարունակում են չճանաչված մնալ
Ադրբեջանական քաղաքների հայաթափմանը զուգահեռ` Հայաստանից ու Արցախից հեռացան ադրբեջանցիներ, որոնց նկատմամբ բռնություններ չեն գործադրվել, նրանց հնարավորություն է ընձեռվել փոխանակել տները, տեղափոխել ունեցվածքը… Սումգայիթում եւ Բաքվում տեղի ունեցած ջարդերի ժամանակ բազմաթիվ հայեր զոհվել ու վիրավորվել են: Արցախում եւ Հայաստանում ադրբեջանական ջարդեր չեն եղել: Սրանք փաստեր են, որոնց մասին գիտեն բոլորը: Սակայն զարմանալիորեն ղարաբաղյան հարցի կարգավորման ժամանակ որպես քաղաքական փաստարկ օգտագործվում է ադրբեջանական փախստականների հարցը, հայ փախստականներն էլ կարծես մոռացության են մատնվում: Գուցե թե այն պատճառով, որ Ադրբեջանը մինչեւ հիմա չի լուծում փախստականների նույնիսկ բնակարանային խնդիրները` ստեղծելով հատուկ ճամբարներ: Իսկ Հայաստանում եւ Արցախում աստիճանաբար լուծում են ստանում հայ փախստականների խնդիրները: Պարզվում է, որ հայ փախստականներին միջազգային հանրությունը չի ճանաչում, իսկ ադրբեջանցի փախստականներին վաղուց աջակցում են մի շարք միջազգային կազմակերպություններ:
Արկադի Մարտիրոսյանը Ստեփանակերտ է տեղափոխվել Սումգայիթից, որտեղ բնակվում էր 3 սենյականոց բնակարանում: «Երբ մեր բնակարանը հրկիզել էին, ողջ ընտանիքով տանն էինք: Սպանված մարդիկ, ավերված տներ ենք տեսել: Եկել եմ Ստեփանակերտ ու անմիջապես աշխատանքի եմ մտել Վերանորոգման-շինարարական վարչությունում: Կարելի է ասել` բախտս բերել է, այն ժամանակ որոշ կազմակերպություններ իրենց աշխատողների համար տներ էին կառուցում Ստեփանակերտի Վոստոչնայա, Նաբերեժնայա, Սարիլանջ, Հայկավան թաղամասերում: Հիմա հիմնականում սումգայիթցիներ եւ բաքվեցիներ են բնակվում այդտեղ: Մինչեւ մի կերպ տեղավորվեցինք, պատերազմ սկսվեց»,- պատմում է Ա. Մարտիրոսյանը: Շուտով նա անդամագրվեց սումգայիթցիների «Վրեժ» խմբում, որի հրամանատարի զոհվելուց հետո ղեկավարում էր խումբը: Պատերազմում չորս անգամ վիրավորվել է, առաջին կարգի հաշմանդամ է:
Իսկ Սեդա Հակոբյանը (նախկին սումգայիթցի, 17 տարի է, բնակվում է Արցախի Պետհամալսարանի հանրակացարանում) պատմում է, որ Արցախ տեղափոխվելու ժամանակ տունը փոխանակել է ՀՀ Եղեգնաձոր քաղաքի մի բնակարանի հետ, որը նույնիսկ չի տեսել: «Ղարաբաղի իշխանություններն այն ժամանակ խոստացել են մի քանի ամսվա ընթացքում մեզ բնակարան տրամադրել Ստեփանակերտում, բայց մինչեւ այժմ ոչ Եղեգնաձորում եւ ոչ էլ Ստեփանակերտում բնակարան չունենք, իսկ հանրակացարանային պայմանները շատ վատ են»,- ասում է Ս. Հակոբյանը:
Փախստականների հարցերով զբաղվելու եւ նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով անցյալ տարի Ղարաբաղում ստեղծվեց փախստականների եւ բռնի տեղահանվածների կազմակերպություն, որը սերտ համագործակցում է ԼՂՀ կառավարությանն առընթեր Միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության հետ: 2003թ. վերջին ընդունվեց «Փախստականների մասին» ԼՂՀ օրենքը:
Հասարակական կազմակերպության նախագահ Սանասար Սարոյանի խոսքերով, նրանց գլխավոր նպատակը ղարաբաղյան հակամարտության ընթացքում հարկադրաբար տեղահանված փախստականների կարգավիճակի ճանաչումն է ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ` միջազգային ատյաններում:
Միաժամանակ ԼՂՀ իշխանությունները շարունակում են լուծել փախստականների հարցերը: Միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչությունը հանրապետությունում իրականացնում է փախստականների հաշվառման գործընթաց, որի արդյունքում փախստականները համապատասխան կարգավիճակ կստանան, կբարելավվի նրանց սոցիալական կացությունը, ինչպես նաեւ` նախկինում կորցրածը վերականգնելու կամ համապատասխան փոխհատուցում տրամադրելու փորձ կարվի: Ինչպես նշում է վարչության պետ Սերժ Ամիրխանյանը, Ղարաբաղի չճանաչված լինելու հանգամանքը մեր փախստականներին խանգարում է միջազգային ատյաններից համապատասխան օժանդակություն ստանալ:
Մեր տեղեկությունների համաձայն, այս տարի նախատեսվում է կառուցել 45 բնակարան, որոնք կհատկացվեն առավել կարիքավոր փախստականներին (ովքեր բնակվում են հանրակացարաններում եւ բնակարանային դժվարին պայմաններում):
Ավելացնենք, որ վերջին ժամանակներս միջազգային կազմակերպությունները նկատելի հետաքրքրություն են ցուցաբերում հայ փախստականների խնդիրների հանդեպ եւ ամեն անգամ Ղարաբաղ այցելելուց ցանկություն են հայտնում հանդիպել նրանց հետ: