Օսկանյանը նպատակահարմար չի գտնում

22/04/2007

Երեկ Լատվիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը պարզաբանել է վերջերս ԵԱՀԿ-ում արած իր այն հայտարարությունը, թե` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կողմերը բավական մոտ են հաջողությանը: «Եթե համեմատենք այս պահին եղած փաստաթուղթը նախորդների հետ, սա ավելի ռեալ է՝ կողմերի ընդունման առումով, որովհետեւ ավելի հավասարակշռված է, եւ ճիշտ բալանսավորում կա: Ես այդ միտքը հայտնել եմ ԵԱՀԿ-ում՝ հենվելով այսօր առկա բանակցային գործընթացի վրա, փաստաթղթի բովանդակության վրա եւ ոչ թե կողմերի ցանկությունների»,- ասել է նա` վստահեցնելով, թե հարցերի հիմնական մասն արդեն իսկ համաձայնեցված է: Նա նաեւ նշել է, թե ինքն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը նախագահներին են փոխանցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները, եւ «միայն նախագահների դիրքորոշումներից հետո հստակ կլինի` շարժվում ենք առա՞ջ, թե՞ չէ»:

Ի դեպ, Վ. Օսկանյանը երեկ տեղեկացրել է, թե հաջորդ հերթական հանդիպման պայմանավորվածություն դեռ չկա, սակայն չի բացառվում, որ համանախագահներն առանձին-առանձին հանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ մինչեւ մայիսի 12-ը: Իսկ մայիսի 12-ից հետո նրանք կայցելեն տարածաշրջան` նախապատրաստելու նախագահների հաջորդ հերթական հանդիպումը:

Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին, Վ. Օսկանյանն ասել է, թե գոհ է նրանից, որ քաղաքական ուժերը ԼՂՀ հիմնահարցը չեն շահարկում իրենց քարոզարշավների ընթացքում: Նաեւ նկատել է, թե այդ հարցի շահարկումն այնքան էլ նպատակահարմար չէ նախընտրական փուլում, որովհետեւ «խորհրդարանն առհասարակ ներգրավված չէ բանակցություններում, եւ այնպիսի փուլում չենք, որ մի բան հաստատել ենք եւ պիտի խորհրդարանի դատին հանձնենք»: