Ազատության հրապարակում երեկ կայացավ «Իմպիչմենտ» դաշինքի հերթական հանրահավաքը, որը, ինչպես եւ նախորդները, սկսվեց ՀՀ օրհներգով:
Սկզբում հանրահավաքը վարող Վահագն Խաչատրյանը ներկաներին տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ իրենք եղել են Վանաձորում եւ հարակից գյուղերում, ու այնտեղ մարդիկ «շատ ավելի վճռական էին»: Այնուհետեւ ելույթ ունեցավ «Իմպիչմենտի» ներկայացուցիչ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ով հայտարարեց, թե «Հայաստանում ընտրություն չի սպասվում»: «Այս թատերական ներկայացումը որեւէ կապ չունի ընտրության հետ»,- նշեց նա: Պ. Մակեյանը նաեւ անդրադարձավ ընդդիմադիր դաշտ «գործուղված» «Օրինաց երկրին» ու նրա նախագահ Արթուր Բաղդասարյանին: Հիշեցնենք, որ Ա. Բաղդասարյանն օրերս հայտարարել էր, թե դեմ է Ռ. Քոչարյանին իմպիչմենտի ենթարկելու գաղափարին, որովհետեւ նրա պաշտոնավարման ավարտին «վեց ամիս է մնացել»: «Արթուր Բաղդասարյանը դարձել է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական մանրադրամը, մասնակցել է ղարաբաղյան կլանի բոլոր սանձարձակություններին»,- նշեց Պ. Մակեյանը: Նրա խոսքերով՝ ստեղծված իրավիճակի համար մեղքի իրենց բաժինն ունեն նաեւ միջազգային դիտորդները, ովքեր ամեն կեղծված ընտրությունից հետո հայտարարում են, թե, ճիշտ է, ընտրությունները միջազգային չափանիշներին չեն համապատասխանել, բայց նախորդից մեկ քայլ առաջ էին: «Այս ռեժիմի օրոք ընտրություն չի լինի»,- պնդեց նա: Այնուհետեւ նա խոսեց մեր որոշ պաշտոնյաների կուտակած հարստության ու նրանց անցյալի որոշ դրվագների մասին: Խոսելով ընդդիմադիրների մասին՝ Պ. Մակեյանը հայտարարեց, թե նրանք, ովքեր հրապարակ չգան, ուրեմն իշխանության հետ գործարքի մեջ են: Ի դեպ, երեկվա հանրահավաքին մասնակցում էին մոտ 4-5.000 մարդիկ, որոնց մեջ կային ՀՀՇ, «Հանրապետություն», «Ժողովրդավարական Հայրենիք», «Պահպանողական», «Նոր Ժամանակներ», «Սոցիալ դեմոկրատ-հնչակյան» (ՍԴՀԿ) եւ նաեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Հանրահավաքին մասնակցում էին նաեւ «Հանրապետության» առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը, ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը եւ այլք: Լ. Սարգսյանը նաեւ ելույթ ունեցավ: Ելույթ ունեցավ նաեւ «Պահպանողական» կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը: Վերջինս վստահեցրեց, որ ընդդիմությունը միավորվել է, պարզապես հարց է, թե ո՞վ է իրական ընդդիմություն, եւ «ո՞վ՝ իշխանությունների ինկուբատորներում աճեցրած ճուտ»: Նա եւս անդրադարձավ Ա. Բաղդասարյանին՝ հիշեցնելով, որ երբ ՕԵԿ ղեկավարն ԱԺ նախագահ էր, 2004-ի ապրիլի լույս 13-ի գիշերը կարմիր բերետավորները «ծվարեցին նրա ղեկավարած հիմնարկի տարածքում» եւ այնտեղից հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա: Նրան էլ էր զայրացրել Ա. Բաղդասարյանի այն հայտարարությունը, թե պետք չէ Ռ. Քոչարյանին իմպիչմենտի ենթարկել: «Ի՞նչ է, Ֆրանսիան ձեռքը վերցրեց, հիմա «պապա՞» է ման գալիս, ու այդ «պապան» Ռ. Քոչարյա՞նն է»,- հարցրեց նա: Նշեց, որ Ա. Բաղդասարյանի նման «ընդդիմադիրներ» էլի կան: Ըստ Մ. Հայրապետյանի, իրականում դաշտը սեւ-սպիտակ է, պարզապես իշխանություններն արանքը գաղջ, գորշ բաներ են լցրել, որոնց անունը կուսակցություն են դրել: Ու հենց այդ գաղջ ու գորշ բանին էլ ուղղված էր Մ. Հայրապետյանի հետեւյալ խոսքը. «Դու ոչ տաք ես, ոչ էլ սառը: Եվ ես պետք է քեզ փսխեմ իմ բերանից»: Վերջում ելույթ ունեցավ «Իմպիչմենտի» ներկայացուցիչ, «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարեց, թե զգում է, որ երկրում վիճակ է փոխվում: Պատմեց, որ երբ մարզեր են այցելում ու մարդկանց բացատրում, որ «Իմպիչմենտը» «կլանի հեռացումն ու դատաստանն է», մարդիկ ասում են, որ իրենք էլ ընդդիմությունից հենց դա են ուզում: Փաշինյանի խոսքերով՝ ժողովուրդն էլ առաջվանը չէ, որ մինչեւ հանրահավաքներն էր ոչխար մորթում: Հիմա ասում է` ինչ ասում եք արեք` կմորթենք: «Ես մի կնոջ խոստացել եմ, որ այդ ոչխարները մորթվելու են: Ճի՞շտ եմ արել»,- հարցրեց նա: «Այո»,- բացականչեցին ցուցարարները: Այնուհետեւ Ն. Փաշինյանը նշեց, թե իրենք ոչ թե իշխանություն են ուզում, այլ երաշխիք, որ ժողովուրդը մարդկանց թույլ չտա լկտիանալ: «Բոլոր դոդերը թող դադարեն այս ժողովրդին դոդի տեղ դնել: Ո՛չ դոդացմանը, ո՛չ սերժանտացմանը, ո՛չ ռոբոտացմանը»,- հայտարարեց Ն. Փաշինյանն ու վստահեցրեց, որ իրենք այդ պրոցեսը տանելու են «մինչեւ վերջ»: Այնուհետեւ ցուցարարները շարժվեցին դեպի ԿԸՀ շենք, որից պահանջում էին փոխել քարոզարշավի համար Հ1-ով սահմանված եթերի սկիզբը՝ ժամը 17:15-ից այն տեղափոխել ավելի դիտվող ժամի՝ «Հայլուրից» հետո: ԿԸՀ շենքի մոտ Ն. Փաշինյանը հայտարարեց. «Մենք այս անգամ եկանք եւ գնում ենք: Հաջորդ անգամ մենք գալու ենք, դուք եք գնալու»: Վերջում նա նաեւ համոզմունք հայտնեց, որ Գ. Ազարյանն «այսօրվանից մինչեւ իր հեռանալը մեզ պարբերաբար իր երազում տեսնելու է»: Երեկվա հանրահավաքն ու անձրեւով ուղեկցված երթն անցան առանց լուրջ միջադեպերի: Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 27-ին, ժամը 19:00-ին՝ Ազատության հրապարակում: Իսկ մինչ այդ «Իմպիչմենտը» կլինի մարզերում: