Հայաստանում արտահանման նպատակով արտադրվում է որեւէ X արտադրանք: Պայմանական ընդունենք, որ այդ արտադրանքի վերջնարդյունքի համար ծախսվում է մոտ 5 հազար դրամ: Այս ապրանքը եվրոպական շուկայում արժե 10 եվրո: Եթե X արտադրանքի տերն իր ապրանքը բարեհաջող իրացնի Եվրոպայում, ապա 10 եվրոն Հայաստանում դրամով փոխանակելու դեպքում կշահի 4800 դրամ:
Ստացվում է՝ արտահանումը հայկական դրամի տարօրինակ դրսեւորումների ֆոնին խիստ վնասարար գործունեություն է համարվում: Սակայն յուրաքանչյուր երկրի, այն էլ՝ Հայաստանի նման երկրի համար արտահանումը կենսական նշանակություն ունի: Այս գործընթացի հաջողություններից է ուղղակի կախված տվյալ երկրի տնտեսության զարգացումը: Արտադրական պրոցեսներ ունեցող երկրներում աշխուժանում է կյանքը, այն բերում է ՀՆԱ-ի աճի, ավելանում են պետական բյուջեի մուտքերը, լուծվում է բնակչության զբաղվածության ու բարձր աշխատավարձ ապահովելու խնդիրը: Որպես արդյունք՝ պետությունը կարողանում է բարձրացնել սոցիալական հատվածի վճարումները, ինչն էլ բերում է բնակչության կենսամակարդակի բարձրացման:
Հայաստանում ԵՄ Առեւտրային պալատի տնօրեն Հովհաննես Իգիթյանը արտահանումները խթանելու ձախողված մի փորձ ունի: Արտահանողներին խորհրդատվական աջակցություն տրամադրելու պատրաստ այս կազմակերպության լավատեսությունն ավարտվել է հայկական դրամի հաղթարշավի ենթատեքստում: Ինչպես պարզ ներկայացրեցինք վերոշարադրյալում, Հայաստանից արտահանում անելը` նշանակում է՝ վնասներ կրել: «Հայաստանի սպառողական շուկան խիստ սահմանափակ է, ուստի արտադրողը պետք է արտահանելու ելքեր փնտրի: Ո՞ւր արտահանել: Վրաստանի շուկան ոչնչով չի տարբերվում հայկականից: Բացի այդ էլ, Վրաստանն էլ ունի սեփական արտադրանքի իրացման խնդիր: Հայաստանի համար հավերժ փակ շուկաներ են շարունակում մնալ Թուրքիան եւ Ադրբեջանը: Հարեւան Իրանն արտահանումների համար խիստ ինքնատիպ եւ սահմանափակումներով երկիր է: Այս երկրի շուկան չի կարելի ազատական համարել, այս երկրում տեղական արտադրողներն ունեն մի շարք արտոնություններ: Հայաստանի համար ավանդական համարվող ռուսական շուկան նույնպես ազատական չէ, այստեղ էլ գործում է քվոտավորում, արտոնություններ ներքին արտադրողների համար, մեծ է կոռուպցիան: Բացի այդ, Ռուսաստանը չի անդամակցում Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը: Այս շուկան ունի նաեւ իր դրական կողմերը: Հայերի համար հեշտ է գտնել անձնական կապեր եւ բարեհաջող բիզնես իրականացնել: Այս շուկայում աշխատել հնարավոր է, սակայն կարգավորված բիզնես ունենալն այնքան էլ դյուրին չէ: Արտահանումների համար խիստ նպաստավոր է համարվում եվրոպական շուկան, որտեղ հաշվվում է մոտ 500մլն բարձր կենսամակարդակ ունեցող սպառող: Սա բավականին բարդ շուկա է, բարդացված են ներմուծումների ընթացակարգերը: Եթե անցար այս գործընթացները, ուրեմն շուկայում համահավասար ես բոլորի հետ, եւ քո բիզնեսի 100-ապատիկ զարգացումն ապահովված է»,- ներկայացնում է Հ. Իգիթյանը: Սակայն, ինչպես ասում են` երկու երնեկ մի տեղ չի լինում: Դրամն այլ արտարժույթների նկատմամբ վերջին 2 տարում արժեւորվել է 30 տոկոսով: Հայաստանում դրամի վերելքը ԿԲ-ն բացատրում է լողացող կուրսի քաղաքականությամբ: Այսինքն՝ դրամի բախտը թողնվել է շուկայի առաջարկ-պահանջարկ կարգավորիչին: Հայաստան կատարվող արտարժույթի հոսքը տարեկան կազմում է 1-1.2մլրդ դոլար, ինչը համահունչ չէ դրամի ծավալներին: Սրանով էլ պայմանավորված՝ արտարժույթն արժեզրկվել է Հայաստանում: Հ. Իգիթյանն իր փորձից ասում է, որ վերջին 10 տարիներին Եվրոպայում ոչինչ չի փոխվել: Եվրոյի կուրսի կտրուկ փոփոխություններ չեն եղել, չեն եղել նաեւ գների փոփոխություններ: Մեր զրուցակիցն իր հակափաստարկներն է բերում եւ ԿԲ-ին առաջարկում օգտվել աշխարհում առկա ուսանելի փորձից: «Դեպի Հայաստան միշտ էլ եղել են տրանսֆերտներ, այդ դեպքում դրամն ինչո՞ւ չէր արձագանքում առաջարկ-պահանջարկ բանաձեւին: Դրամի վրա երկրորդ ազդեցության գործիքն ազատ արտահանում-ներմուծում գործընթացն է: Դրամի արհեստական արժեւորում կարող է լինել տնտեսության փակ համակարգում: Եթե սահմանները բաց են, եթե այս երկրից ապրանքն ազատ ելումուտ է անում, ապա գալիս-հավասարվում է դրամի եւ արտարժույթի ոչ բալանսավորված զանգվածը: Հայաստանում բացակայում է հենց այս սխեման»,- ասում է մեր զրուցակիցը: 30 տոկոսով արժեւորված դրամն արտահանողի համար նշանակում է, որ 30 տոկոսով ավելացել է իր ապրանքի ինքնարժեքը, եւ վերջինս չի կարող եվրոյի դաշտում «խաղալ»: Ստացվում է, որ ով զբաղվում է ներմուծմամբ, նա այստեղ շահում է 30 տոկոսով, նրան էլ վերապահված է արտահանում կատարել: Եվ շուկան հայտնվում է մենաշնորհ վիճակում, ինչն էլ խիստ տիպիկ է Հայաստանի համար: Առանց պետական հովանավորչության էլ մենաշնորհներ չեն լինումգ
ԵՄ Առեւտրային պալատն արտահանողներին, որոնք այսօր դուրս են մնացել մրցակցային դաշտից, փորձել է ներկայացնել, թե ինչպես կազմակերպեն իրենց բիզնեսը դրսում, ինչպիսի հարկային դաշտում են աշխատելու, ի՞նչ լիցենզիայով, ո՞ր միջնորդ կազմակերպությունների հետ համագործակցեն եւ այլն: Հովհաննես Իգիթյանի գնահատմամբ՝ արտահանումների առումով Հայաստանում մեծ պոտենցիալ ունի գյուղատնտեսական արտադրանքը: Այս ոլորտը մոտ 80 տոկոս զարգանալու տեղ ունի, եթե ազգային արժույթն իրեն «ազգանվեր» պահի:
Նշենք, որ բոլորովին վերջերս ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը դրամի լողացող քաղաքականության հարցում մտափոխվել էր: Ընտրությունների նախաշեմին կռահել են, որ եթե այսպես շարունակվի, ապա ներմուծումների հաշվին թուրքական արտադրությանը մեծ վերելքներ են սպասվում: Ինչպես ասում են` հայի հետին խելք: