Կոալիցիա՝ հայկական հեղափոխության հայելին

10/05/2005 Հայկ ԱՐԱՄՅԱՆ

Հայաստանում հեղափոխականների եւ հեղափոխություն անողների պակաս չի զգացվում: Դրան նպաստում է նաեւ դրսի ենթադրյալ աջակցությունը: Բոլոր նրանք, ովքեր խոսում են օրինականությունից ու սահմանադրական կարգի կառուցման անհրաժեշտությունից, համարվում են օպորտունիստներ, ականներ եւ այլն: Իրավիճակն այնքան է թեժացել, որ ներկայումս Հայաստանում նկատվում է «ռուսական» հեղափոխականների ու «արեւմտյան» հեղափոխականների անզիջում պայքար: Դիտորդները չեն զլանում նշել, որ Մոսկվան, Արեւմուտքից նախաձեռնությունը խլելու համար, Հայաստանում ինքն է փորձելու նմանակել Վրաստանի կամ Ուկրաինայի գործընթացները` դրանք վարկաբեկելու համար: Հակառակ դրան, դիտորդները նշում են, որ այս հարցում Արեւմուտքը բավական դանդաղկոտ է ու բավական իրարամերժ հայտարարություններ է անում:

Ի՞նչ անել. ահա այն հարցը, որ հայ հեղափոխականներին ամենեւին չի մտահոգում, քանի որ բոլորի հույսը դրսի աջակցության վրա է: Այնինչ, թվում է, արժեր խորհել ներքին իրավիճակի շուրջ: Հանուն արդարության պետք է նշել, որ վերջին ժամանակներս բավական խորքային տեսակետներ հնչում են: Դրանք վերաբերում են օրինականության, սահմանադրական կարգի, Հայաստանում իշխանության խնդիրներին, որոնք կարող են հանգեցնել իրական համակարգային բարեփոխումների: Այս տեսակետից էական է, որ վերջերս լրջորեն քննարկվում է նաեւ կոալիցիայի խնդիրը, նրա դերակատարությունը ներքաղաքական կյանքում: Անդրադառնանք խնդրի մի քանի կողմերին:

2003թ. խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների արդյունքում, իշխանության փաստացի բացակայության պայմաններում աննախադեպ աշխուժացան քրեական-կլանային կազմավորումները, որոնք փորձում էին լցնել վակուումը: Սահմանադրության չգործելու պայմաններում երկրի հասարակական-քաղաքական կարգի միակ հիմքը դարձավ կոալիցիայի մասին հուշագիրը, որն, ըստ էության, քաղաքական-տնտեսական նեղ շրջանակների համաձայնություն էր իշխանությունը բաժանելու համար: Սակայն այսպիսի համաձայնությունը չի կարելի բնորոշել որպես իշխանություն, քանի որ այն չի արտահայտում հասարակության շահերն ու ձգտումները: Կոալիցիայի մասին համաձայնությունն արտահայտում էր 1996թ. ի վեր ստեղծված իրավիճակը, երբ հասարակությունը զրկվեց իշխանություն ձեւավորելու իրավունքից:

Մյուս կողմից, կոալիցիայի մասին հուշագիրը նոր երեւույթ էր այն առումով, որ փաստորեն արձանագրեց իշխանության ավտորիտար կառուցվածքի վերջը, այն փոխարինելով քաղաքական ուժերի միջեւ համաձայնությամբ: Սա մի քայլ է դեպի լիբերալիզմի դրույթներից մեկը` համաձայնությունը: Հենց այստեղ է թաքնված ընդդիմության պարտության պատճառներից մեկը` դեմոկրատական տարրեր պարունակող իշխանական կառուցվածքին ընդդիմությունը հակադրեց ավտորիտար կառուցվածք եւ գաղափարներ, ինչը նրան զրկեց ներքին եւ արտաքին լայն աջակցությունից: Ի տարբերություն ավտորիտար կառուցվածքի, համաձայնության հիման վրա ստեղծված համակարգն ավելի ամուր է, քանի որ ունի կադրային լայն բազա եւ պատասխանատվության «բաժանված» ոլորտներ:

Սակայն կոալիցիայի հուշագիրը նույնպես չի երաշխավորում իշխանության վերջնական ձեւավորումը, քանի որ չի արտահայտում հասարակության շահերը: Մյուս կողմից, կյանքը ցույց տվեց, որ ներկայիս համակարգը հնարավոր չէ ապամոնտաժել ուժային մեթոդներով (իհարկե, եթե բացառենք դրսից ուժային միջամտությունը). այն կարող է թուլանալ միայն այն դեպքում, եթե ստեղծվի որակապես ավելի բարձր քաղաքացիական համաձայնություն: Հայաստանում այս խնդրի կարեւորությունը կարծես գիտակցվում է. արդեն առկա են մի շարք համաձայնություններ տարբեր քաղաքական ուժերի միջեւ, որոնք սակայն որակապես նոր բեւեռ չեն ձեւավորում` հիմնական քաղաքական խնդիրների շուրջ տարաձայնությունների պատճառով:

Վերջին շրջանում կոալիցիայի ներսում հակասությունների սրումը եւ կոալիցիոն համաձայնության թուլացումը պայմանավորված են հենց վերը նկարագրված սխեմայով. հասարակության մեջ իրավական, սահմանադրական կարգի եւ որակապես նոր համաձայնության մասին սկսված քննարկումներն արդեն բավական էին, որ համակարգը լուրջ ճեղքվածքներ տա: Ինքը` իշխանական համակարգը, նույնպես տեսականորեն հնարավորություններ ունի «վերեւից բարեփոխումներ» անցկացնելու, սակայն դա էլ է հանգեցնելու համակարգի ապամոնտաժմանը:

Կրկին գանք մեր հեղափոխականներին եւ արձանագրենք, որ ցանկացած այլ գործունեություն, որն ուղղված չէ երկրում սահմանադրական եւ իրավական կարգ կառուցելուն, դատապարտված է անհաջողության եւ վտանգավոր է երկրի համար: Կյանքն արդեն ապացուցեց, որ առաջ քաշելով իշխանափոխությունը, համակարգային բարեփոխումները, Ղարաբաղի հարցը եւ այլ խնդիրներ` որպես առաջնային, ընդդիմությունը եւ նրա համակիրները անհաջողություն կրեցին, քանի որ դրանք չեն կարող իրական միավորող գաղափարներ դառնալ հասարակության համար: Այդ խնդիրները կարող են դրական լուծվել միայն այն դեպքում, երբ ստեղծվի կոալիցիոն համաձայնությունից որակապես ավելի բարձր հասարակական նոր համաձայնություն` իրավական կարգ կառուցելու նպատակով: