Եվ դարձյալ սիրո մասին

22/04/2007 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Ունի՞ որեւէ հայ մտավորական՝ Նոբելյան մրցանակ ստանալու շանս: Գրականության ասպարեզում մեր գրողների գործերը կարող է գնահատել լավագույն դեպքում ՀՀ նախագահը, այն էլ՝ որովհետեւ դրանք ընթերցելու ժամանակ եւ ցանկություն չունի: Սակայն ենթադրում ենք, որ կա՛ մի դեպք, երբ աշխարհը կարող է, ի վերջո, նկատել նաեւ հայ մտավորականին: Եթե հայտնվի հեղինակավոր մեկը, ով հանդգնություն կունենա հայտարարել, որ, այո՛, սիրելի՛ հայեր, 1896-ից 1915 թվականը Թուրքիան իրականացրել է հայերի զանգվածային ջարդ, մենք կորցրել ենք մեր մեկուկես միլիոն հայրենակիցներին, մեր տարածքները, սակայն, եկեք քրիստոնեաբար ներենք թուրքերին: Նման կոչը մեր հասարակության համար կլինի նույնքան անսպասելի ու մերժելի, որքան թուրք գրող Օրհան Փամուկի` Հայոց ցեղասպանությունն ընդունելն ու դրա ճանաչման կոչով թուրք իշխանություններին դիմելը: Թե Փամուկի նման կոչն ի՞նչ ազդեցություն ունեցավ Թուրքիայում եւ որպիսի խանդավառությամբ ընդունվեց Հայաստանում ու աշխարհում, վկայում է Նոբելյան մրցանակը: Սակայն դրան զուգահեռ` Օրհան Փամուկի անվտանգությունն իր երկրում ոչ ոք չկարողացավ երաշխավորել, եւ նա ժամանակավորապես հեռացավ Թուրքիայից:

Հատկապես խուլ գյուղերում կանայք, ովքեր հարազատ են կորցնում, իրենց հետագա կյանքն անց են կացնում սեւ հագուստով, աշխատում են հնարավորինս քիչ շփվել մարդկանց հետ, շփվելիս խոսում են բացառապես իրենց կորստից, խզում են իրենց կապերն արտաքին աշխարհի հետ, իսկ կյանքն այլեւս համարում են պատիժ` ժամանակի ընթացքում անհետաքրքիր ու ձանձրալի դառնալով անգամ հարազատների համար: Մեր հասարակությունն ինչ-որ առումով հիշեցնում է այդ մամիկներին: Ցեղասպանությունից անցել է հարյուր տարի, եւ մեր մտածողության, աշխարհընկալման մեջ թերեւս ոչ մի լուրջ փոփոխություն չի կատարվել: Թող փորձի այսօր որեւէ մեկը` ցեղասպանության դատապարտմանը զուգընթաց, խաղաղասիրական, ներողամտության կոչեր անել, նրան կհամարեն հայ ժողովրդի թշնամի եւ, որ ավելի սարսափելի է՝ որեւէ կուսակցություն անգամ իր գլխաքանակն ավելացնելու նպատակով նրան չի ընդգրկի իր շարքերը: Այն, որ աշխարհն այսօր հայերին ճանաչում եւ Հայաստանն առհասարակ գործոն է համարում միայն ցեղասպանության տեսանկյունից, գուցե ցինիկ է հնչում, սակայն այդպես է: Մեր արտաքին քաղաքականության հաջողությունները պայմանավորված են միմիայն ցեղասպանությունը ճանաչող երկրների աշխարհագրության ընդլայնմամբ: Իսկ դա զուտ բարոյական հատուցում է, որից Հայաստանի քաղաքացիների կյանքը չի բարելավվում, որից չի պակասում արտագաղթը եւ որից չի խրախուսվում ներգաղթը: Ապրիլի 24-ին բոլորս շունչներս պահած դարձյալ կսպասենք ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ամենամյա ուղերձին. կարտաբերի՞ նա այս անգամ ցանկալի «ցեղասպանություն» բառը, թե՞ ինչպես միշտ: Ու այսպես ծուռ ժպիտով մենք արդեն հարյուր տարի սպասում ենք, թե որ երկիրը հուզական ի՞նչ շեշտադրությամբ է խոսում հայոց կոտորածներից: Ու ոչ մի գիտական, պատմական բացատրություն` այդ ո՞ր տրամաբանությամբ պետք է հարյուր տարի դոփենք նույն տեղում:

Մի քանի տարի անց մեծ շուքով կնշենք Հայոց ցեղասպանության հարյուրամյակը: Գուցե ավելի ճոխ, քան նշվեց իննսունամյա տարելիցը: Կկազմվի կառավարական հանձնաժողով, կտպագրվեն նորանոր բուկլետներ, բյուջեից մեծ գումարներ կհատկացվեն գիտաժողովներ անցկացնելու նպատակով, ապրիլ ամսին կմեծանա սփյուռքահայերի հոսքը հայրենիք: Իսկ ի՞նչ է փոխվել 1915 թվականից մինչ օրս հայ ժողովրդի փիլիսոփայության մեջ: Ինչպես եւ նախորդ դարերում, հիմա էլ մեր ժողովրդի պատմության ընթացքը շարունակվում է գիտակցվել եւ ընկալվել որպես գոյատեւում: Խնդիրն այն չէ, որ մենք գենետիկորեն արդեն խնդիրներ ունենք, որ զոհի, թույլի կարգավիճակը կփոխվի միայն մեզանից ուժեղի եւ անարդարի կողմից «ներողություն» բառը լսելուց հետո: Իսկ դրանից հետո՞: Եթե տեսականորեն ընդունենք, որ թուրքերը հայերից ներողություն խնդրեցին ու խոստացան, որ այլեւս չեն անի՞: Ո՞րը կլինի մեր հաջորդ քայլը: Իրականությունը կարծես այն է, որ մենք որեւէ ձեւով պատրաստ չենք դրան: Մենք արդեն սովորել ենք, եւ մեզ արդեն հարազատ է այս էքստրեմալ վիճակը, երբ մեր գիտակցության մեջ ամեն րոպե ունենք «ո՞վ է մեղավոր» հարցի պատասխանը (այն կարճ է եւ անվիճարկելի` թուրքը), երբ գիտենք, որ այնտեղ, հեռու արտասահմանում բնակվում են մեր միլիոնավոր հայրենակիցները, որոնք մեզ կօգնեն, եւ, որ մենք այն ժողովուրդներից ենք, ովքեր բախտ չունեն: Սակայն պետական մակարդակով չունենք համապատասխան գիտելիքներն ու գիտակցություն, որ սփյուռք երեւույթն ինքը հավերժ չէ, որ եւս մեկ կամ երկու սերունդ, եւ Սփյուռք ասվածն այլեւս կդադարի մեր արտաքին քաղաքականության գործոն լինելուց: Մենք բազմիցս անդրադարձել ենք այն խնդրին, որ չունենք սփյուռքահայերի ներգաղթով զբաղվող պետական կառույց: Եվ դա է պատճառը, որ հատկապես Մերձավոր Արեւելքից, Իրաքից մայր Հայաստանում բնակություն հաստատելու եւ բիզնես դնելու նպատակով եկած հային գրկաբաց սպասում են միայն ոստիկանության եւ հարկային մարմինների աշխատակիցները:

Վաղուց արդեն ժամանակն է հայ-թուրքական հաշտեցման եզրեր գտնելու: Հակառակ դեպքում՝ չենք կարողանա այսուհետ էլ ձերբազատվել խեղճի, անկարողի, անօգնականի բարդույթից: Այն, որ մենք մի քանի կիլոմետր հեռու ենք ազգությամբ ոչ հայ մարդկանց հետ ազատ եւ հավասար շփվելու կարողությունից, հերթական անգամ երեւաց նաեւ «Տաշիր 2007» խոսուն վերտառությամբ համերգից, որը Մոսկվայի Կրեմլի դահլիճում կազմակերպել էին հայ մեծահարուստները: Անգամ երկրորդ կլասի ռուս արվեստագետների ներկայությունից մերոնք կաշկանդվում են, բարդույթավորվում, չեն կարողանում պատասխանել նրանց սրախոսություններին, խեղճանում են կամ անվերջ ժպտում ու շնորհակալություն հայտնում: Եվ դա ազգային բարդույթ է: Երբ օտարներից ենք պահանջում ճանաչել ցեղասպանությունը, նեղություն չենք տալիս ինքներս մեզ հարցնել, իսկ մենք ինքներս ճանաչո՞ւմ ենք ցեղասպանությունը: Մենք միմյանց հանդեպ խիստ չպարտավորված ու անկաշկանդ ենք գործում, քանի որ լավ ենք սերտել «ցեղասպանություն» եզրի բացատրությունը, որը մեր ընկալմամբ՝ նշանակում է` ցեղասպանությունն այն է, երբ թուրքերը սպանել են առնվազն մեկուկես միլիոն հայ: Իսկ այն, որ ազգովի պետական մակարդակով դեգրադացվում ենք, ընտրություններին միմյանց գերազանցում ենք հաճկատարությամբ ու ծախվածությամբ, պատրաստ ենք առանց կարմրելու միմյանց խաբել, նվաստացնել, բարոյապես ոչնչացնե՞լ:

Ու այդ պատճառով արդեն բոլորում ենք հայոց պատմության հերթական հարյուրամյակը, երբ նախորդ դարաշրջանը ոչ մի կերպ չի ավարտվում, իսկ նորը ոչ մի կերպ չի սկսվում: