Հայաստանի պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել ԵԽ ԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նիստին։ ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը Հայաստանի այդ քայլը բացատրել է նրանով, որ այդ նիստերն ըստ էության դատարկ եւ անպտուղ են։
Բանն այն է, որ նախորդ նիստի ժամանակ, որին հայկական պատվիրակությունը չէր մասնակցում՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորության պատճառով, ադրբեջանական կողմը հաջողացրել էր մեզ համար խիստ անցանկալի մի քանի ձեւակերպումներ «անցկացնել»։ Խոսքը մոտավորապես այն նույն ձեւակերպումների մասին է, որոնք տեղ էին գտել ԱՄՆ Պետքարտուղարության տարեկան զեկույցում՝ իբր «թյուրիմացաբար», բայց հետագայում այդպես էլ չէին ուղղվել։
ԵԽ ԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի՝ նախօրեին նախատեսված նիստը չի կայացել, քանի որ Հայաստանի պատվիրակությունը հրաժարվել է դրան մասնակցել: «Այդ նիստերը պետք է իմաստ ունենան, դատարկ ու անպտուղ հանդիպումները չեն կարող օգտակար լինել, եւ մենք չենք կարող ձեւացնել, իբր հանդիպում ենք»,- «Ազատություն» ռ/կ-ին Հայաստանի այս քայլը մեկնաբանել է պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: «Կարծում եմ, հենց դա պետք է լիներ պատասխանն այն բանից հետո, երբ Ադրբեջանի պատվիրակությունը մոնիտորինգի հանձնաժողովի նախորդ նիստի ժամանակ, օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանի պատվիրակությունը բացակայում է, որովհետեւ այդ օրը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությունն էր, մարդկանց թյուրիմացության մեջ էր գցել եւ ինքնախաբեության նպատակով ինչ-ինչ արտահայտություններ էր առաջարկել իրենց պարտավորությունների կատարման բանաձեւի մեջ ընդգրկելու համար,- ասել է ԱԺ նախագահը՝ եզրակացնելով,- Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ ադրբեջանցիները ոչ միայն բարոյական տարրական կանոնները չեն կարող պահպանել, այլեւ պատրաստ չեն ընդհանրապես որեւէ երկխոսության եւ որեւէ խնդրի շուրջ համագործակցության»: Ենթահանձնաժողովի նախագահ Ռասել Ջոնսթոնը հանդիպել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին, ով APA գործակալությանը հայտնել է, թե որոշել են խնդրի քննարկումն անցկացնել ԵԽ ԽՎ հուլիսյան նստաշրջանում: Ռ. Ջոնսթոնն ասել է, թե տեղյակ չէ նիստին Հայաստանի պատվիրակության չմասնակցելու պատճառներին: «Ես միայն 10 րոպեանոց հանդիպում ունեցա Ադրբեջանի պատվիրակության հետ: Ադրբեջանի պատվիրակությունը պաշտպանում է տարածաշրջան այցելելու իմ նախաձեռնությունը: Հայաստանի պատվիրակությունը եւս համաձայն է դրան: Ես կայցելեմ Բաքու, Երեւան եւ Խանքենդի (Ստեփանակերտ)»,- ըստ APA գործակալության՝ ասել է նա: Իսկ ըստ «Թրենդի», Ռ. Ջոնսթոնը նիստին Հայաստանի պատվիրակության բացակայությունն «անլուրջ» քայլ է համարել, իսկ Սամեդ Սեիդովը Հայաստանի պատվիրակության քայլը գնահատել է «քաղաքական թուլության նշան»: Հիշյալ հայտարարություններին Հայաստանի ԱԺ նախագահը հակադարձել է. «Կարծում եմ, Սամեդ Սեիդովի տխմարությունները մեկնաբանելու ոչ մի կարիք չկա: Երկրորդ՝ ենթահանձնաժողովի նախագահը պետք է տեղյակ լիներ, թե մենք ինչու չենք մասնակցել, որովհետեւ երբ մենք դեռ Երեւանում էինք, եւ մեզ հարցրել էին նիստին մասնակցելու մասին, մենք ասել էինք, որ հնարավոր չէ այդ նիստին մասնակցել: Սա է իրողությունը: Թե ինչու քարտուղարը լորդ Ռասել Ջոնսթոնին չի տեղեկացրել՝ իրենց խնդիրն է, թող գնան՝ պարզեն»: