«Պոպուլուսի» կանխատեսումները

22/04/2007

Բրիտանական «Populus» ընկերության տնօրեն Էնդրյու Կուպերը երեկ ներկայացնելով իրենց ընկերության հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքները, հայտարարել է, որ եթե ընտրությունը տեղի ունենար առաջիկա կիրակի օրը, ապա ՀՀԿ-ն կհավաքեր ընտրողների ձայների 31 տոկոսը, իսկ «Բարգավաճ Հայաստանը»` 27 տոկոսը: 11 տոկոսն, ըստ Է. Կուպերի` իր ձայնը տալիս է ՕԵԿ-ին, 8 տոկոսը` Դաշնակցությանը, 7 տոկոսը` «Ազգային Միաբանությանը», իսկ 5 տոկոսը` ՀԺԿ-ին: Մյուս կուսակցությունները միասին հավաքել են հարցվածների 11 տոկոսի ձայները:

Հարցվածների 42 տոկոսի համոզմամբ, ԼՂ հիմնախնդիրը լավագույնս կհաղթահարի ՀՀԿ-ն, 19 տոկոսն այս հարցում վստահում են ՀՅԴ-ին, 14-ը` ԲՀԿ-ին: Ցեղասպանության ճանաչման հարցում 29 տոկոսը նախապատվություն է տալիս ՀՀԿ-ին, 25 տոկոսը` ՀՅԴ-ին, 14-ը` ԲՀԿ-ին: Ըստ հարցվածների 35 տոկոսի` պատերազմի ռիսկը կնվազեցնի ՀՀԿ-ն: Իսկ ԲՀԿ-ին եւ ՀՅԴ-ին այս հարցում վստահում է հարցվածների 14 տոկոսը` առանձին-առանձին: Անվտանգության հիմնահարցերի կարգավորման գործում ՀՀԿ-ի ներուժը գնահատվել է 36, իսկ ԲՀԿ-ինը` 16 տոկոս: «Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն առաջատար դիրքեր ունի անվտանգության, պատերազմի սպառնալիքի նվազեցման, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման, Ցեղասպանության ճանաչման, իսկ ԲՀԿ-ն` սոցիալական եւ ներքին հարցերում»,- ասաց Է. Կուպերը: Ընտրություն կատարելու որոշման համար հարցվածների 52 տոկոսը չափազանց, իսկ 28 տոկոսը շատ կարեւոր է համարում կուսակցության մոտեցումն այլ երկրների հետ հարաբերությունների եւ պատերազմի վտանգի նկատմամբ»: Ի տարբերություն մյուս նմանատիպ ընկերությունների, «Populus»-ն ուշագրավ է նրանով, որ 2005թ. Բրիտանիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները 1 տոկոսից պակաս շեղումով համընկել են նրա իրականացրած հարցախույցի արդյունքների հետ: