Առաջիկա խորհրդարանական ընտրություններն ակնհայտորեն իշխանությունների համար լուրջ փորձություն են, որի արդյունքներից նրանք, կարելի է ասել, սարսափում են: Դրանում համոզվելու համար հերիք է միայն այն հանգամանքը, որ այս ընտրություններից առաջ նրանք արդեն երկրորդ անգամ ներքին օգտագործման համար սոցհարցում են պատվիրում` հասկանալու համար, թե իրականում որ քաղաքական ուժն ինչքան ձայն ունի: Արդյունքները, որ ամփոփվել են երկու օր առաջ, բնականաբար, նախորդից տարբեր են, ինչը, մեր զրուցակցի հավաստմամբ, պայմանավորված է մի շարք գործոններով: Օրինակ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանկարծակի մահը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակների պայթեցումները, հեռուստաեթերով կուսակցությունների քարոզչական տեսահոլովակների ցուցադրումը, նաեւ` նրանց մարզային քարոզարշավները:
Սակայն նշենք, որ որոշ կուսակցությունների դեպքում այս սոցհարցումն էլի նույն տխուր պատկերն ունի, ինչ նախորդն էր, եւ նրանց վարկանիշի վրա որեւէ ազդեցություն չեն ունեցել իրենց տեսահոլովակներն ու ելույթները: Օրինակ, ըստ այդ սոցհարցման արդյունքների, Միավորված աշխատանքային կուսակցությունը դարձյալ տխուր վիճակում է, եւ իշխանությունների համար անցկացված գաղտնի սոցհարցման տվյալներով, ՄԱԿ-ի ռեյտինգը քարոզարշավի ընթացքում ոչ միայն չի բարձրանում, այլեւ իջնում է: Հիշեցնենք, որ նախորդ, այսինքն` առաջին սոցհարցման արդյունքների համաձայն՝ ՄԱԿ-ը, ճիշտ է, իր ռեյտինգով դարձյալ զիջում էր նորաստեղծ «Դաշինք» կուսակցությանը, բայց տարբերությունը չնչին էր: Եթե նրանց վարկանիշը նախորդ սոցհարցման ժամանակ հասնում էր մոտավորապես 1.5 տոկոսի, ապա այժմ «Դաշինքի» վարկանիշը մնացել է գրեթե նույնը` 1.5 տոկոս, իսկ ՄԱԿ-ինն իջել-հասել է մինչեւ 0.8 տոկոսի: Չափազանց անհույս է ՀՀՇ-ի, ՀԴԿ-ի, ԺՈՒԿ-ի, «Հանրապետություն» կուսակցության վիճակը: Նրանք որեւէ կերպ չեն կարողանում իրենց 0 տոկոս ձայները հասցնել, ասենք, 0.1-ի: Այս եւ մի շարք այլ կուսակցությունների մասով, իշխանությունները, մեր զրուցակցի հավաստմամբ, լուրջ «պատվեր» չեն իջեցրել` վստահ լինելով, որ այդ կուսակցություններն իրենց համար որեւէ վտանգ չեն ներկայացնում: Նրանց այս անգամ ավելի շատ մտահոգել են Րաֆֆի Հովհաննիսյանի ընդդիմադիր «Ժառանգություն» եւ Շավարշ Քոչարյանի «Ազգային ժողովրդական» կուսակցությունների վարկանիշները: Բանն այն է, որ, ըստ մեր աղբյուրների, իշխանություններին հայտնի է, որ ԱՄՆ-ը եւ Եվրոպան սկսել են վերջին ամիսների ընթացքում լուրջ զբաղվել հենց այս կուսակցություններով: Երեւի հենց դրանով է նաեւ պայմանավորված ընդդիմադիր համարվող «Օրինաց երկրի» վարկանիշի անկումը, որի վարկանիշն, ըստ մեր զրուցակցի, իշխանությունների անցկացրած սոցհարցման տվյալներով, 2.1 տոկոսի հազիվ է հասնում: Նույնն է վիճակը նաեւ ՀԺԿ-ի եւ «Ազգային Միաբանության» դեպքում` համապատասխանաբար` 1.7 եւ 2.0 տոկոս: Մեր աղբյուրների հավաստմամբ, «Ժառանգությունն» ու ԱԺԿ-ն հենց նրանց ընտրազանգվածից են ձայներ «փախցրել», քանի որ իշխանական կուսակցությունների` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ընտրազանգվածը նույնն է. սրանք էլ իրարից են ձայներ «փախցնում» քարոզարշավի ընթացքում: Ինչ վերաբերում է «Ժառանգությանն» ու ԱԺԿ-ին, ապա, մեր աղբյուրների հավաստմամբ, ԱՄՆ-ը սկսել է անհանգստանալ, որ Հայաստանի առաջիկա խորհրդարանը կարող է ձեւավորվել առանց արեւմտամետ քաղաքական ուժի մասնակցության, քանի որ այնտեղ կարող են հայտնվել բացառապես ռուսական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերը: Հենց այդ անհանգստությունից ելնելով էլ ԱՄՆ-ը սկսել է լուրջ աջակցություն ցուցաբերել «Ժառանգություն» կուսակցությանը, իսկ Եվրոպան` ԱԺԿ-ին: Իշխանությունների անցկացրած գաղտնի սոցհարցման արդյունքները նախորդի հետ համեմատելիս էլ կարելի է համոզվել, որ այս կուսակցությունների վարկանիշն էականորեն մեծացել է: Օրինակ, «Ժառանգության» վարկանիշը գրեթե մոտ է «Օրինաց երկրի» վարկանիշին: Իհարկե, նույնն ԱԺԿ-ի մասին հնարավոր չէ ասել, բայց ակնհայտ է, որ այս կուսակցության ռեյտինգը նույնպես աճում է, եւ դժվար է ասել, թե այս տեմպերով շարունակվելու դեպքում ընտրությունների օրն ինչպիսի արդյունքների կհասնի: Ի դեպ, նկատենք, որ նույն ԱԺԿ-ն իր քարոզարշավներն անցկացնում է բավական հետաքրքիր մոտեցմամբ: Ճիշտ է, դա կուսակցությանը զրկում է հեռուստատեսությամբ լուսաբանվելու հնարավորությունից, սակայն ռեալ ձայներ ունենալու տեսանկյունից բավական արդյունավետ է: ԱԺԿ-ն ամեն անգամ տարբեր մարզեր է այցելում, եւ այդ մասին նախապես հայտարարություններ չի տարածում մյուս ուժերի նման, ոչ էլ դահլիճների կամ հրապարակների համար թույլտվություն է խնդրում: Նրանք այցելում են մարզեր ու տեղում` փողոցներում, բակերում խումբ-խումբ հանդիպումներ են ունենում բնակչության հետ: Կարճատեւ զրույցից հետո նրանք ոտքով գնում են մյուս փողոցները, եւ այսպես՝ բոլոր տեղերում: Օրինակ, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ, ճիշտ է, ժողովրդի հետ աշխատելու այդ ձեւը բավական դժվար է, բայց արդյունավետ է, որովհետեւ վերջում տեսնում ես, որ բավական մեծ բազմություն սկզբից մինչեւ վերջ եկել է քո հետեւից, իսկ դա, ըստ Շ. Քոչարյանի, նշանակում է, որ մարդկանց հետաքրքրում են քո ասածները: Ինչեւէ:
Իշխանական կուսակցություն Հայ Հեղափոխական Դաշնակցության վարկանիշն այս սոցհարցման արդյունքներով նախորդի համեմատ նվազել է, բայց տարբերությունն այնքան չէ, որ նրանք չկարողանան հաղթահարել 5 տոկոսի շեմը: Պարզապես, եթե նախորդ անգամ իշխանություններն անհանգստանում էին, որ ՀՅԴ-ն հնարավոր է քարոզարշավի փուլում այդ շեմից շատ անցնի, ապա այժմ այդ վտանգն իշխանությունների մոտ հաղթահարված է: Տիգրան Կարապետովիչն, ասես, մրցապայքարի մեջ լինի «Ազգային Միաբանության» հետ. նրանք գրեթե նույն սանդղակում են: Ինչպես արդեն նշեցինք, ՀԺԿ-ի ռեյտինգն այսօր դարձյալ ավելի ցածր է, քան «Օրինաց երկրինը», սակայն տարբերությունը մեծ չէ, եւ ՀԺԿ-ն, մարզերում քարոզչությունը շարունակելու դեպքում, ըստ մեր զրուցակցի, կկարողանա ոչ միայն հավասարվել, այլեւ անցնել ՕԵԿ-ից:
Ինչ վերաբերում է իշխանությունների համար խիստ կարեւոր կուսակցությունների` Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների վարկանիշներին, ապա այս անգամ տվյալները չափազանց տարբեր են: Եթե նախորդ անգամ նրանց վարկանիշները չնչին տարբերությամբ էին` հօգուտ «Բարգավաճ Հայաստանի», ապա այս անգամ իրավիճակը հակառակն է, այն էլ` մեծ տարբերությամբ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարկանիշն իջել է` հասնելով 7.2 տոկոսի, իսկ ՀՀԿ-ինը` 11.8: Մեր զրուցակցի պնդմամբ, այստեղ բավական մեծ նշանակություն են ունեցել Անդրանիկ Մարգարյանի հանկարծակի մահն ու ԲՀԿ գրասենյակների պայթեցումները: Սակայն անհասկանալի է, թե ինչու է ԲՀԿ գրասենյակների պայթեցումը բացասական ազդեցություն թողել այդ կուսակցության վարկանիշի վրա, հատկապես, երբ մեր ժողովուրդը սիրում է զոհի կերպարները: Մեր զրուցակցի կարծիքը, սակայն, այլ էր: Նրա հավաստմամբ, ժողովուրդը մտածում էր, թե Գագիկ Ծառուկյանին ոչ ոք ոչինչ չի կարող անել, սակայն հուսահատվեց` տեսնելով, թե ինչպես կարող են մեկ գիշերվա մեջ նրա երկու գրասենյակները պայթեցնել:
Հ.Գ. Սրանք, իհարկե, կրկնում ենք, իշխանությունների ներքին օգտագործման համար անցկացված սոցհարցման տվյալներն են, որոնք, չի բացառվում, որ կազմված լինեն նրանց հաճոյանալու համար: Սակայն, մեր աղբյուրի հավաստմամբ, սրանք ռեալ թվերն են, որոնցով իշխանությունները կառուցում են իրենց հետագա գործողությունների պլանը: