Չընտրություն։ Հրաժարում եւ ուրացում

20/04/2007 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Սկիզբը՝ նախորդ յոթ համարներում

Կարեն Դեմիրճյանի հայտնությունը քաղաքական ասպարեզում տարբեր կերպ էր մեկնաբանվում։ Ոմանք պնդում էին, որ Վազգեն Սարգսյանն է Դեմիրճյանին հրավիրել՝ մտածելով, թե Քոչարյանը նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո դուրս կմղի իրեն քաղաքականությունից։ Ուրիշներն ասում էին, որ Դեմիրճյանին «դուխ են տվել» ռուսական վերնախավից, որտեղ քիչ չէին նրա նախկին գործընկերները։ Ոմանք էլ պարզապես Կոմկուսի նախկին ղեկավարի այդ քայլը մեկնաբանում էին որպես մարդկային թուլություն, փառասիրություն՝ նկատի ունենալով, որ նրա սերնդակից կոմունիստ ղեկավարները՝ Ալիեւն ու Շեւարդնաձեն, առաջվա նման ղեկավարում են իրենց երկրները։

Ես այն ժամանակ չէի կողմնորոշվում, թե նշված տեսակետներից ո՞րն էր ճիշտ, ավելի շատ հակված էի Վազգեն Սարգսյանի կողմից հրավիրված լինելու տարբերակին, հատկապես, որ մեկ տարի անց տեղի ունեցավ Սարգսյանի հենարան «Հանրապետական» կուսակցության եւ Դեմիրճյանի ստեղծած ՀԺԿ-ի ամուսնությունը։ Հիմա դրան էլ չեմ հավատում եւ կարծում եմ, որ Դեմիրճյանի հայտնությունը նորանկախ Հայաստանի քաղաքականության մեջ պարզապես տարերային աղետ էր, որը չէր կարող տեղի չունենալ։

Տեր-Պետրոսյանի հրաժարականը՝ որպես քաղաքական հզոր ակցիա, չէր ըմբռնվել հասարակության կողմից։ Մարդիկ չէին հասկանում, որ հրաժարվելը, այն էլ՝ երկրի նախագահի պաշտոնից, հասարակությանը, քաղաքական համակարգի միավորներին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչո՞ւ չէ, նաեւ միջազգային հանրությանը նետված ձեռնոց էր։ Ձեռնոց, որը ոչ ոք չկարողացավ բարձրացնել։ Ձեռնոց, որն անտեսել նույնպես անհնար էր, դրա համար պետք էր մեծ, հաստ ու սեւ մի վարագույր։

Այդ վարագույրն այլեւս չէր կարող լինել Վազգեն Մանուկյանի քաղաքական պայքարը՝ Արշակ Սադոյանի պոպուլիզմով եւ Շավարշ Քոչարյանի վերլուծական ընդունակություններով։ Ամեն անգամ նրանց հանդիպելիս հասարակությունը հիշելու էր Տեր-Պետրոսյանի նետած ձեռնոցը։

Այդ վարագույրն այլեւս չէր կարող լինել ստանդարտ կոմունիստների քաղաքական պայքարը, որովհետեւ նրանք առնվազն երկու անգամ արդեն պարտվել էին եւ իրենց թշվառ գոյությամբ նույնպես հիշեցնելու էին առաջին նախագահի նետած ձեռնոցը։

Նույն պատճառով վարագուրելու ընդունակ չէին դաշնակցականները։ Սրան էլ գումարվել էր այն, որ վերջինները «ծառայություն՝ ազատության դիմաց» ձեւաչափով լծվել էին Ռոբերտ Քոչարյանի քարոզչությանը։

Վարագույր ասվածը լինելու էր մի բաժանարար, որից այն կողմ կմնային ոչ թե այս կամ այն մարդիկ, այլ՝ ժամանակի ամբողջ մի հատված։

Բավական էր, որ Կարեն Սերոբիչը ելույթ ունենար հեռուստացույցով ու շնորհավորեր հայ կանանց մոտեցող Մարտի ութը, եւ սովետականացված միջազգային այդ տոնն անմիջապես կվերականգնվեր եւ օրացույցում կնշվեր կարմիրով։ Սա, ճիշտ է, մանրուք է, բայց ապացուցում է երկու բան՝ ուժի տարերային լինելը եւ վարագույրի անհրաժեշտությունը։

Ձեռնտո՞ւ էր արդյոք այս տարերքը նախագահ դառնալ պատրաստվող Ռոբերտ Քոչարյանին, ով դե ֆակտո ներկայացնում էր հաղթանակած զինվորականությանը։ Իհարկե, ձեռնտու էր։ Տեր-Պետրոսյանի նետած մարտահրավերն ուղղված էր առաջին հերթին հենց հաղթանակած զինվորականությանը։ Տարերային վարագուրումը Քոչարյանին հնարավորություն էր տալիս խուսափել (ոչ այդ պահին, հետո) «Պատերազմ, թե խաղաղություն» թեմայով բանավեճերից, չմտնել դրա մեջ եւ ցույց չտալ հակառակ տեսակետի սնանկությունը։ Տարերային վարագուրումը Քոչարյանին ազատում էր նաեւ Տեր-Պետրոսյանի էպոխայի քաղաքական մնացուկներից։

Դեմիրճյանի ոտքի տակ ոչխար մորթող խելագարված ամբոխները սրբելով մաքրում էին Տեր-Պետրոսյանի ժամանակահատվածում եղած ամեն ինչ, սրբելով հասնում էին մինչեւ 90 թվական, երբ կոմունիստները «խոհեմաբար» զիջեցին իշխանությունը, եւ հասնելով այդտեղ՝ հանդիպում անդունդի ու լցվում անդունդը՝ վայելելով ազատ անկման հաճույքը։ Դա նույն այն փոսն էր, որի մասին հետո խոսում էր Կարեն Սերոբիչն ու ասում, թե պետք է փոսից հանել ժողովրդին։ Խոսում էր, ըստ էության, չունենալով ոչ մի ծրագիր, ըստ էության, պատկերացում իսկ չունենալով, թե ինչպես եւ ինչով պետք է լցնել ժամանակի պարապը։

Պարապուտում նշմարվող միակ ուժը հաղթանակած զինվորականությունն էր, որը չէր տրվել տվայտանքների։ Ու չէր տրվել տվայտանքների, որովհետեւ տեսնում էր, թե ինքնամոռաց ամբոխները ոնց են սրբում ամեն ինչ, այդ թվում՝ կյանքեր արժեցած իրենց ջանքը, որը պսակվել էր հաղթանակով։ Եվ միակ այդ ուժը, որի վրա արդեն հիմնավորապես հենված էր Ռոբերտ Քոչարյանը, դարձել էր արտակարգ իրավիճակներին արձագանքող ջոկատի պես մի բան։ Ծանոթ երկրապահներն այնպիսի համոզմունքով էին ասում՝ «Հո չէի՞նք թողելու՝ Դեմիրճյանն անցներ», որ սկսում էիր կասկածի տակ առնել ընտրության իմաստն անգամ։

1998-ի մարտի 31-ին Ռոբերտ Քոչարյանը դարձավ Հայաստանի Հանրապետության նախագահ։ Թագադրման արարողությանը ներկա էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչը շատերին զարմացրեց, բայց զարմանալի ոչինչ չկար։ Տեր-Պետրոսյանն իշխանությունը հանձնել էր Քոչարյանին եւ ոչ թե տարերքին, եւ այդ օրը եկել էր նրան հիշեցնելու, որ ժամանակը կտրող մեծ, հաստ ու սեւ վարագույրի ետեւում ձեռնոց կա։ Չբարձրացված։

Շարունակելի