Խոսեք պապիկի ձայնով եւ ստրիպտիզի կարիք չի լինի

20/04/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ասում են՝ սոցիոլոգ, պատկերացնում են՝ Ահարոն Ադիբեկյան։ Ասում են՝ Ահարոն Ադիբեկյան, պատկերացնում են՝ սոցիոլոգ։ Վերջին տարիներին մեզ մոտ այսպես է։

Երեկ Հայաստանի ամենա-ամենասոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կրկին ներկայացնում էր իր նախընտրական ուսումնասիրությունների արդյունքները։ Պարզվում է՝ պրն Ադիբեկյանի ասուլիսները բավական ուրախ մթնոլորտում են անցնում։ Նա ոչ միայն չոր թվեր է ներկայացնում, այլ փորձում է նաեւ իր խոսքն առավել հասկանալի դարձնելու համար դիմել պարոդիայի ժանրի օգնությանը։ Երեկ սոցիոլոգը հայտարարեց, որ վերջին շրջանում Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցության ճանաչվածությունը բավական մեծացել է, քանի որ այս քաղաքական գործիչը նոր բաներ է ասում՝ օրինակ. «Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է` մենք մեծամասնություն կկազմենք»: Այս արտահայտության վերջին մասը պրն Ադիբեկյանը փորձեց ասել հենց Ր. Հովհաննիսյանի բամբ ձայնով, ինչն, ի դեպ, բավական լավ ստացվեց։ «Սա մարդկանց մեջ էներգետիկա է մտցնում, բա ո՜նց: Դա էլ է իմիջմեյքերի աշխատանք: Պապիկի ձայնով պետք է խոսես, որ քեզ վստահեն», – կրկին Րաֆֆի Հովհաննիսյանի ձայնով ասաց Ահարոն Ադիբեկյանը։

Իսկ Ր. Հովհաննիսյանին սոցիոլոգը դիտարկեց Տիգրան Կարապետյանի հետ հակադրության մեջ։ Տ. Կարապետյանն, ըստ բանախոսի, ասելու նոր բան չունի, ամեն ինչ արդեն ասել է։ Իսկ մարդիկ նորություն են սպասում եւ միշտ նույն բանը լսելով՝ հոգնում են։ Այս առումով, Տ. Կարապետյանը խնդիրներ ունի եւ «ձյան կույտի պես հալչում է գարնան արեւի տակ»։

Տ. Կարապետյանի եւ այլոց մասին պրն Ադիբեկյանը շատ հետաքրքիր բնորոշումներ տվեց, որոնց դեռ կանդրադառնանք։ Այժմ մի քանի բառով ներկայացնենք նրա «Սոցիոմետր» կազմակերպության անցկացրած ուսումնասիրության արդյունքները։ Նախ՝ նշենք, որ 1500 մարդու մասնակցությամբ անցկացված հարցման պատվիրատուները երեք կուսակցություններ են՝ ՀՀԿ, «Դաշինք», ԱԺԿ։ Հարցման արդյունքներով, ընտրողների 30%-ն ընդհանրապես չի հետաքրքրվում ընտրական գործընթացներով. դա պասիվ մասսան է։

Ա. Ադիբեկյանի համոզմամբ, 5%-անոց արգելքը հաղթահարելու ամենամեծ հավանականությունն ունեն հետեւյալ կուսակցությունները՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), Բարգավաճ Հայաստանը (ԲՀԿ), «Օրինաց երկիրը» (ՕԵԿ), Հայ Հեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ), «Ժառանգությունը», «Ազգային Միաբանությունը» (ԱՄ)։

ՀՀԿ-ն աստիճանաբար մոտենում է ԲՀԿ-ին եւ որոշ ցուցանիշներով (օրինակ, ԱԺ-ում միայնակ մեծամասնություն կազմելու հավանականությամբ) գերազանցում է նրան։ «Հերթի են կանգնած» նաեւ ՀԺԿ-ն, ՄԱԿ-ը եւ «Դաշինքը»։

Հարցվածների 51%-ն է հստակ կողմնորոշված եղել, թե ձայնն ում է տալու։ Այդ 51 տոկոսից 14-ն ընտրելու է ՀՀԿ-ին, 11-ը՝ ԲՀԿ-ին։ Սակայն, ըստ սոցիոլոգի, իրական տոկոսները պատկերացնելու համար հարկավոր է այդ ցուցանիշները բազմապատկել երկուսով, քանի որ այդ 51%-ը ընտրազանգվածի կեսն է։ Ինչեւէ, անցնենք առաջ։ Ճանաչվածության առումով իր դիրքերը բավական ամրապնդել է «Ժառանգությունը»։ Եթե մեկ ամիս առաջ կուսակցությանը ճանաչում էր բնակչության 5%-ը, ապա այժմ այդ ցուցանիշը կազմում է 19.2%։

Հարցումը նաեւ արձանագրել է «Դաշինքի» ճանաչվածության աճ՝ քանի որ «Սամվել Բաբայանը կռված տղա է», եւ այլն։

Ա. Ադիբեկյանի համոզմամբ, մեծ խնդիր է այն, որ մարդիկ կուսակցությանը ճանաչում են, բայց առաջնորդին չեն ճանաչում։ Կամ հակառակը՝ մարդուն ճանաչում են, բայց չգիտեն, թե նա ո՛ր կուսակցության առաջնորդն է։

Իսկ ամենացնցող բացահայտումը՝ նաեւ ձեւակերպման տեսանկյունից, հետեւյալն էր. «Անդրանիկ Մարգարյանի մահը դրական է ազդել Հանրապետական կուսակցության ձայների վրա»։ Եթե մեկ ամիս առաջ կուսակցության ճանաչվածությունը 62% էր, ապա այժմ 77% է։ Պրն Ադիբեկյանը համոզված է, որ դա միայն քարոզչության արդյունք լինել չի կարող։ Ա. Մարգարյանի մահվան լուսաբանումը նպաստել է, որ մարդիկ տեղեկություններ ստանան ՀՀԿ-ի մասին։ Սակայն Սերժ Սարգսյանին շատերը չեն ճանաչում որպես այդ կուսակցության առաջնորդ. նա ավելի շատ հայտնի է՝ որպես պաշտպանության նախարար եւ նոր վարչապետ։

Իսկ հարցման արդյունքներով, ճանաչվածության ամենից մեծ աճ արձանագրած ՀՅԴ-ն (25%-ից՝ 40.7%) առանձնահատուկ ուշադրության չարժանացավ։

Լրագրողներին հետաքրքրում էր՝ որքանո՞վ է բարձրացել մարքսիստ Դավիթ Հակոբյանի ճանաչվածությունը, մանավանդ Հ1-ի «Երկու աստղ» նախագծում մասնակցելուց հետո։ Պարզվեց, որ Ա. Ադիբեկյանը նրան լուրջ չի ընդունում, ոչ ոք Դավիթ Հակոբյանի անունը չի նշել։ «Նա կարող է անգամ ստրիպտիզ պարել»,- ասաց բանախոսը։

ՕԵԿ առաջնորդի հեղինակությունն ավելի մեծ է, քան իր կուսակցությանը։

Արտաշես Գեղամյանը նախորդ անգամներն անհաջողության է մատնվել, քանի որ կորցրել է տեմպը։ Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ը ճիշտ է հաշվարկել իր ռեսուրսները եւ որոշել է ընտրապայքարը սկսել ապրիլի 19-ից։

Իսկ Վազգեն Մանուկյանի էլեկտորատն անտեր է մնացել։ Ահա գործնականում այն ամենը, ինչ ասաց սոցիոլոգը։

Ինչ վերաբերում է մարդկանց վստահությանը՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նկատմամբ, ապա 45%-ը համոզված են, որ կլինեն լուրջ ընտրախախտումներ։ «Եթե թերթերով մխրճենք, որ ընտրությունները խախտումներով են անցնելու, մարդը կհավատա»,- ասաց պրն Ադիբեկյանը՝ կոչ անելով մարդկանց այդպիսի մտավախություն չներշնչել։ Ավելին, ըստ բանախոսի, կա ընտրազանգված, թեկուզ փոքր, որոնք առանց կեղծիքների արդեն չեն կարող յոլա գնալ. «Լինում են դեպքեր, բուկլետը շպրտում են բերողի երեսին ու ասում են՝ ախպեր, էս ի՞նչ ես բերել, ավելի լավ ա 10 դոլար փող բերեիր»։

Իսկ որքանո՞վ են մարդիկ վստահում հենց իրեն՝ Ահարոն Ադիբեկյանին եւ նրա անցկացրած հարցումներին։ Այս հարցին պատասխանելիս, բանախոսը կրկին հիշեց Ժողովրդական կուսակցության ղեկավարին։ «Ես շնորհակալ եմ Տիգրան Կարապետյանին, որ նա ինձ «Ստիբեկյան» է անվանում, քանի որ իրեն չսիրողները սկսեցին ինձ սիրել»,- անկեղծացավ սոցիոլոգը՝ ավելացնելով, որ թշնամու կողմից իր հասցեին վատ բաներ ասելը մեծացրել է իր նկատմամբ վստահությունը։ «Նա համոզված է, որ 25% ձայն է հավաքելու, եւ սպասում է իր ժամինգ Սարդի նման բան է սարքում, որ կարող է մի ճանճ ընկնի մեջը»,- ասաց բանախոսը։

Ըստ երեւույթին, լրագրողների առաջ այսքան անկեղծ խոսելը լավ հաշվարկված քայլ է։ Տ. Կարապետյանը հաստատ անպատասխան չի թողնի այս խոսքերը, եւ Ա. Ադիբեկյանի նկատմամբ վստահությունն ավելի կմեծանա։ Նույն տրամաբանությամբ, ով չի սիրում պրն Ադիբեկյանին, կսկսի սիրել Տ. Կարապետյանին։ Մի խոսքով, գլոբալ առումով այս մարդիկ իրար մեծ լավություն են անում, ու «թշնամի» բառը, թերեւս, այնքան էլ տեղին չէ։