Հայաստանում իրավիճակը հանգիստ է, ԱԺ առաջիկա ընտրությունն էլ անցնելու է ազատ, արդար եւ թափանցիկ, ամեն բան նորմալ է, նախընտրական շրջանում ուշադրության արժանի շեղումներ չկան եւ այլն:
Կարճ ասած՝ «լոխ լյավ ա»: Երեկ ՄԱԱ-ում նման պատկեր ներկայացրեց ՀՀ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական, նախագահին առընթեր քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Գառնիկ Իսագուլյանը: Վերջինիս խոսքերից դատելով՝ նախընտրական շրջանում տեղի ունեցող կրակոցները, մահափորձերն ու կուսակցության գրասենյակների պայթյունները մանր-մունր բաներ են: Բանն այն է, որ պարոն Իսագուլյանն առաջարկում է տեղի ունեցած «քրեական դեպքերը» չկապել նախընտրական շրջանի հետ: Ըստ նրա, ուղղակի այդ հանցագործությունները համընկնում են նախընտրական շրջանի հետ: «Գրասենյակների հետ տեղի ունեցածը, չեմ կարծում, թե այնքան արտառոց դեպքեր էին, որ արժեր նույնիսկ այս մասշտաբի ընտրությունների ժամանակ դրանց վրա ուշադրություն հրավիրել»,- նշեց նա: Իսկապես, ի՞նչ է եղել, որ: Պայթյուններ են, էլի, ի՞նչ զարմանալի բան կա դրանում: Հավանաբար սա ասելիս Գ. Իսագուլյանն ուզում էր ասել, թե դեռ ինչե՜ր են լինելու… Այնպես որ, չարժե նման «մանրուքների» վրա ուշադրություն դարձնել: Մի խոսքով՝ ՑՏսՌ պքպ ոցՊպՑ: Նախագահի խորհրդականը կարծում է նաեւ, որ այդ ուշադրության ոչ արժանի դեպքերը որեւէ ազդեցություն չեն ունենա ընտրությունների ընդհանուր պատկերի եւ արդյունքի վրա: Ըստ նրա, կուսակցություններ կան, որոնք ամբողջ հանրապետությունով մեկ կուսակցական կառույցներ ունեն, որոնք էլ այս ընտրությունների արդյունքների վրա, ըստ Իսագուլյանի, ամենամեծ ազդեցությունն են ունենալու: Գ. Իսագուլյանի խոսքերով՝ ԱԺ-ում հայտնվելու ռեալ շանսեր ունեցող կուսակցությունների մեջ կան եւ՛ ձախակողմյան ուժեր, եւ՛ աջ-ազատական ուժեր, եւ՛ կենտրոնը զբաղեցնող քաղաքական ուժեր: Ձախակողմյան ուժն, ըստ նրա, ՀՅԴ-ն է, կենտրոնը՝ ՀՀԿ-ն: Պարզվում է՝ «Բարգավաճ Հայաստանն» էլ աջ-ազատական ուժն է: «Հայաստանը մտել է նոր ընտրական շրջանի մեջ, որի ժամանակ կառույցները, կոնկրետ գործող մարդիկ, կուսակցական անդամները մեծ դերակատարություն ունեն, եւ այլեւս պոպուլիստական հայտարարություններով կամ մարտական ելույթներով դժվար է հաջողություններ ակնկալել,- վստահեցնում է ՀՀ նախագահի խորհրդականն ու հավելում,- Ես որեւէ ընտրություն կասկածի տակ չեմ դրել, բայց այս ընտրությունները հատկապես անցնելու են ազատ, արդար ու թափանցիկ: Որեւէ մեկը թող դրանում կասկած չունենա»: Գ. Իսագուլյանը, ով նաեւ «Ազգային անվտանգություն» անունով կուսակցության նախագահն է, երեկ հայտարարեց, թե իրենք սատարում են ՀՀԿ-ին: Ի դեպ, բանից պարզվում է, որ ՀՀ նախագահին առընթեր քաղաքական հետազոտությունների ինստիտուտը, որի ղեկավարը նույն Իսագուլյանն է, պարբերաբար ուսումնասիրում է քաղաքացիների տրամադրությունները: Եվ այդ հարցումների արդյունքում պարզվել է, որ, ուշադրություն, Ռոբերտ Քոչարյանի վարկանիշն այսօր խիստ բարձր է: «Հանրապետության նախագահի վարկանիշն այսօր ոչ միայն շատ բարձր է, այլեւ բոլորինը միասին գումարած՝ նախագահի վարկանիշի չափ չկա»,- հայտարարեց Ռ. Քոչարյանի խորհրդականը: Վերջինս նախագահի այդ «շատ բարձր վարկանիշը» բացատրում է նրանով, որ ժողովուրդը գնահատում է կայունությունը եւ խաղաղությունը: «Հիմնականում այս խաղաղության պահպանման խնդիրը կապում են Ռոբերտ Քոչարյան անձի հետ: Կարծում եմ՝ նրա եւ՛ պահվածքը, անմիջականությունը գուցե… , այդ ամեն ինչը ժողովրդի վրա որոշակի ազդեցություն թողնում է: Տնտեսական աճը ժողովուրդը տեսնում է: Եվ այս ամեն ինչը կապում է նախագահ Ռ. Քոչարյանի հետ, եւ, կարծում եմ՝ սա է պատճառը, որ Քոչարյանի վարկանիշը բարձր է»,- բացատրում է Գ. Իսագուլյանը: Վերջինիս այս հայտարարություններին ծանոթանալով՝ ակամայից հարց է ծագում. կարո՞ղ է պատահի՝ մեր ժողովուրդը սկսի Ռ. Քոչարյանին ազգովի խնդրել, որ նա երրորդ անգամ անընդմեջ ստանձնի նախագահի պաշտոնը, ինչի իրավունք Սահմանադրությունը չի տալիս: Հավանաբար՝ ոչ: Ավելի ճիշտ, եթե նույնիսկ ժողովուրդն ազգովի խնդրի էլ, ապա Ռ. Քոչարյանը կմերժի ժողովրդի այդ խնդրանքը, որովհետեւ շատ է հարգում մեր երկրի Սահմանադրությունը: «Երբ ասում ես, որ երրորդ ժամկետ գնալու ոչ մի հնարավորություն… նախագահն էլ մի քանի անգամ հայտարարել է, որ դա բացառվում է, միեւնույն է՝ ժողովուրդը նույնիսկ հաջորդ նախագահական ընտրություններին որպես նախագահ հիմնականում տեսնում է Քոչարյանին»,- ասում է Գ. Իսագուլյանը: Ու քանի որ բազմիցս նշվել է, որ ԱԺ առաջիկա ընտրություններն էապես պայմանավորելու են նաեւ 2008-ի նախագահի ընտրությունը, արդյո՞ք 2008-ին մեր երկրում աղետ կլինի, անապատ կամ դատարկություն կստեղծվի, որովհետեւ, եթե հասարակությունն այդպես վստահում է Ռ. Քոչարյանին, եւ նա էլ չի առաջադրվելու (ինչպես ասում է Գ. Իսագուլյանը), ժողովուրդը բարդ վիճակում կհայտնվի: Ի պատասխան այս հարցի՝ Ռ. Քոչարյանի խորհրդականը երեկ նշեց. «Սա ամենեւին դա չի նշանակում: Սա նշանակում է հետեւյալը. այո, հաջորդ նախագահական ընտրություններում Ռ. Քոչարյանի խոսքը, թե ո՞ւմ է տեսնում իր իրավահաջորդ, բավականին լուրջ նշանակություն կունենա»: Ինչ վերաբերում է իրավահաջորդին. Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց, թե ինքը դեռ շատ վաղուց ասել է, որ գտնում է, որ Սերժ Սարգսյանը 2008-ին ՀՀ նախագահի ամենահարմար թեկնածուն է: Միաժամանակ Գ. Իսագուլյանը վստահ է, որ Ռ. Քոչարյանը կշարունակի մնալ Հայաստանի քաղաքական կյանքում, որովհետեւ «Ռ. Քոչարյանով պայմանավորված են շատ խնդիրներ»: Նա գտնում է նաեւ, որ Ռ. Քոչարյանն իրեն դրսեւորել է անթերի, մասնավորապես՝ ղարաբաղյան խնդրի, ընդհանրապես՝ արտաքին քաղաքականության եւ կայունության պահպանման գործում: Թերեւս Գ. Իսագուլյանին չարժե հիշեցնել վերջին տարիներին ՀՀ արտաքին քաղաքականության խայտառակ ձախողումների մասին: Ինչեւէ, դե պարզ է, որ Հայաստանում «գունավոր հեղափոխություն» չի լինի, որովհետեւ մեր երկրում «պետական ինստիտուտները հստակ կայացած են եւ թույլ չեն տա հակասահմանադրական որեւէ գործողություն»: