«Հայագիտությունը կողպեքի տակ զարգանալ չի կարող», «Սա ազգային հարստության վաճառքի գաղտնի գործարք է»: Այս բանավեճով սկսվեց Մատենադարանի ձեռագրերի թվայնացման մասին համաձայնագրի քննարկումը հայ հանրության մեջ:
Մատենադարանի հայերեն ձեռագրերի լուսանկարման եւ թվայնացման աշխատանքը, Մատենադարանում եւ Մատենադարանի աշխատակիցների հետ միասին, իրականացնելու է «Հիլլ» ձեռագրերի թանգարան-գրադարանը: Հայաստանյան մամուլը բազմիցս անդրադարձել է Մատենադարանի թվայնացման վերաբերյալ` հայ մասնագետների խիստ տարաբնույթ կարծիքներին: Մենք փորձեցինք հնարավոր մանրամասներ իմանալ նաեւ մյուս` այս դեպքում` «ամերիկացիներ» անվանվող կողմի մասին:
«Հիլլ» թանգարանը ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սուրբ Հովհաննես վանքին կից է գործում: Վանքը Բենեդիկտյան միաբանությանն է, թանգարանի գործադիր տնօրեն եւ այս ծրագրի ղեկավար Հայր Կոլումա Ստյուարտը նույնպես Բենեդիկտյան վանական է: «Հիլլ» թանգարանը հիմնադրվել է Երկրորդ համաշխարհայինից հետո: Սկզբնական նպատակն է եղել հնարավոր ավերներից ու կորստից փրկել աշխարհի տարբեր անկյուններում եղած հոգեւոր ժառանգության նմուշները: Այս առաքելությամբ Բենեդիկտյան վանականներն իրենց գործունեության 40 տարիների ընթացքում նոր տեխնոլոգիաների օգնությամբ լուսանկարել, ապա` թվայնացրել են 100 հազար ձեռագիր (30 մլն էջ)` լատիներեն, ղպտիերեն, հունարեն, արաբերեն, հայերեն եւ այլ լեզուներով: Հայերեն ձեռագրեր «Հիլլը» նկարահանել է Զմառի, Անթիլիասի, Վիեննայի ձեռագրական հավաքածուներում: Այժմ թանգարանը կենտրոնացած է արեւելաքրիստոնեական մշակույթների՝ հայերեն, արամեերեն, արաբերեն, սլավոներեն եւ ռումիներեն ձեռագրերի թվայնացման աշխատանքների վրա: Երեւանի Մատենադարանի հավաքածուն մինչ այժմ նրանց կողմից թվայնացրած ձեռագրական հավաքածուներից ամենամեծն է: Հայր Ստյուարտը Մատենադարանի հետ համագործակցությունը թանգարանի գործունեության պատմության նոր եւ ամենակարեւոր շրջանի գագաթնակետն է համարում:
Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում համագործակցությունը Մատենադարանի հետ:
Ապրիլի 13-ին Կրթության եւ գիտության նախարարությունում (Մատենադարանն այս գերատեսչության ենթակայության տակ է) Մատենադարանի եւ «Հիլլ» թանգարանի միջեւ կնքված համաձայնագիր-պայմանագիրը հաստատում է, որ Մատենադարանի հավաքածուից նկարահանվելու եւ էլեկտրոնային կրիչների վրա է անցկացվելու 14 հազար հայերեն եւ շուրջ 3 հազար օտարալեզու ձեռագիր: Թվայնացված ձեռագրերի ամբողջական հավաքածուն լինելու է միայն Հայաստանում: Որպես կանոն, «Հիլլ» թանգարանում պահվում է նաեւ իր կողմից թվայնացված ձեռագրերի պատկերների պատճենը: Սա է առիթ տվել հայաստանյան որոշ մտավորականների հայտարարելու, թե «մեր մտավոր հարստությունը արտահանվում է» կամ «Մատենադարանի պատճենը հայտնվում է օտարների ձեռքին»: Մատենադարանի տնօրինությունը, իր հերթին, վստահեցնում է, որ, ըստ պայմանագրի, «Հիլլ» թանգարանին չեն տրվի հետեւյալ ձեռագրերի թվային պատճենները. առաջինը` այն Ավետարանները, որոնց հանդեպ մեր ժողովուրդն ընդգծված բարեպաշտական վերաբերմունք ունի եւ ուխտի է գալիս այդ Ավետարաններին, հավատում է դրանց հրաշագործ զորությանը (օրինակ` Շուրիշկանի Ավետարանը) երկրորդ` մեր մշակութային հարստության այն նմուշները, որոնք Կառավարության հատուկ որոշմամբ, համարվում են բացառիկ նշանակության (օրինակ` Վեհամոր Ավետարանը, որի վրա երդվում է ՀՀ նախագահը): Երրորդ` այն բնագրերը, որոնք դեռ հրատարակված չեն, դրանց թվային լուսանկարները նույնպես պահվելու են միայն Մատենադարանում եւ պատճենները չեն տրվելու «Հիլլ» թանգարանին:
Պայմանագրի այս կետը թեեւ չի առնչվում ձեռագրերի` հոգեւոր արժեք լինելուն, բայց հնարավորություն է ընձեռում հայաստանյան գիտահետազոտական ինստիտուտներին հայկական նյութի ուսումնասիրման ու հրատարակության մենաշնորհը պահել աշխարհում, ինչը, թերեւս, պակաս կարեւոր չէ մեր գիտնականների համար: Ինչ վերաբերում է վերջիններիս այն քննադատություններին, թե մենք չգիտենք՝ «ինչեր-ինչեր» կան այդ ձեռագրերում եւ դրանք նվիրում ենք օտարներին, Մատենադարանի տնօրինությունն անհիմն է համարում: Բոլոր ձեռագրերը, որոնց լուսանկարների պատճենները տրամադրվելու են «Հիլլին», ինչպես պարզաբանվեց, արդեն հրատարակված են, հետեւաբար, անհեթեթ է հայտարարելը, թե մենք չգիտենք՝ ինչեր կան գրված դրանցում:
«Մեր գիտնականներն ասում են` հայկական նյութը միայն մենք պետք է մենաշնորհ ունենանք մեկնաբանելու: Դա աբսուրդ է. դու կարող ես մենաշնորհ ունենալ առաջինը հրատարակելու, բայց դու չես կարող արգելել որեւէ մեկին ցանկացած նյութի վերաբերյալ սեփական մեկնաբանություններն անելու»,- պարզաբանում է Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը:
Այսպիսով, նախնական համաձայնագիր-պայմանագիրը չի ամրագրում, թե թանգարանի կողմից թվայնացված ո՛ր ձեռագրերն են պատճենահանվելու եւ տրվելու բենեդիկտյաններին: Դա կորոշի Մատենադարանը եւ կամրագրի ապագայում ստորագրվելիք` թվայնացված պատկերների օգտագործման մասին պայմանագրում: Եվս երկու պայմանագրերի («Ծրագրի ֆինանսավորման մասին» եւ «Տեխնիկական սարքավորումների մասին») հաստատումից հետո միայն կգործադրվի ապրիլի 13-ին ստորագրված հուշագիր-պայմանագիրը:
Եվս մեկ կարեւոր հանգամանք` «Հիլլ» թանգարանի ինտերնետային կայքում (www.hmml.org) տեղադրվում են ոչ թե ձեռագրերի ամբողջական պատկերները, այլ ձեռագրի պատկերներից 5-6 նմուշ: Թվայնացված ամբողջական ձեռագրերը լինելու են առանձին կրիչների վրա եւ դրանցից օգտվելու թույլտվություն կարող է տալ միայն Մատենադարանը` համապատասխան դիմումից հետո: Այսինքն, ստորագրված համաձայնագիրը հստակ ամրագրում է Մատենադարանի հեղինակային իրավունքները: Ավելին` համաձայնագրով «Հիլլ» թանգարանը պարտավորվել է, համաձայնության գալով հայերեն ձեռագրեր ունեցող հաստատությունների հետ, Մատենադարանին տրամադրել աշխարհի տարբեր հավաքածուներում իր կողմից նկարահանած հայերեն ձեռագրերի թվային պատկերների օրինակը:
Ինչ վերաբերում է այն փաստարկներին, որ ձեռագրերը թվային պատկերներով ուսումնասիրելու հնարավորությունը Մատենադարանին կզրկի իր «միակության հմայքից», եւ արտասահմանցի հայագետներն այլեւս Երեւան չեն այցելի, մեղմ ասած, նեղմտություն է: Մատենադարանի փոխտնօրենը վստահեցնում է. «Գիտական իմաստով բնօրինակը երբեք չի կորցնում իր հետաքրքրությունը: Ձեռագիրը միայն տեքստ չէ, այլեւ ձեռագրագիտական արժեք է: Հակառակը, ինտերնետում հայերեն ձեռագրերի պատկերներից նմուշներ զետեղելով, մենք կարող ենք հետաքրքրություն առաջացնել հայկական նյութի նկատմամբ, եւ թե՛ գիտնականները, թե՛ պարզ մարդիկ առավել հետաքրքրված լինեն այցելել Մատենադարան, ծանոթանալ բնագրի հետ, վերջապես ծանոթանալ այն ազգի ու երկրի հետ, ում սեփականությունն են համարվում այդ արժեքները: Բացի այդ, ես որեւէ բարոյական իրավունք չունեմ դրսում ապրող շուրջ 8 մլն հայի զրկելու գոնե ինտերնետային նմուշների միջոցով ծանոթանալ իր ազգային մշակույթին, դրանով հարուստ զգալ իրեն այնպես, ինչպես մեզնից ամեն մեկն, ով ապրում է Հայաստանում: Մշակութային արժեքների մասին ինֆորմացիայի փոխանակությունը նորմալ երեւույթ է: Եթե տառը գրվել է թղթի վրա, պետք է կարդալ: Տառը, որ տանում-պահում են` «թուղթ ու գիր» է: Մատենադարանը էս ժողովրդի «թուղթ ու գիրը» չի, մտավոր սեփականությունն ու ժառանգությունն է, եւ եթե քո մտավոր ժառանգությունը մեկ ուրիշը կարդում է, դու դրանից չես զրկվում, որովհետեւ նա կարդում է քո՛գ մտավոր սեփականությունը: Մի՞թե դժվար է տրամաբանել»,- զարմանում է Մատենադարանի փոխտնօրենը:
Մատենադարանի հավաքածուի թվայնացման շուրջ բարձրացած այս աղմուկը, իսկապես տրամաբանական կապեր գտնելու լավ առիթ է` ցավոք շատ ավելի տխուր հետեւություններով: Շուտով լրանում է Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանի պաշտոնավարման ժամկետը, իսկ որոշ հայ գիտնականների աղմուկը Մատենադարանի տնօրինության հեղինակազրկման ջանք է հիշեցնում: Հակառակ դեպքում, դժվար է հավատալը, թե նրանք տեղյակ չեն, որ հայերեն ձեռագրերի թվայնացման աշխատանքներ հայաստանյան այլ կազմակերպություններ արդեն արել են (www.digilib.am կայքում զետեղված է 5-18րդ դարերի հայ մատենագրությունը` ամբողջական տեքստերով): Սրանից էլ կարելի է անել եւս մեկ հետեւություն, թե ինչու Մատենադարանի ձեռագրերի թվայնացումից դժգոհ են նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող հայաստանյան որոշ կազմակերպություններ: Հավանաբար, նրանք կցանկանային, որպեսզի Մատենադարանը ձեռագրերի թվայնացման համար դրամաշնորհ ձեռք բերեր, վճարեր իրենց, եւ իրենք իրականացնեին այս ծրագիրը, այլ ոչ թե համաձայներ, որպեսզի բենեդիկտյանները դա անեն անվճար: Բենեդիկտյան միաբան Հայր Ստյուարտն այս «նրբություններից» անտեղյակ է եւ հոգեւորականի զսպվածությամբ ու բարեկիրթ ժպիտով իր առաջարկության շուրջ բարձրացված աղմուկը որակում է՝ որպես կապվածություն մեր հոգեւոր ժառանգությանը, իսկական սրտացավություն, որից նա խիստ տպավորված է: