Աղուհացով, Շուշան Պետրոսյանի երգով, «Քեզ համար, Հայաստա՛ն», «Հանրապետական կուսակցությո՛ւն, Դավիթաշենը քեզ հետ է», «Հզոր բանակ», «Վիրահայերի միասնություն հ/կ», «Ջավախք», «Մեր պատգամավորը Լեւոն Սարգսյանն է» պաստառներով երեկ Դավիթաշեն համայնքում դիմավորեցին վարչապետ, ՀՀԿ նախագահի պաշտոնակատար Սերժ Սարգսյանին:
Այնտեղ էին նաեւ թիվ 5 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Լեւոն Սարգսյանը, Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու, բնականաբար, Դավիթաշեն համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Սուրեն Ղուկասյանը: Բացի Վ. Գասպարյանից, ով ելույթներին ուշադիր հետեւում էր ժողովրդի մեջ կանգնած, մյուսները Ս. Սարգսյանի հետ միասին հարթակում էին: Սկզբում Ս. Ղուկասյանը «հաշվետվություն» ներկայացրեց ժողովրդին` ասելով, թե Դավիթաշենն իր լուսավորությամբ չի զիջում, ասենք, Մաշտոց պողոտայի լուսավորությանը: Ասաց, որ եթե իրենց համայնքը լավը չլիներ, ապա Դավիթաշենում բնակարանները 50-60.000 դոլար չէին լինի, այն դեպքում, երբ 2000թ., նրա հավաստմամբ, նույն բնակարանները կարելի էր ձեռք բերել 3-4000 ԱՄՆ դոլարով: «Երբ առաջին անգամ ընտրվեցի թաղապետ, մեր 3 սենյականոց բնակարաններն արժեին 3-4000 դոլար: Այսօր, փառք Աստծո, արժեն 50-60.000 դոլար: Առաջին գործոնը մեր կամուրջի շինարարությունն էր, մեր 70-ական թվականների սկսած կամուրջի շինարարությունն ավարտվեց 2000 թվականին: Բոլորդ տեսնում եք, թե ինչ գեղեցիկ է մեր Տիգրան Պետրոսյանի փողոցը»,- իր հաշվետվությունը ներկայացրեց Ս. Ղուկասյանը` հավաստելով, թե ինքը ոչինչ չէր կարող իրականացնել, եթե «իմ թիկունքին չզգայի ՀՀԿ շունչը»: «Առանց ՀՀԿ-ի, երեւի, հնարավոր չէր այսքանն անել»,- հայտարարեց Ս. Ղուկասյանը` կոչ անելով ժողովրդին՝ ձայն տալ «իմ Հանրապետական կուսակցությանը»: «Ես միշտ ձեզ ասել եմ, որ ես թաղապետ չեմ, օջախի, տան ղեկավար եմ, եւ ասել եմ, որ միշտ իմ վստահությունը դուք եք, եւ այսօր ես ուզում եմ ձեզ ասել, նույնիսկ պահանջում եմ ձեզանից, որ ձեր ձայնը տաք իմ ՀՀԿ-ին ու մեծամասնական ընտրակարգով քվեարկեք ՀՀԿ թեկնածու Լեւոն Սարգսյանի օգտին»,- պահանջեց Դավիթաշեն համայնքի ղեկավարը:
Այնուհետեւ բոցաշունչ ելույթ ունեցավ թիվ 196 դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Վարդանյանն ու հայտարարեց, որ ինքն էլ բոլորի նման ուզում է ավելի բարեկեցիկ կյանքով ապրել ավելի լավ Հայաստանում, ուզում է իրեն զգալ ավելի ապահով ու պաշտպանված: «Ես էլ ձեզնից յուրաքանչյուրի պես ուզում եմ, որ խորհրդարան անցնեն իսկապես արժանավորները, նրանք, ովքեր գործ ունեն անելու, նրանք, ովքեր խոսք ունեն ասելու, նրանք, ովքեր պետք է գործեն ի շահ ժողովրդի, հայրենիքի»,- իր պատկերացրած խորհրդարանի մասին ասաց ուսուցչուհի Վարդանյանը: Բայց տիկին Վարդանյանն ասաց, որ դառը փորձը, ցավոք, ցույց է տալիս, որ ԱԺ-ում հայտնվում են այնպիսի բախտախնդիրներ, որոնք ի սկզբանե խոսում են հայրենիքի, ազգի, ժողովրդի ցավերից ու հոգսերից, բայց երբ հայտնվում են ԱԺ-ում, մտածում են միայն «սեփական գրպանները հարստացնելու մասին»: Դրա համար տիկին Վարդանյանի մոտ հարց է առաջացել` ո՞ւմ ընտրել ու վստահել: Ու ինքն արդեն ստացել է այդ հարցի պատասխանը` ներկայացնելով ՀՀԿ-ն: «Սա մի կուսակցություն է, որը ստեղծվել է ոչ երեկ: Սա մի կուսակցություն է, որն ունի կայացած պատմություն, լուրջ կենսագրություն ու ավանդ մեր պետության կայացման գործում,- ասաց տիկին Վարդանյանը` ավելացնելով,- Հիշենք, թե ինչ էինք մենք առաջ` տարաբախտ, հիվանդ մի ժողովուրդ, որն իր բոլոր դժբախտությունները վերագրում էր արտաքին աշխարհին եւ նրանցից էլ սպասում էր փրկություն: Հիմա տեսնենք, թե ինչ ենք մենք այսօր. ի պատիվ ՀՀԿ-ի՝ պետք է ասեմ, որ նրա նվիրյալների, նրանց անձնազոհների, իրենց կյանքի գնով ձեռք բերվածի շնորհիվ մենք այսօր ունենք մի ժողովուրդ, որը հավատում է սեփական ուժերին եւ աշխարհին էլ հասկացնել է տալիս, որ մեզ հետ պետք է հաշվի նստեն»: Տիկին Վարդանյանի այս սրտաճմլիկ ելույթից հետո խոսեց Սերժ Սարգսյանն ու ասաց, որ ՀՀԿ-ն վերջին տարիների ընթացքում հսկայական գործ է արել. «ՀՆԱ-ն աճել է 2 անգամ, բյուջեի ծախսային մասն աճել է 2 անգամ, ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունն աճել է համարյա երեք անգամ: Եվ սա հնարավորություն է տվել, որպեսզի բարձրանան թոշակներն ու աշխատավարձերը: Բնականաբար, այս փոփոխությունները բոլորը չեն զգում, ու ոչ բոլոր տարածքներում են շոշափելի»,- ասաց Ս. Սարգսյանը` ավելացնելով, թե այս ամենն իրենց հիմք է տվել իրականացնելու երկրորդ սերնդի բարեփոխումները: «Ժողովրդի եւ կառավարության միջեւ չպետք է լինեն պարիսպներ: Ժողովրդի եւ կառավարության միջեւ չպետք է անջրպետ լինի, եւ այդ պարիսպները քանդելու եւ անջրպետը վերացնելու լավագույն ձեւը խորհրդարանական ընտրություններն ու այդ տարածքից ընտրված պատգամավորն է,- ասաց Ս. Սարգսյանն ու կոչ արեց իրենց ձայնը տալ Լեւոն Սարգսյանին,- Եթե դուք ուզում եք եթերում լսել ձեր պատգամավորի գեղեցիկ խոսքը, կարող եք ընտրել ում ուզում եք, բայց ՀՀԿ-ն գործի կուսակցություն է, Լ. Սարգսյանը գործի մարդ է: Եթե դուք ուզում եք իրական գործ, եթե ուզում եք ձեր փողոցները բարեկարգվեն, ձեր պրոբլեմները բարձրացվեն ուժգնությամբ եւ համապատասխան տեղերում, ապա ես ձեզ կոչ եմ անում ընտրել գործի մարդ Լեւոն Սարգսյանին»:
Իսկ երեկ Լ. Սարգսյանն այդպես էլ որեւէ խոսք չասաց իր ընտրողներին: Վերջում ժողովրդի ձեռքից մի քանի նամակ վերցրեց ու հեռացավ: Երեւի անջրպետը վերացնելու: