Ռուսական պահանջատիրություն

20/04/2007 Արա ԳԱԼՈՅԱՆ

Վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերությունները բավական կայուն են: Իշխանությունների մակարդակով մի գլուխ խոսվում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության մասին: Դարավոր բարեկամությունից «օգտվելով»՝ ՀՀ շատ քաղաքացիներ (պաշտոնական վիճակագրական տվյալներ չկան) սեզոնային կամ ավելի երկարատեւ ժամանակով աշխատում են Ռուսաստանում: Հովվերգական այս պատկերը պարբերաբար խախտվում է: Մեկ-մեկ հայերը Ռուսաստանում ռաբիս միջոցառումներ են կազմակերպում: Այդ գավառական միջոցառումների արանքում Ռուսաստանում սպանված հերթական հայի դիակն են սուսիկ-փուսիկ պատմական հայրենիք տեղափոխում: Հետո իշխանությունները երկուստեք հայտարարում են, որ արտառոց ոչինչ չկա, որ Ռուսաստանում հակահայկական հիստերիա չկա: Բայց անգամ իշխանությունների մակարդակով պարբերաբար նշվում է, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունները գոհացուցիչ չեն: Իշխանությունների հետ այս հարցում չհամաձայնելն իսկապես դժվար է: 2000թ. Ռուսաստանը բավական կոշտ տնտեսական քաղաքականություն էր վարում Հայաստանի հանդեպ: Այդ ժամանակ մեր երկրի պարտքը ՌԴ-ին կազմում էր մոտ 98 մլն դոլար: Կամ մեր իշխանությունների վարած կոմպլեմենտար քաղաքականության, կամ ՌԴ ղեկավարության նոր քաղաքական կուրսի պատճառով հարաբերությունները դարձան խիստ պրագմատիկ: Մինչ այդ ՀՀ-ն հասցրել էր մոտ 1մլրդ դոլար արտաքին պարտք կուտակել: Իշխանություններին հաջողվում էր մարել կամ պարբերաբար վերակառուցել այդ պարտքերը: Վարկեր տրամադրող երկրներն ու միջազգային ֆինանսական կազմակերպությունները պարբերաբար ընդառաջում էին` հետաձգում պարտքի մարման ժամկետները: Առայսօր ՀՀ-ն բարեխիղճ գործընկերոջ համբավ ունի եւ մարում է արտաքին պարտքերը: Ռուսական պարտքերի պատմությունն այլ էր: ՌԴ կոշտ դիրքորոշման պատճառով 2002թ. հուլիսին կնքվեց միջպետական պայմանագիր, որը «Գույք՝ պարտքի դիմաց» անունը ստացավ: Այս թեմային անդրադառնալ երեւի չարժեր, եթե այն պարբերաբար չչարաշահվեր ռուսաստանյան լրատվամիջոցներում: REGNUM ռուսական կայքում զետեղված «Ռուս-հայկական մի համաձայնագրի մասին, որը պարզվեց գործարք էր» հոդվածը ներկայացնում է «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը: Ռուսաստանյան տեսակետը բավական ինքնատիպ է: Պարզվում է` 2000թ. իշխանության գալով՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինը ուզում էր պահպանել երկու դաշնակիցների դարավոր հարաբերությունները: Բայց ՀՀ ղեկավարությանը հաջողվեց խաբել նրան: Հոդվածին կից տպագրված է 2001-ին ՌԴ փոխվարչապետ Ի. Կլեբանովի ծառայողական նամակը ՌԴ կառավարության նախագահ Մ. Կասյանովին: Նամակն անստորագիր է: Դրա վավերականության հարցը պարզելը մեր խնդիրը չէ: Մյուս կողմից՝ պետք է ընդունել, որ այն հետաքրքիր բովանդակություն ունի: Հատկապես, որ նամակում արծարծված շատ հարցեր իրենց լուծումն արդեն ստացել են: Նամակում նշվում է. «Էլեկտրաէներգիայի ոլորտը հայկական տնտեսության միակ ճյուղն է, որը միաժամանակյա մեծածավալ ներդրումների ծախս չի պահանջում եւ ունի արտահանման մեծ պոտենցիալ»: Հետեւաբար՝ այն հետաքրքրություն է ներկայացնում: Նամակի այս հատվածում մի դիտարկում կա, ըստ որի՝ ՀՀ ղեկավարությունը հակված է այդ ոլորտում ռուս-հայկական համատեղ ձեռնարկություն (ՀՁ) ստեղծել, որովհետեւ այդ պահին մեր ատոմակայանը նոր վառելիքի կարիք ուներ: Ըստ նամակի՝ ՀՁ ստեղծելու հարցում մեր ղեկավարության «պատրաստակամությունը կթուլանա» ատոմակայանի վառելիքի խնդիրը լուծելուց հետո: Հետեւաբար՝ փոխվարչապետը խորհուրդ է տալիս արագ համաձայնագիր կնքել: Հայտնի է, որ դեպքերն այլ ընթացք ստացան: Համատեղ ձեռնարկություն չստեղծվեց: Ավելին` մեր էլեկտրաէներգահամակարգի էական մի մասը պարտքի դիմաց տրվեց Ռուսաստանին: Դատելով հոդվածից՝ ռուսական կողմին սա չի գոհացնում: Ռուսաստանը 98 մլն-ի դիմաց փորձում էր ստանալ քիչ թե շատ արժեքավոր ամեն ինչ: Այն, որ էներգահամակարգի ու մի քանի ձեռնարկությունների ձեռքբերումով ռուսական կողմը չի բավարարվել, պարզ դարձավ դեռ միջպետական համաձայնագրից հետո: Ռուսաստանում վերահաշվարկ էին արել ու մի տարուց հետո ասել, որ Հայաստանը դեռ մի պուճուր պարտք էլ ունի: 2005թ. հոկտեմբերին Հայաստանը մուծեց վերջին 3 մլն դոլարը, եւ վերջապես ՌԴ-ն «տվեց հաստատում առ այն, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված պետական վարկերն ամբողջությամբ մարվել են, եւ վճարման ենթակա գումարներ չկան»: Բայց դրանից հետո Ռուսաստանում զայրացած են, որ նրանց բաժին չհասան Որոտանի կասկադը եւ Քաջարանի լեռնահարստացուցիչ կոմբինատը: Այսինքն` այն ձեռնարկությունները, որոնք հնարավոր է շահագործել առանց լուրջ ֆինանսական ներդրումների: Հայտնի է, որ «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով զիջված ոչ մի ձեռնարկություն առ այսօր չի աշխատում: Ռուսաստանյան սեփականատերերն առայժմ մտադիր չեն շահագործել դրանք: Սրանից կարելի է պարզ հետեւություն անել, որ մեր երկրի հետ ունեցած հարաբերություններում տնտեսական շահը Ռուսաստանի համար գերակա չէ: Ռուսական բոլոր քայլերն իրենց հիմքում քաղաքական պատճառներ ունեն: Այն հրաշալի ձեւակերպված էր ֆորպոստի մասին հայտնի հայտարարության մեջ: Ու այս ամենից հետո երկու երկրների իշխանությունները հանգիստ խոսում են այն մասին, որ Ռուսաստանում հակահայկական քարոզչություն չկա: Երեւի այսպես կարելի է խոսել ֆորպոստի մասին ու բողոքել, որ հայերը խաբելով՝ չտվեցին իրենց ատոմակայանը: Ինչպես նաեւ` մի քանի արժեքավոր այլ ձեռնարկություններ: Փոխարենը՝ 98 մլն-ի դիմաց տվեցին երեք գիտահետազոտական ինստիտուտ, երկու գործարան, ՋԷԿ: «60-ականներին կառուցված ՋԷԿ»,- կարծում են Ռուսաստանում, մոռանալով, որ այդ նույն ՋԷԿ-ն Իրանն ավելի բարձր գնով էր պատրաստվում գնել, եւ, որ այդ գործարքը չկայացավ հենց ռուսաստանյան ջանքերով: Կլեբանովն իր նամակում հնարավոր հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների մասին գրում է, որ եթե դրանք չաշխատեն, ապա այդ փաստը «կշահարկեն հայաստանյան ղեկավարության արեւմտամետ շրջանակները»: Ինչ լավ է, որ Ռուսաստանում դեռ կարծում են, թե այդպիսիք կան: