Խոչընդոտներ չկա՞ն

20/04/2007

«Առաջներում շատ է եղել, երբ իշխանությունները խոչընդոտել են քարոզչությանը: Այն ժամանակ էլ էր տեսակետն այնպիսին, որ պետք չի խոչընդոտել, ինչքան խոչընդոտում ես, քեզ ես հարվածում: Այսօր արդեն տեսնում ենք, որ խոչընդոտներ չկան, արդեն երեւում է, որ զանգվածների հետաքրքրությունը պակասել է: Ինչը որ խոչընդոտում ես, ավելի հակառակն է լինում, մարդկանց մոտ ավելի հետաքրքրություն ես առաջացնում»,- «168 Ժամին» կից գործող «Պրեսսինգ» ակումբի հերթական քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Երեկ փորձեցինք համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության մի քանի թեկնածուներից ճշտել, թե իրո՞ք իրենց հանդիպումների ընթացքում խոչընդոտներ չեն լինում տեղական իշխանությունների կողմից: «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը փոխանցեց, թե երբ իրենք Արմավիր էին գնացել, ասում էին, որ շատ գյուղապետեր եւ շրջանի ոստիկանությունն աշխատել էին, որ մարդ չգար հանդիպմանը: Ըստ Ա. Կարապետյանի, տվյալները ճշտվում են, դեռ հստակ ոչինչ հայտնի չէ, բայց, ըստ նրա, ասում էին, որ մարդկանց բավականաչափ լուրջ վախեցրել էին, ահաբեկել էին, որ «եթե գնաք՝ ջրից կկտրենք, եւ այլն»: «Հստակ ինֆորմացիա ես չունեմ, անուն առ անուն հիմա ճշտում ենք: Հիմա հստակ ոչինչ չեմ կարող ասել»,- նշեց Ա. Կարապետյանը: «Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության» ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանն էլ, ով մեծամասնական ընտրակարգով առաջադրված է Արաբկիր համայնքի թիվ 5 ընտրատարածքում, նշեց, որ առայժմ որեւէ լուրջ խոչընդոտ չկա, «մանավանդ Արաբկիրում՝ նորմալ է»: «Դավիթաշենում որոշ պրոբլեմներ ունեցել ենք, բայց կարծում եմ, որ դրանք շատ լուրջ պրոբլեմներ չեն»,- ասաց ՀԱԱԿ ղեկավարը: Իսկ Դավիթաշենում այդ ոչ լուրջ պրոբլեմն էլ, ըստ նրա, այն է եղել, որ այն վայրի սեփականատերը, որտեղ տեղակայված է եղել իրենց շտաբը, «ահաբեկել են կամ ինքն է ահաբեկվել» ու խնդրել է շտաբը տեղափոխել, ՀԱԱԿ-ն էլ տեղափոխել է: Սակայն սա ՀԱԱԿ ղեկավարը լուրջ պրոբլեմ չի համարում: «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն էլ Վանաձորում դաշինքի հանրահավաքից հետո նշեց, որ որեւէ լուրջ բան չի եղել: Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանն էլ նշեց, որ համայնքի ղեկավարության կողմից որեւէ խոչընդոտի չի հանդիպել: Ըստ նրա, իրենց ընտրատարածքում թաղապետը նույնիսկ աջակցողի դերում է եղել: Իսկ Վանաձոր քաղաքն ընդգրկող թիվ 30 ընտրատարածքում վիճակն այլ է: Ըստ այդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Վիկտոր Դալլաքյանի, Վանաձորի թիվ 2, 3, 6, 8, 9, 10, 11, 18 եւ 19 դպրոցների տնօրեններն իրեն արգելել են այդ դպրոցների կոլեկտիվների հետ հանդիպել: Թեկնածուին կոլեկտիվի հետ հանդիպել արգելել է նաեւ Վանաձորի ավտոդպրոցի տնօրենը: «Իմ ներկայացուցիչը զանգում է, ասում է, որ Վ. Դալլաքյանը ձեզ հարմար ժամի ուզում է ձեր կոլեկտիվի հետ հանդիպի, ասում են՝ չէ»,- ասաց Վ. Դալլաքյանը՝ հավելելով, որ այդ «չէ»-ն որեւէ կերպ չի հիմնավորվում: «Ասել են՝ «մեզ հանդիպում պետք չի», «մարզպետին ասեք», եւ այլն»,- փոխանցեց Վ. Դալլաքյանը: Վերջինիս խոսքերով՝ նախորդ շաբաթ իր ներկայացուցիչը ապրիլի 18-ին, ժամը 17:00-ին հանդիպման համար պայմանավորվել է Վանաձորի թիվ 11 դպրոցի տնօրենի հետ: Սակայն երեկ առավոտյան՝ հանդիպման օրը, Դալլաքյանի հավաստմամբ՝ զանգահարել է դպրոցի տնօրենի ներկայացուցիչը եւ ասել, որ հանդիպումը տեղի չի ունենա: Ըստ Դալլաքյանի, այդ տնօրենի ամուսինը թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն է՝ Սայադյան Մինասը: