Ժամանակին մի անեկդոտ կար, որը հիմնված էր Լենինի հայտնի ֆրազներից մեկի վրա. «Ռեւոլյուցիա օ կոտորոյ տակ դոլգո գովորիլի բոլշեւիկի – սվերշիլաս, ա տեպեր դիսկոտեկա տովարիսչի»: ԱԺ նախընտրական քարոզարշավին հետեւելիս՝ ակամայից այս անեկդոտը հիշեցի, որովհետեւ չէի կարող անտարբեր մնալ: Եվ եթե 20-րդ դարի սկզբին կատարվածը կարելի էր դիսկոտեկ անվանել, ապա այն, ինչ կատարվում է 21-րդ դարում Հայաստանում, կարելի է բնորոշել որպես շոու, որն իր մեջ տարբեր երանգներ է ընդգրկում` քաղաքականից մինչեւ պոռնոգրաֆիկ:
Սկսենք ամենաճոխ քարոզարշավից` «Բարգավաճ Հայաստանն» ապացուցեց, որ կուսակցության նախընտրական ծախսերի համար «ամպի չափ» փող է նախատեսել: Հանուն ճշմարտության պետք է նշեմ, որ թե՛ հոլովակը, եւ թե՛ պաստառներն արված են շատ գեղեցիկ ու ճաշակով: Բայց, այնուամենայնիվ, այդպես էլ հասկանալի չէ, թե ինչ է քարոզում «Բարգավաճ Հայաստան» իշխանական կուսակցությունը: Եթե պետք է կառուցենք բարգավաճ Հայաստան, հետո ինքնաթիռ նստենք ու գնանք այստեղից, ապա տանջվելու իմաստը ո՞րն է: Իսկ եթե ուզում են ասել, որ բոլորը կապրեն այնպես, ինչպես ապրում է Գագիկ Ծառուկյանը, ապա կարելի է ենթադրել, որ «Բարգավաճ Հայաստանը» ոչ թե կուսակցություն է, այլ «ֆոկուսնիկ»: Հանրապետական կուսակցության քարոզարշավն անցնում է դասական իշխանական կուսակցության կանոններով` հաշվետվություն՝ արված եւ չարված գործերի համար: Քարոզչությունը հիմնականում իրականացվում է, այսպես կոչված, «ծանր հրետանու»` Սերժ Սարգսյանի, Տիգրան Թորոսյանի, Գալուստ Սահակյանի, Հրանուշ Հակոբյանի, Կարեն Կարապետյանի, Արմեն Աշոտյանի, Հերմինե Նաղդալյանի ուժերով: ՀՀԿ-ի մնացած ուժերը քարոզչությամբ չեն զբաղվում: Նրանք, «խասյաթի» համաձայն, պատրաստվում են «հայկական ընտրություններին»:
ՀՅԴ-ն վարակվել է մանկական հիվանդությամբ: Փուչիկներ, համերգներ… Դաշնակցության փուչիկներն այս անգամ շատ շուտ փսկեցին: Բայց նրանք չեն վհատվում եւ շարունակում են նամակներ գրել: Առայժմ պարզ չէ՝ թե ո՞ւմ: Երեւի ՀՀ նախագահին, որպեսզի նախագահը պաշտպանության նախարար նշանակի Արթուր Աղաբեկյանին՝ «ձեռի հետ» հիշեցնելով Ռոբերտ Քոչարյանին, որ նրա հին ընկերը Դաշնակցությունն է: Բայց բոլորը գիտեն, որ Ռոբերտ Քոչարյանը, բացի ՀՅԴ-ից, էլի լիքը հին ընկերներ ունի: Ալեքսեյ Հեքիմյանը դեռ 40 տարի առաջ է ասել, որ հին ընկերոջ համար ղարաբաղցին կյանք է տալիս, ոչ թե ՊՆ նախարարի պորտֆել:
ՀԺԿ-ն քարոզարշավի կարիք չունի, բայց ոչ այն պատճառով, որ «Ռոլս-Ռոյս» է, այլ պարզապես հույս ունի, որ հաջորդ խորհրդարանում «իսկական» հայ պատգամավոր կլինի` արդեն սեփական բիզնես կունենա, որը նրան խոստացել են խելոք ընդդիմադիր աշխատելու դիմաց: «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի հերոս Ազատի նման, որն իր Դավիդովկան չգտավ, Ստեփան Դեմիրճյանն այդպես էլ իր «սահմանադրական ուղին» չգտավ: Էդ նավթամթերքի քվոտան էլ, երեւում է, «թազա գցած քվոտա ա»:
«Ազգային Միաբանության» ողջ ընտրարշավը կառուցված է «Արտաշես Մամիկոնովիչն էլի լացում է» սերիալի հիման վրա: Բայց հիմա նրա լացը տեղին է, որովհետեւ այս անգամ նրան տվել են ոչ թե մեկ, այլ երկու զրո պակաս:
Իհարկե, ամենաանհասկանալի քարոզարշավը Տիգրան Կարապետովիչինն է: Նախ՝ անհասկանալի է, թե ինչու է նախընտրական հոլովակում Ժողովրդական կուսակցության համար քարոզում Ամենայն Հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն: Եթե նա տեղյակ չէ, ապա հիշեցնենք, որ նա ամենայն հայոց կաթողիկոս է, այլ ոչ թե ամենայն ժողովրդական կուսակցության կաթողիկոս: Իսկ եթե նրան չեն հարցրել գովազդում ցույց տալուց առաջ, ապա Տիգրան Կարապետյանն ինչպե՞ս է իր հոլովակում օգտագործում մեր այդ սիմվոլը: Իսկ այդ կադրերից հետո ողջ տեսահոլովակն ուղեկցվում է հրեական երաժշտությամբ: Այստեղ ոչ մի զավեշտալի բան չէր լինի, եթե ԱԼՄ-ի «տերուտիրականը» հայտնի չլիներ՝ որպես անտիսեմիտ, որի մասին գրվել էր անգամ միջազգային հաշվետվություններում:
Անհասկանալի է նաեւ «Դաշինք» կուսակցության հոլովակում պարբերաբար հայտնվող քվեարկության նշանը, որը, չգիտես ինչու, անընդհատ դուրս է գալիս վանդակից: Հիշեցնեմ, որ նման քվեարկությունն ընտրությունների ժամանակ կհամարվի անվավեր:
Եվ, իհարկե, այս ընտրությունների ամենազվարճալի հատվածը չէր կարող դուրս մնալ մեր ուշադրությունից: Հայկական շոու-բիզնեսի ծագող աստղ, հայկական քաղաքականության զվարճանք, ՀՀՇ-ից ձայն փախցնող բարեկամ, գործնականում՝ կարդիոլոգ եւ տեսաբան, մարքսիստ Դավիթ Հակոբյանն իրոք պետք էր մեր քաղաքական դաշտին: Թեկուզ միայն այն պատճառով, որ այդ ամենը բոլորին ծիծաղ է պարգեւում: Իսկ, ինչպես գիտեք՝ ծիծաղելը լավատեսի ամենաբնորոշ հատկանիշներից մեկն է: Եվ իմ լավատեսությունն ինձ հուշում է, որ ավելի լավ է՝ Դավիթ Հակոբյանը մեզ ուրախացնի, քան՝ Արտաշես Գեղամյանը լացացնի: Միեւնույն է, երկու դեպքում էլ ֆարս է: Իսկ նման պարագայում ես նախընտրում եմ ծիծաղել: Գոնե մինչեւ գա լրջանալու պահը (ՀՀՇ-ն թող չոգեւորվի, որովհետեւ, միեւնույն է, Լեւոն Տեր-Պետրոսյանը հետ եկողը չէ):