«Թուրքիան պետք է պատասխան տա իր «քաքոտ» հանցագործության համար»

22/04/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

BBC World news-ի լրագրող, «Ճչացողները» վավերագրական ֆիլմի ռեժիսոր Կարլա Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե պատրաստվո՞ւմ է արդյոք նա ցեղասպանության մասին իր ֆիլմը ցուցադրել նաեւ Թուրքիայում: «Թուրքիայում գոյություն ունի 301 հոդված, որը դատապարտում է «ցեղասպանություն» բառն օգտագործող յուրաքանչյուր մարդուն: Եթե Թուրքիայում այս ֆիլմը ցուցադրեմ, ապա պետք է պատրաստ լինեմ բանտ նստելուն: Երբ պատրաստ լինեմ` կցուցադրեմ»,- ասաց Կ. Կարապետյանն, ով մայիսի 19-ին «Օրրան» կենտրոնի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի հրավերով ֆիլմը ցուցադրելու եւ «Պատանի նվաճումներ» կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպելու համար այցելել էր կենտրոն: «Ճչացողները» ֆիլմը բավական ազդեցիկ էր, եւ կինոդիտմանը ներկա ուսանողների համար այն կարծես պատմության բացահայտում լիներ: Ֆիլմում «System OF A Down» ռոք խմբի համերգից հատվածները, ուր բազմահազար երկրպագուներն իրենց ցասումն են արտահայտում՝ շատ ազդեցիկ են եւ հանդիսատեսին ստիպում են ասել՝ ո՛չ ցեղասպանությանը, ո՛չ բռնությանն ու պատերազմներին: «Ճչացողները» ֆիլմը սկսվում է «System OF A Down» ռոք խմբի «կատաղի» համերգով, իսկ բեմահարթակի մեծ էկրանին են հայտնվում ցեղասպանության զոհ դարձած զառամյալ ծերունիների լուսանկարներ: Էկրանին հայտնվում է «System OF A Down» խմբի ազգությամբ թուրք երկրպագուն եւ համերգից առաջ հեգնանքով ասում է. «Թուրքիան պիտի խոստովանի ճշմարտությունը, թուրքերն ուզում են իմանալ այն, ինչը կատարվել է, ուզում են բարձրաձայն լսել «ցեղասպանություն» բառը: Թուրքիայի կառավարությունն այսօր չի ընդունում ցեղասպանության փաստը, բայց թուրքերն ուզում են, որ Թուրքիան իր «քաքոտ» հանցագործության համար պատասխան տա: Թուրքիայի արածը «քաք» է»: Ի դեպ, Կարլան ասում է, որ նույնիսկ հրեական սինագոգի ռաբբիները, ովքեր պահպանողական են եւ խիստ են վերաբերվում ֆիլմում օգտագործվող բառապաշարին, թույլ են տվել ֆիլմը ցուցադրել եկեղեցում: «Ճչացողները» ֆիլմում շատ հատվածներ կան, որտեղ թուրք երիտասարդները Թուրքիայից պահանջում են լինել ազնիվ եւ պատմության դեմ ոտնձգություն չկատարել: Նրանք անվախ են եւ կոչ են անում լինել անվախ, համարձակ՝ ցեղասպանության փաստի մասին խոսելու համար: Կարլա Կարապետյանը փոքր-ինչ զարմացած էր ֆիլմի դիտմանը ներկա երիտասարդների խանդավառությունից, հավանաբար արձագանքն իր սպասելիքներից ավելին էր: Ֆիլմը դիտող երիտասարդները շատ ազդված էին: «Մենք բոլորս պետք է ճչանք, որպեսզի ցեղասպանությունները չկրկնվեն: Հայաստանում գտնվելով՝ ես շատ էի ցանկանում հանդիպել երիտասարդների, կանանց խմբերի հետ: Հայաստանում մեծ շարժ եմ տեսնում, անընդհատ ինչ-որ բան է կառուցվում: Ուզում եմ հասկանալ, թե այդ խմբերը պատրա՞ստ են մեզ հետ ճչալ աշխարհին»,- ասում է Կարլան` վստահեցնելով, որ 17 երկրներում ցուցադրված ֆիլմն անսպասելի մեծ արձագանք է ունեցել: «Ճչացողները» ֆիլմն արդեն ստիպել է, որ բոլոր ազգերի ներկայացուցիչներն, ովքեր հետաքրքրվում են ցեղասպանության փաստով, ինտերնետով երկխոսության մեջ մտնեն, բացահայտումներ անեն եւ ճանաչեն հայերի դաժան պատմությունը: Մեր հարցին, թե Թուրքիայի կողմից արձագանք եղե՞լ է, Կարլան պատասխանեց. «Այս ընթացքում ֆիլմը ցուցադրվել է Ամերիկյան Կոնգրեսում, որտեղ ներկա էին Թուրքիայի դեսպանն ու դեսպանատան ներկայացուցիչները: Նրանք արտահայտվեցին` ասելով, թե դրանք ստեր են, եւ ողջ իրադարձությունները միակողմանի են ներկայացված»: «Ճչացողները» ֆիլմն, ըստ Կարլայի, երաժշտության միջոցով քաղաքական հարց է բարձրացնում: