«Այս ուսումնական տարում Հաթերքի դպրոցում երեք առաջին դասարան ենք ունեցել»,- այսպես է իր ուրախությունն արտահայտում հաթերքցի Վարդանը, որի հոր` Բարմեն Գրիգորյանի անունով է կոչվում գյուղի միջնակարգ դպրոցը:
Նա գյուղի 56 քաջորդիների պես իր կյանքը զոհել է հայրենիքի պաշտպանության համար: Քաջորդիներ, որոնց շնորհիվ այսօր գոյատեւում է նաեւ Մարտակերտի շրջանի ամենամեծ գյուղերից մեկը` Հաթերքը: Արցախյան պատերազմի տարիներին ադրբեջանական զորքերը գրավել էին գյուղը, որը նախկինում շուրջ 1000 տնտեսություն ուներ: Գյուղի ազատագրումից հետո հաթերքցիների զգալի մասը գյուղ չվերադարձավ: Այժմ գյուղն ունի շուրջ 450 տնտեսություն` 1570 բնակչով: Վարդանը, որը մեզ պատմեց գյուղի դպրոցի վերանորոգման մասին, աշխատում է հոր անունը կրող դպրոցում եւ վերջերս ստեղծված արհեստագործական ուսումնարանում: Դպրոցում ուսուցանում է 230 աշակերտ: Ինչպես տեղեկացրեց համայնքի ղեկավար Կոլյա Իսկանդարյանը, դպրոցի առաջին հարկը եւ երկրորդ հարկի մի թեւն արդեն վերանորոգվել է, իսկ այս տարի ավարտին կհասցվի նաեւ մյուս թեւի վերանորոգումը, որն իրականացվում է պետության միջոցներով: Գյուղում գործում է նաեւ մանկապարտեզ` 2 խմբով, որտեղ իրենց առօրյան են անցկացնում շուրջ 40 երեխաներ: Մանկապարտեզը նույնպես վերանորոգվում է, բայց «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Ասում են, որ մանկապարտեզի վերանորոգված շենքի բացումը կլինի մինչեւ ապրիլի տասը: «Նախանցյալ տարի 40 կոմպլեկտ գույք է ձեռք բերվել` Ֆրանսիայում բնակվող հայերի հովանավորությամբ, իսկ «Հայաստան» հիմնադրամի Արցախի ծրագրերի ղեկավար Միշել Տանկրեզի անմիջական ղեկավարությամբ հիմնադրամի կողմից նաեւ դպրոցի ողջ գույքն է ձեռք բերվել, ինչպես նաեւ` սպորտդահլիճի գույքը»,- նշում է համայնքի ղեկավարը: Հաթերքը Ղարաբաղի այն գյուղերից է, որի բնակիչներն ինչ-որ չափով ապահովված են աշխատատեղերով: Կ. Իսկանդարյանի հավաստմամբ, շուրջ 350 աշխատող ունեն. երիտասարդները հիմնականում պայմանագրային զինծառայողներ են, մի մասը Սարսանգի հիդրոէլեկտրակայանում է աշխատում, մի մասը՝ գյուղի դպրոցում, մանկապարտեզում եւ հիվանդանոցում: Ոմանք էլ՝ մոտակա Դրմբոն գյուղի «Բեյզ Մեթլս» ընկերությունում: Համայնքի ղեկավարի խոսքերով, գյուղում շատ լուրջ է բնակարանային խնդիրը: Պատերազմից տուժել է 230 տուն, իսկ վերականգնման աշխատանքները շատ դանդաղ են ընթանում: 43 ընտանիք կա գյուղում, որոնք ուրիշների հարկի տակ են ապրում: Գյուղի բնակչուհի Հասմիկ Իսկանդարյանը, որի երկու տղաները հաշմանդամներ են, ասում է, որ մոտակա ժամանակներս մեծ խնդրի առաջ կկանգնի, քանի որ ավագ տղան ամուսնացել է, եւ ընտանիքով ապրում են 2 սենյականոց տանը: «Իսկ ի՞նչ պետք է անենք, եթե փոքր տղաս էլ ցանկանա ամուսնանալ, ո՞նց ենք ապրելու այդ երկու սենյակում»,- հարցնում է նա՝ ավելացնելով, որ այդ հարցը բազմիցս բարձրացվել է, սակայն ոչ մի դրական արդյունք չի եղել: Համայնքում 2006թ. 28 երեխա է ծնվել, իսկ մահացել են 14 հոգի` հիմնականում տարեցներ: Համայնքի ղեկավարը հավաստիացնում է, որ ծնունդների աճ կա, բայց շատ քիչ: Գյուղի խնդիրների մասին խոսելիս նա առաջին հերթին ընդգծում է բնակարանային խնդիրը՝ կարեւորելով նաեւ գյուղատնտեսության դանդաղ զարգացումը: Գյուղացիները մեծ հույսեր են կապում Թրղե գետի հունի` Սարսանգի ջրամբար տեղափոխման հետ, որի շնորհիվ 1600 հա վարելահող կոռոգվի, որից շուրջ 800-900-ը իրենց համայնքում է:
«Ցանքատարածությունները գնալով նվազում են. եթե նախանցյալ տարի 320 հա աշնանացան էր, իսկ անցյալ տարի այդ ցուցանիշը 169 էր, ապա այս տարի արդեն 130 է»,- ասում է Հաթերքի համայնքի ղեկավարը: