Իսկական, համեղ սուրճ պատրաստելու համար անհրաժեշտ է պահպանել մի քանի կարեւոր պայման։ Նախ, հարկավոր է էսպրեսո պատրաստելու համար սուրճ ընտրել. օրինակ՝ արաբիկա (100 %) կամ արաբիկայի (70%) եւ ռոբուստայի (30%) խառնուրդ։ Սուրճի հատիկները պետք է միջին չափով բոված լինեն։
Շատ կարեւոր է, թե ինչ չափի է աղացվում սուրճը։ Եթե այն շատ խոշոր է, ապա տաք ջուրը չի հասցնի սուրճից վերցնել մեծ չափով համային եւ օգտակար նյութեր։ Շատ մանր աղացած սուրճն էլ կստացվի առանց փրփուրի, շատ թունդ եւ դառը։ Շատ բան կախված է սրճեփից, որը պետք է մեծ ճնշում ապահովի։ Լավ սրճեփն ապահովում է չդադարող, բարակ սուրճի շիթ՝ եփելով մոտավորապես 0,5 մլ վայրկյանում։ Պատրաստելիս հարկավոր է օգտագործել թարմ, սառը ջուր, իմանալ էսպրեսոյի ճիշտ չափաբաժինը եւ սուրճը մատուցել փոքիկ, հաստ պատերով ճենապակե բաժակներով։
Կա չափաբաժինների մի քանի տեսակ. երկար էսպրեսո – 50 մլ (լունգո), միջին՝ 35 մլ (նորմալե) եւ կարճ ՝ 25 մլ (ռիստրետտո)։
Ռիստրետտոն համարվում է ամենաօգտակար չափաբաժինն ունեցողը, քանի որ առաջին 15 վայրկյանի ընթացքում աղացած սուրճից ըմպելիքին է փոխանցվում լավագույն մասը՝ վիտամիններ, միներալներ, արոմատիկ յուղեր եւ այլն։
Լավ պատրաստված սուրճը պետք է ունենա թանձր, բարձր եւ հավասար փրփուր, վայրի ընկույզի գույնի՝ շագանակագույն երանգներով։