-Պրն Բագրատյան, Մեծ եղեռնի տարեդարձի կապակցությամբ սովորաբար աճում է դրա միջազգային ճանաչման պահանջը: Որպես կանոն, հայությունն այս օրերին լրացուցիչ ջանքեր է թափում այդ ուղղությամբ։ Մյուս կողմից, սակայն, օրըստօրե ավելանում են Թուրքիայի հետ սահմանները բացելու եւ տնտեսական հարաբերություններ հաստատելու մասին խոսակցությունները։ Վերջին հաշվով, ինչպե՞ս են այս երկու իրարամերժ գործելակերպերը համատեղվում։
– Ձեր կողմից նշված գործելակերպերը Հայաստանի Հանրապետության վերջին 15 տարիների պաշտոնական քաղաքականությունն է։ Ինչքան էլ ներկաներն ընդգծեն իրենց տարբերությունները նախկիններից, իսկ վերջիններս էլ՝ ներկաներից, վերը նշված գործելակերպերի համատեղումը եղել է Թուրքիայի հետ քաղաքական հարաբերությունների առանցքը։
– Ուրեմն ի՞նչ է ստացվում, եւ՛ նախկինում, եւ՛ հիմա միեւնույն քաղաքականությո՞ւնն է իրականացվում։
– Գիտեք, արտաքին քաղաքականության սկզբունքները երկչափանի են. դրսի եւ ներսի բաղադրիչներով։ Դրսի համար այս հարցում մեր արտաքին (եւ ոչ միայն արտաքին) քաղաքականության մեջ էական փոփոխություններ չկան (համենայն դեպս, ներկաներն, ահա արդեն 10 տարի է, այդպես են ներկայացնում իրենց արածը. ասում են՝ շարունակում ենք նախկինների սկսածը)։ Ներսի առումով, իհարկե, կան տարբերություններ։ Եղեռնի ճանաչման հարցում իրողությունն այսպիսին է. եւ՛ նախկինում, եւ՛ ներկայումս աշխատանքներ են տարվել ու տարվում այն ավելի ընդգրկուն դարձնելու համար։ Շուրջ երկու տասնյակ ճանաչումներից մի մասը վերաբերում է (կարծեմ՝ կեսը) նախկին իշխանություններին։ Ինչպես եւ ներկաները, նախկինները նույնպես կազմակերպում էին գիտական ժողովներ, այցելում հուշահամալիր եւ այլն։ Ավելին, Եղեռնի 80-րդ տարվա՝ 1995-ի կապակցությամբ 1994թ. սեպտեմբեր եւ 1995թ. մարտ ամիսներին (պատերազմը նոր-նոր էր ավարտվել) կառուցվեց թանգարան։ Աշխատանքները հասցնելու նպատակով, նաեւ ՀՀ նախագահի խնդրանքով, յուրաքանչյուր շաբաթ տեղում խորհրդակցություն էինք անցկացնում։
– Ինչո՞վ է դա պայմանավորված։ Չէ՞ որ նախկիններն ու ներկաներն այնքան տարբեր են։ Նախկիններն, ի վերջո, ազատական գաղափարախոսության կրողներն են, ազգային խնդիրները հայրենասիրության դիրքերից մեկնաբանողներ։ Ներկաները ազգայնական գաղափարներին են հարում, առաջ են քաշում ազգայնական (դաշնակցականներ) կամ ցեղակրոն արժեքների առաջնահերթությունը։
– Խնդիրը, կարծում եմ, պարզ բացատրություն ունի։ Յուրաքանչյուր երկրի արտաքին քաղաքականության ինքնուրույնության կամ հարաբերական ազատության աստիճանը պայմանավորված է այդ երկրի միջազգային աշխարհաքաղաքական, էթնիկական, տնտեսական եւ մշակութային ազդեցությամբ։ Ինչքան էլ մենք մեր ժողովրդին ասենք, թե մենք հզոր ենք, միջազգային տեսանկյունից մեր հզորության չափանիշը ոչ թե մեր ասածն է մեր մասին, այլ ուրիշների ու, նախեւառաջ, հարեւանների կարծիքն է խնդրո առարկայի շուրջ։ Շատ պարզ է, մարդն իր մասին չի կարող ասել, որ ինքը խելոք է կամ գեղեցիկ։ Ուրիշները նրա մասին այդ բաները պետք է ասեն։ Ստացվում է, որ ազգի իրական հզորությունն ուրիշների կողմից դրա ընդունումն է, այդ հզորության նկատմամբ վերաբերմունքն է, այլոց հարաբերությունը, բացառելով ինքնահարաբերությունը։ Մենք՝ հայերս, այս բանը չպետք է մոռանանք։ Միջազգային հանրությանն, օրինակ, մենք չէ, որ պետք է ասենք, թե աշխատող, ստեղծագործ, քաջ եւ այլն ժողովուրդ ենք։ Նման մոտեցումը միայն ներքին սպառման համար կարող է լինել։ Այդ ուրիշներն են, որ պետք է մեր վերը նշված հատկությունները ճանաչեն եւ մատուցեն։ Իսկ ուրիշները դա կասեն, եթե ունենան մեր այդ հատկությունների նկատմամբ պահանջարկ։ Եվ ուրեմն, եզրափակելով վերը նշված միտքը, ինչպես նախկին, այնպես էլ՝ ներկայիս իշխանությունների օրոք համաշխարհային հանրության կողմից մեր նկատմամբ պահանջարկն ուղիղ համեմատական է մեր երկրի մեծությանը, նրա տեղին ու տնտեսության մասշտաբներին։ Այստեղից, այնպիսի խոշոր հարցեր, ինչպիսիք են Եղեռնը կամ Ղարաբաղի հարցը, հնարավոր չէ ունենալ, դրսի տեսանկյունից, էականորեն իրարից տարբերվող մոտեցումներ։
– Լավ, իսկ ո՞րն է տարբերությունը, այսպես ասած՝ ներսի առումով։
– Խոսքն, առաջին հերթին, վերաբերում է այն փոքրիկ, առաջին հայացքից ոչ էական իրողություններին, որոնց հետեւողական կիրարկումը ժամանակի մեջ կարող է հանգեցնել որակական փոփոխությունների։ Օրինակ, Եղեռնի հարցում նախկինների մոտեցումն այսպիսին է եղել.
* Եղեռնի ճանաչումը կարեւոր խնդիր է, բայց այն արտաքին քաղաքականության միջոցներից է, այլ ոչ թե նպատակը,
* Եղեռնի ճանաչումը չի ենթադրում տարածքային պահանջների (պահանջատիրության) կամ ռեստուտիցիայի կիրարկում տվյալ պատմական ժամանակաշրջանում, իսկ Թուրքիայի բնակչությանը պետք է նախապատրաստել (մասսայական տեղեկատվության միջոցով) Եղեռնի ճանաչմանը,
* Եղեռնի պարագան չպետք է խանգարի Թուրքիայի հետ, վերջինիս համաձայնության դեպքում, բազմակողմանի հարաբերություններ հաստատելուն։
Ներկաների (նկատի ունեմ իշխանությանը, պետական քաղաքականությունը) մոտեցումն է.
* Եղեռնի ճանաչումը արտաքին քաղաքականության նպատակն է,
* Եղեռնի ճանաչման գործընթացը պետք է հնարավորինս ընդլայնել,
* ձեւականորեն չպետք է խանգարել Թուրքիային իր եվրաինտեգրման քաղաքականության մեջ, իսկ իրականում թույլ տալ, որպեսզի եվրոպացիները Եղեռնի հարցն օգտագործեն Թուրքիայի դեմ խոչընդոտներ ստեղծելու համար։
Ինչպես տեսնում ենք, ներսի սպառման տեսակետից էական տարբերություններ կան։ Վերջնական նպատակը նույնն է, բայց առաջին դեպքում փորձ է արվում բոլոր դեպքերում գտնվել ավելի քաղաքակիրթ, քան մեր ախոյանը, չխանգարել նրան ինտեգրվել ու ստանալ արեւմտյան քաղաքական կողմնորոշում։ Երկրորդ դեպքում դա արվում է գրգռելով բացարձակ թշնամություն, թույլ է տրվում, որպեսզի հայկական գործոնն օգտագործվի Թուրքիայի արեւելյան քաղաքականությունն ուժեղացնելու համար։ Այսինքն, մեծ հաշվով, երկրորդ դեպքում մենք մեզ ենք վնասում. եթե Թուրքիան Եվրոպա, Արեւմուտք չի գնում, ուրեմն գալիս է Արեւելք, իմա՝ մեր վրա։ Այս առումով՝ նման քաղաքականությունը, որը բնորոշ է հայաստանյան ազգայնական ուժերին, ի վերջո, ազգադավ է ռազմավարական առումով։ Պատահական չէ, որ թուրք ազգայնականներն ավելի շատ մտահոգ են, երբ Հայաստանում իշխում են հայրենասիրական ուժերը։ Եվ հակառակը, բավականին ուրախ են ազգայնականներին, այդ թվում՝ այսօրվա իշխանությանը, այստեղ կառավարելիս։ Այդ դեպքում հակահայ լինելը թուրքական արտաքին քաղաքականության համար միանգամայն ընդունելի է դառնում։
– Այո, բայց փաստերը ցույց են տալիս, որ Թուրքիան, իրոք, հակահայկական է։ Մեր կողմից վերաբերմունքի մեղմացումն ի՞նչ է տալու։ Չէ՞ որ Թուրքիան, միեւնույն է, անելու է այն, ինչ անելու է։
– Իհարկե, իրավացի եք։ Ավելին, իր շահերի տեսակետից, իսկ ամեն մի ազգի շահը այլոց հաշվին կենսատարածքներ գրավելն է, Թուրքիան այդպես էլ պիտի վարվի։ Բա ի՞նչ ենք ուզում մենք։ Բոլոր դեպքերում եվրոպականացված Թուրքիան (եթե դա հնարավոր է) ավելի լավ է, քան ֆունդամելիստականը։ Լավ ապրող Թուրքիան Հայաստանի համար ավելի լավ է, քան հետամնացը։ Պատմական այս ժամանակաշրջանում դա համապատասխանում է մեր ազգային շահին։ Վաղը կարող է հարկ լինի կռվել նրանց դեմ, եւ, այո, պետք է պատրաստ լինել, ինչքան հնարավոր է։ Եթե այսօր շանս կա նրանց ուղարկելու Եվրոպա, պետք է դա անել։ Երբեւէ մտածել ե՞ք, թե այդ թուրքերն ինչպե՞ս մի 100.000-անոց բանակով 10-րդ դարում եկան Հայաստան, ուր ապրում էր 4-6 մլն մարդ, եւ, ի վերջո, գրավեցին մեր կենսատարածքները, ու այսօր իրենք 80 մլն են, իսկ մենք՝ երեք։
– Հայտնի բան է, ջարդերի, կոտորածների, ավերումների միջոցով։
– Դժվարանում եմ համաձայնել։ Այդ դեպքում ո՞ւր մնաց մեր ազգի իմաստության, խելոքության ու քաջության մասին մեր պատմաբանների ասածները։ Մի՞թե դարերի իմաստություն ունեցող ազգը չէր կարող ասիմիլացնել մի 100.000 մարդ։
– Լավ, ինչպե՞ս պատահեց։
– Խնդիրն ավելի բարդ է։ Այս պահին պատմական գնահատականներ տալը իմ խնդիրը չեմ համարում, սակայն հավատում եմ, որ պատմական համար մեկ գործոնը ժողովրդագրական աճն է։ Սա անհրաժեշտ պայման է, որպեսզի ձեւավորվի նա, ով կարող է հավակնել քո տարածքին (այստեղից հիշենք, ժողովրդագրական աճը կամ ուրիշներին քո էթնոսին ասիմիլացնելը միշտ էլ եղել է ազգերի էքսպանսիայի ամենամեծ գործոնը)։ Սակայն անհրաժեշտ է նաեւ բավարար պայման։ Վերջինս, տվյալ հասարակության ներսում առկա համակարգով հասարակության հետագա զարգացման անհնարինությունն է։ Նկատենք, պատմականորեն երբեք հայկական պետությունը չի դադարել գոյություն ունենալուց թշնամու հարձակման արդյունքում։ Այն միշտ դադարել է հենց հայերի նախաձեռնությամբ, երբ իշխանությունն ու կառավարման համակարգը դարձել են անընդունելի, անարդար։ Հայերին բնորոշ է ոչ թե իշխանության փոփոխությունը, այլ պետության դադարեցումը։ Հայկական իրականությունում չեն սիրում դառնալ նախկին իշխանություն։ Երկրորդ գործոնը նույնպես ժողովրդագրական է, չնայած մակերեսին այն թվում է կրոնական։ Մի մոռացեք, որ քրիստոնեությանը բնորոշ է մոնոգամ ամուսնության ինստիտուտը։ Մահմեդական աշխարհում բազմակնություն է։ Անգամ այն դեպքում, երբ մենք հաջող ենք եղել այս կամ այն պատերազմում (նման բան հաճախ է եղել, օրինակ, Զաքարյանների, Մլեհի, Լեւոն Բ-ի, Հեթում Ա-ի եւ այլոց օրոք), մենք չենք կարողացել փոքրացնել դիմացինի աճի կենսաբանական բազան։ Սպանելով նրանց տղամարդկանց՝ մենք չենք ազդել աճի վրա. բազմակնության ինստիտուտը թույլ է տվել սպանվածներին փոխարինել կենդանիներով եւ շարունակել ժողովրդագրական աճը։ Երբ որ նրանք են սպանել մեր տղամարդկանց, իսկ պատերազմում դա անխուսափելի է, ապա նման փոխարինում մենք չենք գտել։
– Ուրեմն, ի՞նչ, պետք էր մահմեդականություն ընդունե՞լ, թե՞ պատերազմի ավելի դաժան կանոններից օգտվել։
– Ճիշտ հակառակը։ Կրոնի մասով, ընդհակառակը, պետք է ունիվերսալացնել մեր քրիստոնեական հավատը։ Այնուամենայնիվ, մեզ արյունակից շատ ազգեր, հասկանալով մահմեդականության այդ դեմոգրաֆիական առավելությունը, կրոնափոխ դարձան։ Օրինակ, պարսիկները, որոնք կրոնափոխությունից հետո իրենց նույնաբանությունը պահպանելու համար ստիպված էին շիականությունը մոգոնել։ Կամ ադրբեջանցիները։ Ամենասկզբում նրանք Աղվանքի հայոց թագավորության քաղաքացիներն էին։ Ապա, տեսնելով իրավիճակի բարդությունը, նույնպես մահմեդական դարձան։ Դրանից հետո ձուլվելով պարսիկներին, սուննի թուրքերին, Հս. Կովկասից պարբերաբար ներխուժող ժողովուրդներին, վերածվեցին ադրբեջանցիների։
Հայերն ընտրել են իրենց ազգային նույնականությունը՝ խորացնելով գոյատեւելու պատմական ճանապարհը։ Սա էլ ձեւ է։ Բայց այն համապատասխան կիրարկում է պահանջում։ Օրինակ, հիմա հաճախ ենք խոսում 90-ականների սկզբների Արցախյան պատերազմում հայկական կողմի հաջողություններից։ Ի դեպ, ես հազվադեպ եմ արտահայտվել այս կապակցությամբ։ Չնայած, անկեղծ ասած, պատերազմական գրեթե բոլոր հիմնական հաղթանակներն արձանագրվել են հենց իմ կառավարության օրոք։ (Քավ լիցի, հեռու եմ դրանք որեւէ մեկին վերագրելու մտքից։ Դա ժողովրդի հաղթանակն է եղել։ Սակայն, երբ տեսնում եմ, թե ինչպես է ամեն մի եղած-չեղած հաղթանակի իր ավանդից խոսում, ուզում եմ հիշեցնել, որ ժողովրդից հետո եղել է հանրապետության առաջին նախագահ, կառավարություն, որի որոշումների կեսից ավելին բանակին են վերաբերել։ Նոր այդ ամենից հետո մյուսների խոսելը տեղին կլիներ)։ Նախեւառաջ, հաղթել է մեր զինվորների քաջությունը։ Ապա, հայկական կառավարությունը կարողացել է իր անհամեմատ ավելի պակաս ռեսուրսներն անհամեմատ ավելի արդյունավետ օգտագործել։ Բայց այլ գործոններ էլ են եղել։ Մասնավորապես, եղել է պատերազմելու տեխնոլոգիա։ Մեր կառավարության առաջին որոշումներից մեկը եղել է ադրբեջանական գերիների համար տանելի պայմաններ ստեղծելը եւ առանց ձեւականությունների նրանց բաց թողնելը՝ համաձայն միջազգային կանոնների։ Պատերազմի դաշտում կամ շրջապատման մեջ ընկնելիս նրանք մինչեւ վերջին փամփուշտը կրակելու փոխարեն՝ հանձնվում էին՝ իմանալով, որ գերի ընկնելը մահ չի նշանակում։ Այլ խոսքերով ասած, նրանց բանակի դիմադրողականությանը լուրջ հարված հասցվեց։ Սա նշանակում է, որ մեր եւ նրանց պատերազմելու տեխնոլոգիաները նույնը լինել չեն կարող։
– Իսկ ինչո՞ւմն է կայանում Արցախի հարցում ներկա եւ նախկին իշխանությունների «դրսի առումով» նույնականությունը եւ «ներսի առումով» տարբերությունը։
– «Դրսի առումով» ակնհայտ է, որ մեծ տարբերություն չկա։ Եվ նախկինում, եւ հիմա, պատմական այս ժամանակաշրջանի առումով.
* Ադրբեջանը ետ է ստանում իր տարածքները (լրիվ կամ մասնակիորեն՝ բացառությամբ բուն ԼՂՀ տարածքի),
* Ճանապարհներն ապաշրջափակվում են,
* ԼՂՀ կարգավիճակի հարցը հետաձգվում է։
«Ներսի առումով» դա, մի կողմից, անվանվում է վեճ փուլային եւ փաթեթային տարբերակների շուրջը (իրականում միշտ եղել է ու կա փուլային տարբերակ), հիշատակվում է հանրաքվեի իրավունքը (սա ոչ թե հակասում է նախկինին, այլ մի փոքր լրացում է, իսկ գուցե եւ ներքին օգտագործման տարր. «face saving»), իսկ մյուս կողմից, իբրեւ մեծ թերություն, հիշատակվում է ԼՂՀ-ի՝ որպես բանակցային կողմ հանդես չգալը։
Գիտեք, ի վերջո այդ թղթի մեջ չէ տարբերությունը, խնդրի էությունը։ Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ Հայաստանը կամ պետք է գնա այդ լուծումներից մեկին, կամ էլ, եթե չի ուզում Արցախի հայաթափությունը, պետք է բնակեցնի այն եւ հայտարարի, իսկ դա շատ նորմալ է, որ մեր ժողովրդին ապրելու կենսատարածքներ են պետք։ Միայն սա կստիպի փոխել միջազգային հանրության վերաբերմունքը խնդրի նկատմամբ։ Իսկ երբ Հայաստանից շարունակվում է մարդկանց արտագաղթը, «երկնիշ» աճ ունեցող Հայաստանից մարդիկ գնում են չնչին աճ կամ որեւէ աճ չունեցող երկիր (որովհետեւ ամբողջ երկիրը բաժանված է «մերոնց» եւ «ոչ մերոնց»), այս պարագայում ԼՂՀ հարցի լուծման այլ տարբերակ լինել չի կարող։
– Հաճախ եւ՛ Եղեռնի, եւ՛ Ղարաբաղի հարցերում կարդում ենք նախկին իշխանությունների, այսպես ասած, դավաճանական դիրքորոշման մասին։ Եթե այդպես չէ, ինչո՞ւ հակահարված չեք տալիս։
– Անձամբ ես միշտ էլ պատասխանել եմ։ Ու ոչ թե նրա համար, որ այդպիսին եմ, այլ նրա համար, որպեսզի պատմությունը սխալ չարձանագրվի։ Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ հաճախ որոշ լրատվամիջոցներ մի սուտ բան են գրում եւ ապա դա մատուցում իբրեւ տեսլական ու սկսում քննադատել։ Վերջերս ոչ անհայտ ռուսալեզու մի թերթ հոդված էր գրել, որտեղ փորձել էր ինձ դարձի բերել, իսկ մարդկանց էլ զգուշացնել պարտվողական դիրքորոշումից։ Մասնավորապես, ասվում է, թե «պրն Բագրատյանը Եղեռնի ճանաչման հարցը մեր արտաքին քաղաքականության մեջ հայտնվելը սխալ է համարում»։ Ես իբր թե ասել եմ, որ եթե Եղեռնի հարցը չլիներ, ապա նավթատարների ու երկաթգծերի նախագծերին ՀՀ մասնակցությունն ապահովված կլիներ։ Ընդ որում, առաջարկում եմ Ղարաբաղի հարցում զոհաբերել հայության շահերը։ Ենթադրում եմ, որ կամ հիվանդի հետ գործ ունենք, կամ էլ իշխանության պատվերի։ Եթե նշված նախադասություններից որեւէ մեկը ճիշտ է, փաստ կա, պատրաստ եմ հեղինակին հրապարակավ մեծարել։ Չէ՞ որ այդ բաներն ասվում են մի մարդու հասցեին, որի կառավարության ղեկավարի պաշտոնում լինելու ընթացքում են արձանագրվել գրեթե բոլոր պատերազմական հաղթանակները։ Չէ՞ որ 10 տարի առաջ, օրինակ, ցեղասպանության բանաձեւը Ռուսական դումայում ընդունելը եղել է նաեւ իմ անձնական ջանքերի ու աշխատանքի շնորհիվ։ Այնպիսի տպավորություն ունեմ, որ այս իշխանամետ թերթը նշված հարցերում առկա ձախողումներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար է նման հիմարություններ դուրս տվել։
Կարծում եմ նաեւ, որ պետք է մեկընդմիշտ հեռանալ նախկին-ներկա կոնցեպցիայից եւ մամուլի այդ կամակատարներին նման հրահանգներ չտալ։ Սրա մեջ լավ բան չկա։ Անցյալ դարի սկզբներին «նախկին» Անդրանիկը չհամագործակցեց ներկա դաշնակցական կառավարության հետ եւ 1919թ. մայիսին լքեց Հայաստանը, որը կառավարության անկարողության պատճառով շարունակական եղեռն էր ապրում (ընդհուպ մինչեւ 1920թ. դեկտեմբերը)։ Դրա արդյունքում՝ Նախիջեւանում, որտեղ հայ չէր կոտորվել, 1919-ի վերջին հայերը կոտորվեցին։ Պողոս Նուբար փաշան, նեղացած այն բանից, որ դաշնակցության օգնությամբ իշխանության եկած երիտթուրքերն ի վերջո եղեռն էին իրականացրել, հայտարարեց, որ Արեւմտահայաստանի դատը միայն իրենցն է եւ հրաժարվեց համագործակցել օրինական իշխանության հետ։ Արդյունքը Արեւմտահայաստանի լիակատար կորուստն է։ Դաշնակները, չուզենալով հեռանալ իշխանությունից (այսինքն՝ նախկին դառնալ)՝ չօգնեցին Շահումյանին եւ մեծ հաշվով նպաստեցին նրա պարտությանը։ Իսկ Շահումյանը մեծ հայ էր։ Չգիտեմ՝ ինչ են ասում նրա սոցիալական հայացքների մասին, բայց նա մեկն էր, որ հարեւան մահմեդական երկրում իշխանություն էր վերցրել (պատկերացրեք նրա մեծությունը) եւ ի վերջո ազգային խնդիրներ էր լուծում։ Դրաստամատ Կանայանը, բոլշեւիկյան Հայաստանի պաշտպանության նախարարը, չուզենալով նախկին դառնալ, կազմակերպեց Սարդարապատի հերոսների առաքումը Բաքու, իսկ այնտեղից էլ խնդրում էր զանգեզուրցիներին՝ հանձնվել բոլշեւիկներին։ Դրա հետ մեկտեղ Ալ.Մյասնիկյանը, որի նկատմամբ չէին ուզում նախկին դառնալ Հայաստանի առաջին հեղկոմի անդամները, այդ թափթփուկների պատճառով չկարողացավ մինչեւ վերջ կատարել իր հայրենանվեր գործը։ Ի վերջո, այդ Մյասնիկյանի շնորհքն է, որ Զանգեզուրը չհանձնվեց Ադրբեջանին։
Պատմության դասն է. ամեն մի իշխանություն նախկինացավով չպետք է տառապի, եւ, երբ ժամանակը գալիս է, պետք է թողնի հեռանա։