12 օրից կլրանա Սոչիում «Արմավիա» ավիաընկերության «A-320» օդանավի վթարի մեկ տարելիցը: 2006թ. մայիսի լույս 3-ի գիշերը Ադլերի օդանավակայանում վայրէջքի թույլտվություն չստանալով՝ երկրորդ շրջապտույտի ընթացքում ինքնաթիռը կորցրել էր հավասարակշռությունը եւ ընկել Սեւ ծովը՝ ափից մոտ 6 կմ հեռավորության վրա: Զոհվել էին բոլոր՝ 105 ուղեւորները եւ անձնակազմի 8 աշխատակիցները:
Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Հայաստանի փրկարարներին չհաջողվեց բոլոր զոհվածների դիակները ծովի հատակից հանել: Բավական ուշ գտան ինքնաթիռի «սեւ արկղերը», սակայն դրանց վերծանումն այնքան էլ չորոշակիացրեց, թե ինչո՞ւ է ընկել ինքնաթիռը: Դեռեւս վթարի առաջին օրերին ռուսական մամուլում փորձ արվեց «մեղքը» բարդել օդաչուների վրա: Եվ գործի նախաքննությունն այնպես տարվեց, որ Ավիացիոն միջպետական կոմիտեն (ԱՄԿ) նույնպես ինքնաթիռի վթարի պատճառ նշեց օդաչուների սխալ գործողությունները: «Անձնակազմի հետագա գործողությունները եղել են ոչ կոորդինացված եւ անբավարար»,- նշված է ԱՄԿ մարտի 8-ի վերջնական եզրակացության մեջ:
Մեր տեղեկություններով՝ զոհված երկրորդ օդաչու Արման Դավթյանի հարազատները հրաժարվել են ստանալ 20.000 դոլար ապահովագրական փոխհատուցումն այն պատճառով, որ համաձայն չեն, թե իրենց տղան մեղավոր է: Բանն այն է, որ փոխհատուցումը կատարող «Գրանդ» ապահովագրական ընկերությունը զոհվածների հարազատներին ստորագրել է տալիս մի փաստաթուղթ, որով նրանք այլեւս բողոքելու եւ անհամաձայնություն դրսեւորելու իրավունք չեն ունենում: Այդ դեպքում օդաչուի ծնողներն անուղղակիորեն պետք է համաձայնեին, որ իրենց որդին է եղել ինքնաթիռի վթարի պատճառը: Քանի որ մյուս զոհվածների դեպքում նման խնդիր չէր առաջանում, նրանք փոխհատուցումից հրաժարվելու պատճառ չեն ունեցել:
Վթարի առաջին օրից հայկական եւ ռուսական մամուլում բազմաթիվ վարկածներ էին շրջանառվում՝ թե օդանավակայանի դիսպետչերը հարբած է եղել եւ սխալ հրահանգ է տվել, ինքնաթիռը չի ունեցել բավարար քանակությամբ ավիավառելիք, որպեսզի կարողանար երկրորդ շրջապտույտից հետո վայրէջք կատարել, ինքնաթիռը անսարք է եղել եւ այլն: Այդ օրերին երկար ժամանակ, ի թիվս այլ վարկածների, նաեւ լուրեր էին շրջանառվում, թե օդանավի ներսում ուղեւորներից մի քանիսի կողմից կրակոցներ են եղել: Իբրեւ թե այդ օրը Երեւանից Սոչի էին թռնում Ռուսաստանի գողական աշխարհի մի քանի հեղինակություններ, նրանց մեջ վեճ է եղել, որը հետո վերածվել է կրակոցների, եւ օդանավը վնասվելուց կորցրել է հավասարակշռությունը, ընկել ծովը: Այդպիսի կասկածներ առաջացան նաեւ այն պահին, երբ ռուսական մամուլում հրապարակում եղավ, թե դիսպետչերը ռադարի վրա երկու կետ է տեսել, որոնք մոտեցել են իրար եւ էկրանից անհայտացել են: Այս բոլոր վարկածների դեպքում գործի քննությունը պետք է գտներ մեղավորների՝ դիսպետչերին, ով սխալ հրահանգ է տվել, «Արմավիային», որը բավարար չափով վառելիք չէր տրամադրել կամ էլ ինքնաթիռն անսարք վիճակում էր օդ բարձրացրել, ֆրանսիական «Էյրբաս» ընկերությանը, եթե ինքնաթիռը գործարանային անսարքություն է ունեցել: Սակայն «կենդանի մեղավորներ» ունեցող այս բոլոր վարկածները հերթով հերքվեցին: ԱՄԿ-ն ընտրեց ամենաանմեղ տարբերակը՝ մեղադրել այլեւս գոյություն չունեցող մարդկանց: Միեւնույն է, նրանք այլեւս չեն կարող ճշմարտությունն ասել եւ իրենց պաշտպանել:
Օդաչուներին մեղադրող ԱՄԿ նախնական եզրակացությանն աշնանը դեմ արտահայտվեց ՀՀ Քաղաքացիական ավիացիան եւ այդ կառույցին փոխանցեց իր դիտողությունները: Սակայն ԱՄԿ-ն հայկական կողմի դիտողությունները հաշվի չառավ, այլ ընդամենը կցեց իր եզրակացությանը: Իսկ վերջնական եզրակացության հրապարակումից հետո քաղավիացիան ոչ մի դժգոհություն չարտահայտեց՝ համարելով, որ իր ասելիքն այդ դիտողություններով արդեն հայտնել է: Այդ հրապարակումից արդեն մեկուկես ամիս է անցել, սակայն «Արմավիան» իր վերաբերմունքը կամ կարծիքը դեռեւս չի հայտնել: Չէ՞ որ վթարի մեղավոր օդաչուներն իրենց աշխատակիցներն են: Ինչո՞ւ է «Արմավիան» լռում, իրեն մեղավո՞ր է զգում, թե՞ համաձայն է ԱՄԿ եզրակացության հետ: Ընկերության տնօրեն Նորայր Բելլույանը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնեց, որ իրենք իրենց կարծիքը կասեն վթարի տարելիցից հետո: Բոլոր դեպքերում, եթե քաղավիացիան ու «Արմավիան» ինչ-որ դատապարտող հայտարարություն էլ անեն, միեւնույն է, դա արդեն կդիտվի որպես ձեւական քայլ, հայտարարություն անելու պարտականություն, որն այլեւս ոչինչ չի փոխի: Սակայն անկախ բոլոր պաշտոնական հրապարակումներից ու եզրակացություններից՝ վթարից մեկ տարի հետո էլ հանրությունը մնում է այն կարծիքին, որ վթարի իրական պատճառները գաղտնի են պահվում, կամ դեռ ամբողջությամբ բացահայտված չեն, եւ մեղավորներն ազատության մեջ են: Վթարի հաջորդ իսկ օրը ՀՀ Գլխավոր դատախազությունը դեպքի առնչությամբ քրեական գործ էր հարուցել: ԱՄԿ եզրակացությունը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը, ինչպես եւ ենթադրվում էր, գործը կարճել է, որովհետեւ «մեղադրյալ» օդաչուները կենդանի չեն: Իսկ վթարից մեկ տարի անց «Արմավիան» նորից Երեւան-Սոչի անվճար թռիչք է կազմակերպում, որպեսզի զոհերի հարազատները կարողանան գնալ եւ այնտեղ ոգեկոչման արարողություն կազմակերպել: Նշենք նաեւ, որ երկու օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական պարգեւներ է շնորհել օդանավի բեկորների որոնման եւ Սեւ ծովի հատակից բարձրացման գործողության ռուս մասնակիցներին՝ «դրսեւորած բարձր պրոֆեսիոնալիզմի եւ հմուտ գործողությունների համար»: