Երկու թեկնածու արդեն կա

22/04/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Երեկ մեկնարկեց ԼՂՀ նախագահի թեկնածուների առաջադրումը, եւ առաջին օրն իսկ երկու թեկնածուների առաջադրման նախաձեռնող խմբերը դիմել են ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով` ներկայացնելով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այսպիսով հայտնի են ԼՂՀ նախագահի երկու թեկնածուները` ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Բակո Սահակյանը եւ Արցախի պետական համալսարանի դասախոս, դոկտոր-պրոֆեսոր Վանյա Ավանեսյանը:

ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ թեկնածուների առաջադրման նախաձեռնող խմբերը ներկայացրել են գրանցվելու համար դիմում եւ նախաձեռնող խմբի որոշումը` հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու մասին: ԼՂՀ ընտրական օրենսգրքի համաձայն, երկօրյա ժամկետում ԿԸՀ-ն կստուգի նախաձեռնող խմբերի ցուցակների օրինականությունը, այնուհետեւ կկատարվի նախաձեռնող խմբի գրանցումը: Թեկնածուների առաջադրումը կտեւի մինչեւ մայիսի 5-ը, գրանցումը կկատարվի մայիսի 30-ից մինչեւ հունիսի 9-ը, իսկ ընտրությունները նախատեսված են հուլիսի 19-ին: Հիշեցնենք, որ մինչեւ առաջադրումը թեկնածություն առաջադրելու իրենց մտադրության մասին հայտարարել էին միայն Բակո Սահակյանը եւ ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը: Օրեր առաջ ԼՂՀ ԱԺ քաղաքական ուժերից մեկը` «Ազատ Հայրենիքը» հայտարարել է իր նախընտրած թեկնածուի՝ Բ. Սահակյանի անունը: Մեր տեղեկություններով՝ ԼՂՀ ԱԺ քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունից հետո շարունակվում են կուսակցությունների բանակցություններն ու խորհրդատվությունները հավանական թեկնածուների, այդ թվում՝ նախագահի հնարավոր թեկնածուներից մեկի՝ ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ: