ՀՅԴ-ն շեղվել է ազգային իր ծրագրից

22/04/2007

«Իմ եւ Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալությունը քաղաքական պատվեր է: Պատվիրատուներն էլ, կարծում եմ, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են», – «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկի կալանավայրում գտնվող Վարդան Մալխասյանը: Նա չի բացառել, որ պատվիրատուների մեջ կարող է լինել նաեւ իր նախկին կուսակցությունը` ՀՅԴ-ն:

«Միջոցների միջեւ խտրականություն չենք դնելու» իմ ասածը լուրջ հիմք չէ կալանքի առավելագույն` 6 ամիս ժամկետը սահմանելու համար: Ես չեմ ասել՝ հենց հիմա հեղաշրջում ենք անելու, ես նկատի եմ ունեցել` «եթե տարածքները հանձնելու որոշում կայացվի, միջոցների առաջ խտրականություն չենք դնի», հիմա էլ եմ նույնը ասում»,- պնդել է նա: Վ. Մալխասյանը կտրականապես հերքել է զինված խմբավորումների հետ կապ ունենալու հանգամանքը` ասելով. «Ես որեւէ խմբի հետ կապ չունեմ, ես քաղաքական գործիչ եմ, զենքերի ու ապստամբությունների հետ ոչ մի կապ չունեմ»: Վ. Մալխասյանը մինչեւ 2000թ. եղել է ՀՅԴ-ի անդամ: «Ինձ պաշտոն էլ են առաջարկել այն ժամանակ, հրաժարվել եմ: Որովհետեւ զգում էի, որ Դաշնակցությունը շեղվել է ազգային իր ծրագրից: ՀՅԴ-ի համար, կարծես, ծրագիրը միջոց էր` ընդամենը իր նպատակներին հասնելու համար: Հասավ ու մոռացավ ամեն ինչ: Ես էլ տեսա, որ խառնվում են կեղծիքների, դուրս եկա կուսակցությունից: Չի բացառվում, որ իրենց մատն էլ խառը լինի մեզ այստեղ բերելու հարցում»,- ասել է Մալխասյանը:

Հիշեցնենք, որ վերջինս մեծամասնական ընտրակարգով առաջադրված է Աշտարակի թիվ 14 ընտրատարածքում, սակայն նա ստիպված է իր քարոզչությունն իրականացնել կալանավայրից: «Ես մեծ ուշադրություն չեմ դարձնում պատգամավորության վրա, ոչ էլ շատ եմ երազում պատգամավոր դառնալ: Նախընտրական պաստառներ չունեմ, ոչ էլ շատ լուրջ եմ ընդունում քարոզարշավները: Իմ հայրենի Աշտարակի ժողովուրդը ինձ շատ լավ ճանաչում է, ես 99 թվին առաջադրված էի. 4600 ձայնով չընտրվեցի, որովհետեւ ինձ հետ մրցակցողը ընտրակեղծիքներով մի քանի հարյուր ձայն ավելի հավաքեց ու դարձավ պատգամավոր,- ասել է թեկնածուն։ -Ես հիմա էլ ոչ ոքի չեմ ասում` ինձ ընտրեք, իմ թեկնածությունն առաջադրել եմ, որ ժողովուրդը որոշի` իշխանությո՞ւնը, թե՞ ամենաարմատական ընդդիմությունը: Ես ինձ համարում եմ ամենաարմատական ընդդիմություն»: Նա ասել է, թե ցանկություն ունի օգտվել Հ1-ի անվճար եթերաժամից: Նրա փաստաբան Մուշեղ Շուշանյանն առաջիկա օրերին հանդես կգա համապատասխան միջնորդությամբ: